Տեխնիկական առաջադրանք
Դատական մշտադիտարկման զեկույցի մշակում՝ հիմնվելով Երևանի և 7 մարզերի ընդհանուր իրավասության դատարաններում մոտ 100 ընտանեկան բռնության դատական նիստերի ուսումնասիրության վրա։
Ընդհանուր տեղեկություններ
Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան ցանց է: Այն բաղկացած է 10 ՔՀԿ-ներից, որոնք միավորվել են՝ համատեղ վերացնելու գենդերային հիմքով բռնությունը կանանց և աղջիկների նկատմամբ: Անդամ կազմակերպությունները գործում են Երևանում, Գյումրիում և Սպիտակում։ Աշխատանքի հիմնական ուղղությունները ներառում են գենդերային հավասարության և կանանց հզորացմանն ու գենդերային հիմքով բռնությունից կանանց և աղջիկների պաշտպանությունը: Անդամ կազմակերպություններից երկուսը` Կանանց աջակցության կենտրոնը՝ Երևանում, և Կանանց իրավունքների տունը՝ Գյումրիում, ընդգրկված են այն ՔՀԿ-ների ցանկում, որոնք պետական լիազորված աջակցության ծառայություններ են մատուցում ընտանեկան բռնություն վերապրածներին: Գյումրիում գործող «Ագաթ» կենտրոնը պաշտպանում է հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների իրավունքները։ «Փինք» ՀԿ-ը բազմամասնագիտական աջակցություն է տրամադրում ԼԳԲՏ անձանց: Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնը աջակցության ծառայություններ է մատուցում սեռական բռնություն վերապրած բոլոր անձանց, իսկ «Իրական Աշխարհը, Իրական Մարդիկ» ՀԿ-ն տրամադրում է աջակցության ծառայություններ և իրավունքների պաշտպանություն մարդկանց, ներառյալ ՄԻԱՎ-ով ապրող կանանց և աղջիկներին: Շուշիի կենտրոնն աջակցում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կանանց և աղջիկներին։
Իրավիճակի նկարագրություն
Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան և Իրավունքի ուժ ՀԿ-ն համատեղ իրականացրել են ընտանեկան բռնության գործերով դատական լսումների մշտադիտարկման նախագիծ՝ նպատակ ունենալով հավաքել և վերլուծել տվյալներ, որոնք կօգնեն առավել ամբողջական պատկերացում կազմել ընտանեկան բռնության գործերի դատական ընթացքների մասին։ Նախագիծը ներառել է ընտանեկան բռնության գործերի նախնական ուսումնասիրություն, քարտեզագրում և դատական գործերի լսումների բաշխվածության վերլուծություն՝ համակարգի բարելավումներ առաջարկելու նպատակով։
Նախագծի հիմնական նպատակն էր գնահատել դատական պրակտիկաները՝ վերլուծելու ընտանեկան բռնության գործերի արդար և արդյունավետ ընթացքը։ Մշտադիտարկման ընթացքում ուշադրություն էր դարձվում գործերի հասանելիությանը և դատական որոշումների որակին, ինչը մեծ նշանակություն ունի ընտանեկան բռնության դեպքերի կանխարգելման և լուծման հարցում։
Մշտադիտարկման ընթացքում իրականացվել են դատական գործերի առանձնացում, յուրաքանչյուր գործի լսումների քանակի և տեղակայման բաշխվածության կազմում։ Ստեղծվել է մեթոդաբանական հիմք, որը ապահովել է տվյալների հավաքման և վերլուծության ստույգ ընթացքը։ Հաշվետվություններն ամփոփվել են եռամսյակային ձևաչափով՝ ամբողջ տարվա ընթացքում հետևելով և ներկայացնելով կատարված աշխատանքները։
Հաշվետվությունների հիման վրա ստեղծվել է ամփոփիչ զեկույց, որը ներկայացնում է տարվա ընթացքում ստացված տվյալների ամբողջական վերլուծությունը։ Մշտադիտարկման արդյունքում հնարավոր է դարձել պարզել դատական համակարգի ուժեղ և թույլ կողմերը՝ աջակցելու ընտանեկան բռնության դեպքերի դատական գործընթացների արդյունավետության բարձրացմանը։
Նախագծի ավարտից հետո հնարավոր դարձավ ունենալ ամբողջական տվյալներ ընտանեկան բռնության դատական գործերի բնույթի, դրանց ընթացքի և լսումների վերաբերյալ։ Այս տվյալները հնարավորություն են տալիս հասկանալ, թե ինչպիսի բարելավումներ են պահանջվում դատական համակարգում՝ արդյունավետ և արդար պրակտիկաների ներդրման համար։
Ծառայության նպատակը
Մշտադիտարկումը նպատակ ունի խթանել դատական համակարգում ընտանեկան բռնության գործերով լսումների որակի բարձրացումը՝ կենտրոնանալով տվյալների վրա հիմնված վերլուծությունների վրա։ Հավաքված տվյալները կծառայեն որպես հիմք նախատեսվող զեկույցի մշակումն ամբողջացնելու համար և ապագա ծրագրերում ապահովել ընտանեկան բռնության դեպքերի հետևողական դիտարկում և արդյունավետ պաշտպանություն։ Մասնավորապես, այս առաջադրանքը ենթադրում է՝
1. Առկա մշտադիտարկման արդյունքների, հավաքագրված տվյալների համակարգում, մշակում և վերլուծություն
2. Ամփոփված վերլուծական արդյունքների հիման վրա մշտադիտարկման զեկույցի մշակում:
Աշխատանքի կատարման առաջարկվող մեթոդաբանությունը
2022-2024 թվականներին ընտանեկան բռնության գործերով կանանց համար արդարադատության մատչելիության վերաբերյալ դատական մշտադիտարկման մեթոդաբանությունը մշակվել և կիրառվել է՝ ուղղված դատական պրակտիկայում առկա խոչընդոտները բացահայտելուն և արդարադատության հասանելիությունը բարելավելուն։ Մշտադիտարկման աշխատանքները իրականացվել են նախապես մշակված սկզբունքներով և ժամանակացույցով՝ ապահովելով պրոֆեսիոնալ ու հետևողական մոտեցում։
Մշտադիտարկման սկզբում ընտրվել են ընտանեկան բռնության գործեր, որոնք ներկայացված են եղել բաց աղբյուրներում, ներառյալ Datalex համակարգը, հաշվի առնելով մայրաքաղաքում և մարզերում նիստերի համամասնությունը։ Հատուկ ուշադրություն է դարձվել նաև նախորդ տարում մշտադիտարկված նիստերին՝ ամբողջական դատական գործընթացը վերլուծելու նպատակով։
Դատական նիստերի հաճախման ժամանակ դիտորդները նախապես կապ են հաստատել դատարանի աշխատակազմի հետ՝ հաստատելու նիստերի անցկացումը և փաստագրելու հետաձգման պատճառները՝ նիստի չկայանալու դեպքում։ Յուրաքանչյուր նիստի ընթացքում դիտորդները մասնավորապես ուշադրություն են դարձրել դատարանի միջավայրին և կողմերի միջև հնարավոր հանդիպումներին նիստից առաջ և հետո։
Դիտորդները դատարան են ժամանել նիստից 15 րոպե առաջ՝ ֆիքսելու դատարանի շենքում տուժող և մեղադրյալ կողմերի, նրանց ազգականների կամ մտերիմների հնարավոր հանդիպումները։ Դատական դահլիճում դիտորդները մնացել են մինչև տուժողի հեռանալը՝ ապահովելով նրա անվտանգությունը դատական շենքից դուրս գալու ամբողջ ընթացքում։
Նիստերին մասնակցելու ընթացքում դիտորդներն առաջնորդվել են անկողմնակալության սկզբունքով՝ արձանագրելով բոլոր փաստերը առանց կողմնակալության և դատավարության մասնակիցների հետ կոնֆլիկտի մեջ մտնելու։ Այս սկզբունքներն ապահովել են տվյալների անկողմնակալ հավաքագրումը։
Մշտադիտարկման փաստերն արձանագրվել են նշումների և ձայնագրման միջոցով, որոնց տվյալները հետագայում մուտքագրվել են էլեկտրոնային փաստաթղթերում՝ հասանելիություն ապահովելով բոլոր դիտորդների և վերահսկողություն իրականացնող անձանց համար։
Յուրաքանչյուր ամիս կազմվել է նիստերի ժամանակացույց՝ հավասարաչափ բաշխելով դատական նիստերը, իսկ ընթացիկ նիստերը շարունակաբար դիտարկվել են ըստ նախապես հաստատված օրերի։ Վերջապես, Հավելված 1-ում ներկայացված հարցերի ցանկով են առաջնորդվել դատական նիստերի մշտադիտարկումն իրականացնելու ողջ ընթացքում:
Աշխատանքի շրջանակը և ծավալը
Ընտանեկան բռնության գործերով կանանց համար արդարադատության մատչելիության մշտադիտարկման աշխատանքների նպատակն է հավաքագրված տվյալների մանրակրկիտ վերլուծության և համակարգման միջոցով ներկայացնել դատական գործընթացների արդյունավետությունն ու արդարադատության հասանելիության մակարդակը։ Մշտադիտարկման տվյալները ստուգելու և վերլուծելու համար ընտրված մեթոդը ներառում է տվյալների սկզբնական վերլուծություն, որի արդյունքում առանձնացվում են հիմնական օրինաչափություններն ու անարդարության ռիսկերը։
Նախատեսվում է դատական նիստերի դիտարկումների հիման վրա ստացված տվյալների համակարգում և վերլուծություն՝ սահմանված ցուցանիշների և թիրախային հարցերի շուրջ։ Տվյալների վերլուծությունը կներառի հաճախականությունների հաշվարկ, վարքագծային դրսևորումների գնահատում և կողմնակալության բացահայտում՝ դատական միջավայրի արդարադատության որակական գնահատման համար։ Նպատակային վերլուծությունների հիման վրա կիրականացվի մանրամասն զեկույցի մշակում, որը կարտացոլի մշտադիտարկման ամբողջական արդյունքները։
Ակնկալվող արդյունքները
1. Տվյալների մշակման և վերլուծության արդյունք
▪️ Տվյալների համակարգում և վերլուծություն՝ հավաքագրված ընտանեկան բռնության գործերով դատական նիստերի վերաբերյալ։ Արդյունքում պետք է ստացվի վերլուծական զեկույց, որը կարտացոլի դատական համակարգում ընտանեկան բռնության գործերի ընթացքի հիմնական օրինաչափությունները, վերլուծված տվյալներն ու դրանց մեկնաբանությունը՝ հիմնված ճշգրիտ վիճակագրության և տվյալների ստուգման վրա։
2. Մշտադիտարկման ամփոփիչ զեկույցի մշակում
▪️ Զեկույցը պետք է մշակվի՝ ապահովելով “Հավելված 2. ԶԵԿՈՒՅՑՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ – ՍՏՈՒԳԱՑԱՆԿ”-ի ձևաչափային և խմբագրական բոլոր պահանջները, այդ թվում՝ բրենդինգի սկզբունքները և բաժինների ներառման ստանդարտները (հապավումներ, ամփոփագիր, ներածություն, մեթոդաբանություն, արդյունքների վերլուծություն, եզրակացություններ, առաջարկություններ)։
▪️ Զեկույցում պետք է ընդգրկված լինի մեկ միասնական ձևաչափով կազմված ծանոթագրությունների և գրականության ցանկը՝ օգտագործելով APA ոճը, օրենսդրական աղբյուրներին հղումներ՝ ըստ անհրաժեշտության ներկայացնելով որպես տողատակ։
Այս երկու արդյունքները կարևոր են տվյալների վերլուծության և մշտադիտարկման արդյունքների համապարփակ ներկայացման համար, ինչի հիման վրա կտրվեն առաջարկություններ՝ ընտանեկան բռնության գործերով դատական գործընթացների արդարադատության մակարդակը բարելավելու համար։
Պահանջվող որակավորում
Խորհրդատուին կամ թիմին ներկայացվող որակավորման պահանջներ
1. Մասնագիտական որակավորում
▪️ Իրավաբանական բարձրագույն կրթություն, մասնագիտացում քրեական կամ ընտանեկան իրավունքի ոլորտներում։
▪️ Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ ընտանեկան բռնության գործերով դատական գործընթացների պաշտպանության և ներկայացուցչության ոլորտում։
2. Վերապատրաստումներ և վերաբերելի աշխատանքներ
▪️ Մասնակցություն ընտանեկան բռնության, կանանց իրավունքների պաշտպանության և դատական մշտադիտարկման վերաբերյալ վերապատրաստումների, սեմինարների կամ դասընթացների։
▪️ Նախկինում իրականացրած մշտադիտարկման կամ տվյալների հավաքագրման նախագծեր ընտանեկան բռնության կամ հարակից իրավական ոլորտներում։
3. Ակնկալվող հմտություններ
▪️ Անաչառ և օբյեկտիվ տվյալների վերլուծության և զեկույցների պատրաստման հմտություն՝ համապատասխան ձևաչափերին և պահանջներին համահունչ։
▪️ Հմտություն տվյալների համակարգման և վերլուծության ծրագրերում (օրինակ՝ Excel) աշխատելու համար։
▪️ Վերլուծական աշխատանքներ իրականացնելու և զեկույցներ գրելու հմտություններ:
▪️ Գերազանց հաղորդակցման հմտություններ՝ դատական և իրավական տերմինաբանությունը մասնագիտական ձևաչափերով ճիշտ կիրառելու համար։
4. Ընդհանուր որակներ
▪️ Հայերեն լեզվի գերազանց իմացություն՝ գրավոր և բանավոր։
▪️ Հաշվետվությունների մշակման և ձևաչափման “Հավելված 2. ԶԵԿՈՒՅՑՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ – ՍՏՈՒԳԱՑԱՆԿ” պահանջներին հետևելու հմտություն։
▪️ Թիմում աշխատելու կարողություն՝ ապահովելով հաղորդակցվելու արդյունավետություն և աշխատանքների համապարփակ վերահսկողություն։
Վճարման ժամկետներ
Վճարումը կիրականացվի աշխատանքների ամբողջական ավարտից և վերջնական զեկույցի ներկայացումից հետո՝ ապահովելով սահմանված որակական և ձևաչափային պահանջները, որոնք ամրագրված են “Հավելված 1. ԶԵԿՈՒՅՑՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ – ՍՏՈՒԳԱՑԱՆԿ”-ում։ Աշխատանքների առավելագույն ժամկետը սահմանվում է երեք ամիս՝ տվյալների հավաքագրման, վերլուծության և զեկույցի վերջնական մշակման համար։
Վճարման Պայմաններ
- Վերջնաժամկետ՝ պայմանագրի կնքման պահից սկսած երեք ամիս
- Վճարման ձևաչափ՝ ամբողջական վճարում, որը կիրականացվի վերջնական զեկույցի ներկայացման և հաստատման արդյունքում
Տեխնիկական գնահատում
Անհատի/կազմակերպության ընտրությունը կիրականացվի հետևյալ չափորոշիչների հիման վրա՝
- պահանջվող որակավորում և փորձ (40%),
- կատարած աշխատանքների և կազմակերպությունների ցանկը, որոնց համար թեկնածուն/կազմակերպությունը կատարել է նմանատիպ առաջադրանքներ (20%),
- ծառայության արժեք (40%):
Դիմելու ընթացակարգը՝
Հետաքրքրված անհատները/կազմակերպությունները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- Հետաքրքրության նամակ՝ ընդգծելով համապատասխան փորձառությունը
- Ինքնակենսագրական / կազմակերպությունների դեպքում՝ պորտֆոլիո, որը կներառի առաջարկվող թիմի անդամների ինքնակենսագրականները
- Ծառայության արժեք / բյուջե
- Նմանատիպ ուսումնասիրությունների մեթոդաբանության և զեկույցի նմուշ /որն իրականացվել է վերջին 3 տարվա ընթացքում/
- Կազմակերպությունների ցանկը, որոնց համար թեկնածուն/կազմակերպությունը կատարել է նմանատիպ առաջադրանքներ
- Երկու երաշխավորագիր:
Խնդրում ենք վերը նշված փաստաթղթերը ուղարկել անգլերենով կամ հայերենով էլեկտրոնային փոստով [email protected]; CC: [email protected] հասցեին։
Հավելված 1՝ Դատական մշտադիտարկման ընթացքում կիրառվող հարցերի ցանկը
1. Նիստի ամսաթիվը, դատարանի անվանումը, նստավայրը, նախագահող դատավորը։
2. Նիստի նշանակման, մեկնարկի և ավարտի ժամերը։
3. Ուշ մեկնարկի դեպքում՝ արդյո՞ք դատավորն անդրադառնում է ուշացման պատճառին։
4. Տուժողի և մեղադրյալի դերը և նրանց հնարավոր հանդիպման հանգամանքները նիստից առաջ։
5. Կողմերի փոխազդեցությունները ընդմիջումների ընթացքում և հետագա հանդիպումները նիստից հետո։
6. Տուժողի ներկայացուցիչը, նրա կարգավիճակը և աջակցման հիմքերը։
7. Մեղադրյալի խափանման միջոցը։
8. Կողմերից մեկի չներկայանալու դեպքում պատճառի մասին տեղեկացվածությունը։
9. Արդյոք դատական նիստի ընթացքում արձանագրվել են տուժողի հանդեպ վիրավորական կամ խտրական վերաբերմունքի դրսևորումներ։
10. Տուժողին հնարավորություն տալու հարցը՝ ներկայացնելու բռնության ամբողջական շղթան։
Հավելված 2. ԶԵԿՈՒՅՑՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ – ՍՏՈՒԳԱՑԱՆԿ
Տեքստի ընդհանուր ձևաչափ | |
Թղթի չափ | A4 |
Լուսանցք | Նորմալ |
Տառատեսակ | Tahoma, Arial, Verdana, Arial Armenian կամ Arial AMU (հայերենի դեպքում), Arial (անգլերենի կամ ռուսերենի դեպքում), գույնը՝ սև:
Պահանջը վերաբերելի է նաև տեքստում օգտագործվող բոլոր աղյուսակներին, գրաֆիկներին, բացառությամբ, եթե դրանք վերցվել են որևէ այլ աղբյուրից՝ որպես նկար: |
Տառաչափ 1 | 12-14 |
Տողամիջյան հեռավորություն | 1.15 |
Բառերի միջև հեռավորություն | Մեկ բացատ |
Պարբերությունների միջև հեռավորություն | Auto
Պարբերությունները տողի խորքից գրել հարկավոր չէ: |
Հավասարեցում | Ձախ և աջ կողմերից |
Վերնագրեր | Բաժինների վերնագրերից հիմնականները (Heading 1) պետք է լինեն մեծատառ և գունավոր՝ համահունչ կազմի գույնին: |
Էջակալում | Ներքևում` մեջտեղում |
Կետեր/համարակալում | Օգտագործել միայն մեկ տեսակի կետեր (bullet point) կամ համակարալում: Որևէ այլ ձևաչափը կարող է օգտագործվել միայն ենթակետերի պարագայում: |
Նյութի կառուցվածք | |
Կազմ | Ցանկալի է ավելացնել նկար |
Տիտղոսաթերթ | Հետևեք պաշտոնական կայքէջի հրապարակումների բաժնում տեղադրված օրինակներին՝ https://coalitionagainstviolence.am/publications/ |
Բովանդակության ցանկ | Պարտադիր բաժիններ
|
Ընդգծում | Առանձին մտքերի շեշտադրումների համար տեքստում օգտագործել միայն մեկ ձևաչափ (օրինակ՝ հոծ տառեր կամ շեղատառ կամ ընդգծում) |
Հղումներ | |
Տառատեսակ | Նույնը՝ ինչ ողջ տեքստում |
Տառաչափ | 9 |
Տողամիջյան հեռավորություն | 1 |
Բառերի միջև հեռավորություն | Նույնը՝ ինչ ողջ տեքստում |
Պարբերությունների միջև հեռավորություն | Վերաբերելի չէ |
Հավասարեցում | Միայն ձախ կողմից |
Ոճ | American Psychological Association (APA) ձևաչափ |
Օրենսդրության հղումներ | Եթե տեքստը օրենսդրության վերլուծություն չի, ցանկալի է որ օրենքներին հղումները լինեն տողատակում: |
Օգտագործված գրականության ցանկ | Բոլոր հղումների աղբյուրներն ամփոփ ներկայացնել վերջում՝ որպես Օգտագործված գրականության ցանկ |
1. Տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար նախատեսվող հրապարակումներում այս չափորոշիչը չի գործում: