Ընտանեկան բռնության մասին օրենքի նախագիծ

«Ընտանեկան բռնությունը ընտանիքի անդամների միջեւ ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բռնության կիրառումն է»:

Թվարկվող բռնության տեսակներից հանրության համար առավել հասկանալին ֆիզիկականն է, որը հիմնականում նույնացվում է ծեծի հետ, իսկ սեռական, հոգեբանական եւ տնտեսական բռնության տեսակները դեռ չեն արմատավորված մեր գիտակցության մեջ:

Այսպես, «հոգեբանական բռնությունը ընտանիքի մեկ անդամի կողմից մյուսին դիտավորությամբ հոգեկան տառապանք պատճառելն է կամ հոգեբանական հարկադրանքի, այդ թվում սպառնալիքների եւ հետապնդումների ենթարկելն է»:

Օրինակ, եթե ավագ եղբայրը կրստես եղբորը կամ քրոջը փորձում է արգելել շփվել ընկերների հետ` նրան սպառնալով, վախեցնելով, տնային կալանքի տակ պահելով, դա հոգեբանական բռնություն է: Կամ երբ ամուսինը կնոջն արգելում է կապ պահպանել ծնողների հետ, հաճախակի զանգել նրանց` սպառնալով, թե կամուսնալուծվի, դա եւս հոգեբանական բռնություն է:

Սեռական բռնությունը ընտանիքի ներսում եւս դժվար ընկալելի է հասարակության կողմից: Սակայն սեռական բռնություն հաճախ է լինում հենց ամուսնական զույգերի միջեւ:

Օրենքի նախագիծը սահմանում է. «Սեռական բռնությունը ընտանիքի մեկ անդամի կողմից մյուս անդամի կամքին հակառակ, վերջինիս հանդեպ բռնություն գործադրելով, նրա հետ սեռական հարաբերություն ունենալն է կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելն է»:

Ավելի պարզ լեզվով` եթե ամուսիններից որեւէ մեկը չի ցանկանում սեռական հարաբերություն ունենալ եւ նրա կողակիցը ստիպում է նրան, դա համարվում է սեռական բռնություն:

«Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքը ուժի մեջ մտնելու դեպքում կպաշտպանի նաեւ քաղաքացիների գույքային եւ ֆինանսական միջոցներ տնօրինելու իրավունքը:

Ըստ նախագծի` «տնտեսական բռնություն է համարվում «ընտանիքի մեկ անդամի կողմից մյուսի գույքը դիտավորությամբ վերցնելը, ոչնչնացնելը, վնասելը, յուրացնելը, թաքցնելը»:

Օրենքի նախագիծը նախատեսում է ընտանեկան բռնության կանխարգելման հատուկ միջոցներ, մասնավորապես`

  1.  Պաշտոնեական նախազգուշացումը
  2.  Արտակարգ միջամտության որոշումը
  3. Պաշտպանական որոշումը

Պաշտոնեական նախազգուշացումն արվում է ոստիկանության կողմից: Ոստիկանության աշխատակիցը մեկ անգամ բռնություն կիրառած քաղաքացուն տալիս է գրավոր պաշտոնեական նախազգուշացում նրա գործողությունների անթույլատրելիության մասին: Հենց սա է բռնության կանխարգելման մեխանիզմը:

Երբ բռնարարը հասկանում է, որ իր գործողությունները կարող են դատապարտելի լինել օրենքով, որ ինքը գտնվում է ոստիկանության ուշադրության կենտրոնում, խուսափում է բռնություն կիրառելուց: Իհարկե, չի բացառվում, որ պաշտոնեական նախազգուշացումը չսզպի, նույնիսկ էլ ավելի գրգռի հանցագործության հակված անձնավորությանը: Նման դեպքերում հաջորդում են օրենքով նախատեսված մյուս գործողությունները, մասնավորապես արտակարգ միջամտության որոշումը:

Արտակարգ միջամտության որոշումը կայացվում է այն դեպքում, երբ ոստիկանության աշխատակցի գնահատմամբ բռնարարի վարքագիծը սպառնում է զոհի կամ նրա հարազատների կյանքին, ազատությանը, անձեռնմխելիությանը: Արտակարգ միջամտության ժամանակ բռնարարին առավելագույն 72 ժամով զրկում են ընտանեկան բռնության ենթարկված զոհի հետ որեւէ տեսակի հաղորդակցությունից` անմիջական շփում, հեռախոսային կամ նամակագրական կապ: Ավելին, բռնարարին արգելվում է 100 մետրից ավելի մոտենալ ընտանեկան բռնության զոհին:Այս գործառույթի շնորհիվ ոստիկանությանը լիազորություն կտրվի բռնարարին զերծ պահել հանցավոր գործողություններից եւ պաշտպանել նրա ընտանիքի անդամների իրավունքները:

Պաշտպանական որոշումը տրվում է այն ժմանակ, եթե մինչեւ 72 ժամ վերահսկողությունը բավարար չէ բռնարարին հանցավոր գործողություններից զերծ պահելու համար, եւ ոստիկանությունը հանգում է այն եզրակացության, որ տվյալ անձի նկատմամբ կիրառվող անհրաժեշտ սահմանափակումները պետք է կրեն ավելի տեւական բնույթ: Այս ժամանակ արտակարգ միջամտության որոշման պատճենը ներկայացնում է դատարան, եւ դատարանը 24 ժամվա ընթացքում որոշում է կայացնում առավելագույնը 6 ամիս ժամկետով արգելել բռնարարին մինչեւ 100 մետր հեռավորության վրա մոտենալ բռնության զոհին:

Ի դեպ, ընտանեկան բռնության կանխարգելման թվարկված հատուկ միջոցների դիմելու դեպքում ՀՀ ոստիկանությունը ընտանեկան բռնություն կատարած անձին վերցնում է պրոֆիլակտիկ հաշվառման: Սա եւս բռնությունը կանխարգելելու միջոց է: Երբ անձը ստացել է գրավոր նախազգուշացում եւ տեղեկացված է, որ վերցված է հաշվառման, գիտակցում է, որ հաջորդ անգամ իր նկատմամբ կարող են կիրառվել ավելի խիստ միջոցներ:

Հիշեցնենք, որ Հայաստանը դեռ տասնյակ տարիներ առաջ միացել է «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» կոնվենցիային եւ մի շարք այլ փաստաթղթերի, որոնց հիման վրա միջազգային կազմակերպությունները, օրինակ ՄԱԿ-ի Կանանց նկատմամբխտրականության վերացման կոմիտեն,  պարբերաբար ՀՀ-ին կոչ են անում իրականանցնելստանձնած պարտավորությունները՝ ընդունելով ընտանեկան բռնության վերաբերյալ օրենքը եւանհրաժեշտ պաշտպանության միջոցներ, այդ թվում, ապաստարաններ տրամադրելով բռնությանզոհերին:

Արման Ղարիբյան
womennet.am

Կից ֆայլը

Ընտանեկան բռնության մասին օրենքի նախագիծ

Ներբեռնել PDF Ֆայլը

Copyright © 2024 | Coalition to Stop Violence against Women NGO | All Rights Reserved