Հայերեն

    «Անտեսված բռնություն․ Կնասպանությունը Հայաստանում» զեկույցում ներկայացված է Հայաստանում 2018-2021 թվականների կնասպանության դեպքերի վերլուծությունը: Սա երրորդ զեկույցն է, որ անդրադառնում է կնասպանության հիմնախնդրին Հայաստանում։ 2016 թվականին Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի ջանքերով մշակվեց Հայաստանում կնասպանության վերաբերյալ առաջին զեկույցը, որն անդրադարձավ 2010-2015 թվականներին կանանց սպանություններին ներկա կամ նախկին զուգընկերների կողմից: 2018 թվականի երկրորդ զեկույցն անդրադառնում էր 2016-2017 թվականների կնասպանության դեպքերին, մասնավորապես՝ գործերի դատավարությանը և արդարադատության հասանելիությանը, ինչպես նաև կնասպանություն երևույթի համակարգային և խոր արմատացած պատճառներին:

    Երրորդ զեկույցն անդրադառնում է 2018-2021 թվականների ընթացքում արձանագրված կնասպանության դեպքերին։ Զեկույցը բաղկացած է չորս հիմնական հատվածից: Առաջին մասում անդրադարձ է կատարվում զեկույցի մշակման մեթոդական և մեթոդաբանական հիմքերին, մասնավորապես՝ հետազոտության նպատակին, խնդիրներին և տեղեկատվության հիմնական աղբյուրներին: Երկրորդ հատվածում դիտարկվում են կնասպանություն երևույթի հայեցակարգային խնդիրները և ընդգրկման տիրույթը: Զեկույցի երրորդ հատվածում ներկայացվում են 2018-2021 թվականների ընթացքում ՀՀ-ում արձանագրված և հասանելի կնասպանության դեպքերը։ Դրանց վերլուծության միջոցով բարձրաձայնվում են այն կանանց պատմությունները, որոնց զրկել են կյանքից ուժի և իշխանության անհավասարության, արմատացած կարծրատիպերի և համընդհանուր թողտվության պատճառով: Չորրորդ հատվածում ներկայացվում են լրատվամիջոցներով հրապարակված կնասպանության դեպքերը, որոնք հավաքագրել է Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան։ Զեկույցն ամփոփվում է առաջարկներով, որոնք կօգնեն քաղաքականություն մշակողներին և լայն հանրությանն առավել հասցեական և թիրախային քայլերի միջոցով ազդեցություն ունենալ կնասպանության պատճառների վրա: