Անդամ կառույցներ

Կոալիցիայի հիմնադիր անդամ կազմակերպություններ

2010 թ. հոկտեմբերի 1-ին դաժան ծեծի արդյունքում զոհվեց 20-ամյա Զարուհի Պետրոսյանը: Զարուհու դեպքը, անշուշտ, միակը չէր Հայաստանում, սակայն նախադեպային էր, քանի որ նպաստեց Հայաստանում ընտանեկան բռնության՝ որպես կանանց նկատմամբ սիստեմատիկ բռնության դրսևորման բարձրաձայնմանը, ԶԼՄ-ների կողմից մեր հասարակությունում թաքնված ընտանեկան բռնության դեպքերի վերծանմանն ու լուսաբանմանը, քաղաքացիների կողմից այդ երեւույթի մասին իրազեկվածության բարձրացմանը:

Դեպքից հետո, այս հարցով մտահոգ 7 կազմակերպություն միավորվեցին, և համատեղ ջանքերով ու կամավորական հիմունքներով ստեղծեցին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան», որի պահանջներն էին՝ արդար դատավարություն և նման դեպքերի կանխում, ընտանեկան բռնությունը կանխարգելող օրենսդրության ընդունում:

Անդամ կառույցներ

«Կոալիցիայի անդամ են համարվում այն կառույցները, որոնք ընդունում և կիսում են իր արժեքները և նպատակները, ինչպես նաև պարբերաբար դիտարկում է համակիր կազմակերպությունների և անձանց հետ համագործակցության ընդլայնման հարցը։

Կոալիցիան հիմնադրել են 7 անդամ կառույցները, այնուհետև պայքարին միացել են նաև մյուս անդամ կազմակերպությունները։

Հիմնադիր անդամներ՝

ԿԱՆԱՆՑ ԱՋԱԿՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Կանանց աջակցման կենտրոնը 24/7 գրաֆիկով տրամադրում է սոցիալական ծառայություններ, հոգեբանական խորհրդատվություն, 2 ապահով տուն, իրավաբանական օգնություն, կյանքի եւ ծնողական հմտությունների կրթություն եւ տնտեսական հզորացման հաջողված ծրագիր՝ ընտանեկան բռնություն վերապրածների համար։ Կենտրոնը պաշտպանում է կանանց իրավունքները եւ համախմբում համայնքները՝ փոխելու անհատական գիտելիքներն ու վերաբերմունքը կանանց նկատմամբ բռնության վերաբերյալ։ Աշխատում է ինստիտուցիոնալ մակարդակում՝ ստեղծելով համայնքահեն պաշտպանության եւ հաշվետվողականության համակարգեր, բարձրացնելով որոշում կայացնողների կարողությունները եւ աջակցում է բազմաոլորտ քաղաքականությունների, գործողությունների ծրագրերի եւ օրենսդրության իրականացմանը:

ԿԱՆԱՆՑ ՌԵՍՈՒՐՍԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

Կանանց ռեսուրսային կենտրոնը հիմնադրվել է 2003թ.-ին եւ գործում է ՀՀ տարածքում: Այն ֆեմինիստական իրավապաշտպան կազմակերպություն է, որի տեսլականն է հայաստանյան հասարակությունում կանանց հավասար և ինքնորոշ կարգավիճակի հաստատումը, հայրիշխանական հասարակարգի կողմից կնոջ նկատմամբ կիրառվող բռնաճնշումների եւ սահմանափակումների վերացումը: ԿՌԿ-ն իր գործունեությամբ ձգտում է հասարակության մեջ վարքային եւ նորմատիվային փոփոխության՝ ներազդելով պետական քաղաքականության, սոցիալ-մշակութային եւ օրենսդրական դաշտերի վրա Կանանց ռեսուրսային կենտրոնը գործում է 3 հիմնական թեմատիկ ուղղություններով` Ֆեմինիստական ապահով տարածք եւ կանանց ու աղջիկների զորեղացում, Սեռական եւ վերարտադրողական առողջություն և իրավունք, Կանանց իրավունքների ջատագովություն:

ՍԵՌԱԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնը աջակցում է սեռական բռնության եւ ոտնձգության ենթարկված բոլոր անձանց՝ անկախ տարիքից, սեռից, գենդերային ինքնությունից, ազգային և այլ պատկանելությունից: Տրամադրում է անվճար սոցիալական, հոգեբանական, իրավաբանական, փաստաբանական խորհրդատվություն, ապահովում է դատական ներկայացուցչություն: Իրականացնում է շահերի պաշտպանություն ՀՀ-ում սեռական բռնության, ոտնձգության հիմնախնդիրների հաղթահարման պետական քաղաքականության եւ ուղղորդման մեխանիզմների ձևավորման ու օրենսդրական բացերի լրացման շուրջ: Զբաղվում է ՀՀ ամբողջ տարածքում սեռական բռնության եւ ոտնձգության հիմնախնդիրների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմամբ պետական և ոչ պետական կառույցների տարբեր մասնագետների շրջանում, ինչպես նաև հասարակության ավելի լայն շրջանակներում, ինչպիսիք են ուսանողները, դեռահասները, ծնողները, տարբեր կարգավիճակներ ունեցող անձինք և այլն:

ԿԱՆԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՏՈՒՆ

«Կանանց իրավունքների տուն» կազմակերպությունն աջակցում է աղջիկներին, կանանց և իրենց երեխաներին՝ տրամադրելով անվճար իրավաբանական, հոգեբանական եւ սոցիալական խորհրդատվություններ, նաև ապահով կացարանի, սննդի ու հիգիենայի պարագաների գնման, միայն բռնության հետևանքով առաջացած խիստ հրատապ առողջական խնդիրների ու այլ կարիքների բավարարման համար ֆինանսական աջակցություն։ Կազմակերպությունը նաև նպաստում է կանանց և աղջիկների տնտեսական զորեղացմանը՝ նոր մասնագիտությունների ձեռքբերման ու բիզնես ստարտափերի ֆինանսավորման միջոցով՝ նպաստելով վերջիններիս ձեռնարկատիրության եւ կրթական ոլորտներում ներգրավվածության բարձրացմանը, աշխատաշուկայում մրցունակության բարձրացմանը, ֆինանսական կայունության ձեռքբերմանը: Կազմակերպությունը խթանում է կանանց եւ աղջիկների ներգրավվածությունը քաղաքական մասնակցության ու որոշումների կայացման գործընթացներում՝ տրամադրելով համայնքային զարգացմանն ուղղված ենթադրամաշնորհներ։

«ՓԻՆՔ» ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ

«Փինք» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2007թվականին։ Կազմակերպությունն իր շահառուներին և հասարակությանն ավելի հայտնի է՝ որպես «Փինք Արմենիա»։ Փինքը ԼԳԲՏ + (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր և այլ ինքնությունների անձանց) համայնքահեն կազմակերպություն է, ինչը նշանակում է, որ կազմակերպությունը ստեղծվել է ԼԳԲՏ+ համայնքի ներկայացուցիչների կողմից, ծառայում և աջակցում է համայնքի կարիքներին, ինչպես նաև խթանում է ԼԳԲՏ+ անձանց մարդու իրավունքների պաշտպանության գործընթացը ու ջատագովում ԼԳԲՏ+ հարցերի շուրջ հանրային քաղաքականության փոփոխությանը։

ԻՐԱՎՈՒՆՔԻ ՈՒԺ

«Իրավունքի ուժ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության առաքելությունն է աջակցել անհատներին, զարգացնել նրանց կարողությունները, նպաստել նրանց իրավագիտակցության բարձրացմանը՝ օգնելով իրենց իրավունքները և շահերը պաշտպանել: Հկ-ն հիմնադրվել է 2016 թվականին։ ՀԿ-ն մշտադիտարկում է կանանց նկատմամբ բռնության գործերով դատական նիստերը, նպաստում է կանանց իրավունքների վերաբերյալ հանրային իրազեկվածությանը, ինչպես նաև աջակցում է պետական մարմիններին իրականացնել օրենսդրական բարեփոխումներ։

ԻՐԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ, ԻՐԱԿԱՆ ՄԱՐԴԻԿ

«Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» սոցիալական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2003 թվականին՝ մի խումբ բժիշկների եւ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց կողմից՝ ՄԻԱՎ-ով ապրող անձանց կյանքի որակը բարելավելու նպատակով։ Կազմակերպությունը ժամանակի ընթացքում ընդլայնել է գործունեության ոլորտները եւ այժմ նպաստում է ՄԻԱՎ-ով ապրող անձանց, պալիատիվ բժշկական օգնության կարիք ունեցող անձանց, թմրամիջոցներ օգտագործողների, բնակչության խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությանը՝ ապահովելով առանց խտրականության, արժանապատիվ ապրելու, սոցիալ-հոգեբանական ու բժշկական ծառայություններից օգտվելու նրանց իրավունքը։ Կազմակերպության նպատակներն են․ Նպաստել խոցելի խմբերին տրամադրվող առողջապահական ծառայությունների հասանելիության եւ որակի բարելավմանը Նպաստել խոցելի խմբերի՝ մարդու իրավունքների պաշտպանության ապահովմանը եւ սոցիալական միջավայրի բարելավմանը Նպաստել խոցելի խմբերի անձանց ներուժի զորեղացմանն ու որոշումների կայացման գործընթացում ազդեցության բարձրացմանը։

«ԱԳԱԹ» ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԿԱՆԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ն հիմնադրվել է 2007 թվականին Գյումրի քաղաքում հաշմանդամություն ունեցող կնոջ՝ Կարինե Գրիգորյանի կողմից: Կազմակերպությունը մի կողմից հզորացնում է հաշմանդամություն ունեցող կանանց եւ աղջիկներին՝ նրանց ձայնը հասցնելով որոշում կայացնողներին, մյուս կողմից ակտիվորեն շահերի պաշտպանության գործողությունների միջոցով նպաստում է երկրում հաշմանդամության եւ գենդերային տեսանկյունից ներառական ու իրավունքահեն օրենսդրության, քաղաքականությունների եւ ծրագրերի ընդունմանը, կիրառմանը։ «Ագաթ» ՀԿ-ն առաջիններից մեկն էր, որ բարձրաձայնեց հաշմանդամություն ունեցող կանանց լիարժեք կյանքով ապրելու, մայրանալու իրավունքի մասին: Այդ նպատակով իրականացվել են մի շարք ծրագրեր, որոնց նպատակն է եղել նպաստել հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների վերարտադրողական առողջության իրավունքների իրացմանը:

ՍՊԻՏԱԿԻ ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ԽՈՒՄԲ

«Սպիտակի հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ կազմակերպությունը հիմնադրվել է 2010 թվականին։ Մեր առաքելություն է ՀՀ կանանց, երեխաների եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց կյանքի որակի բարելավումը՝ իրավունքների պաշտպանության, հոգեբանական կայուն ներդաշնակության, սոցիալ-տնտեսական հզորացման միջոցով։ Մեր սկզբունքներն են օրինականությունը, արդարամտությունը, հավասարությունը, բարեխղճությունը, անկողմնակալությունը, հաշվետվողականությունը ու թափանցիկությունը։ Կազմակերպության արժեքներն են որակյալ ծառայությունների մատուցումը, համագործակցությունը և փոխվստահությունը։ Ռազմավարական ուղղություններն են․ Իրավաբանական, հոգեբանական, սոցիալական աջակցության ծառայությունների անվճար տրամադրում կանանց եւ երեխաններին, Կանանց իրավագիտակցության մակարդակի բարձրացում դասընթացների, սեմինարների և հանրային միջոցառումների միջոցով, Կանանց տնտեսական հզորացում, որի համար ստեղծել ենք «ՍՊԻՏԱԿ ՄԱՆՈՒՇԱԿ» բնական բուսական յուղերի սոցիալական ձեռնարկատիրությունը։

ԿԱՆԱՆՑ ԿԵՆՏՐՈՆ․ ՇՈՒՇԻ

«Կանանց կենտրոն.Շուշի» Հկ-ն հիմնադրվել է 2019 թվականին և գործել է Արցախում։ 2023 թվականից այն գործում է Հայաստանում։ «Կանանց կենտրոն. Շուշի»-ն աջակցում է բռնությունից և պատերազմից տուժած կանանց և աղջիկներին՝ մարդու իրավունքների, գենդերային հավասարության և խաղաղության ամրապնդման ոլորտում՝ կրթական կարողությունների զարգացման միջոցով։ Հկ-ն աջակցութություն է տրամադրում նաև հոգեբանական աջակցության և էմոցիոնալ հզորացման հարցերում՝ կանանց մոտ վստահություն ու ինքնավստահություն ձևավորելու համար, որ կանայք լինեն հասարակության լիարժեք անդամ:

Դառնալ անդամ

Կոալիցիան հանդես է գալիս որպես ներառական կառույց, որը շահերի պաշտպանություն և ինստիտուցիոնալ աջակցություն է տրամադրում գաղափարակից և անդամ կազմակերպություններին ու կառույցներին:

Լրացրե՛ք ստորև նշված դաշտերը և մենք հնարավորինս արագ կարձագանքենք

    Copyright © 2024 | Coalition to Stop Violence against Women NGO | All Rights Reserved