Հայերեն

    Ընդդեմ կանանց նկարտամբ բռնության կոալիցիայի անդամ կազմակերպությունները Նյու Յորքում մասնակցել են Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 68-րդ նստաշրջանին (CSW68)։

    Մասնակիցները ներկայացրել են հայաստանյան իրավիճակը կանանց իրավունքների ոլորտում: Մասնավորապես՝ գենդերային բռնության վերաբերյալ տարբեր քննարկումների ժամանակ շեշտադրվել է հակամարտությունների ազդեցությունը գենդերային բռնության խորացման, դրա հետևանքների հաղթահարման վրա: Մասնակցությունը նմանատիպ ֆեմինիստական հավաքներին հզորացնում է պայքարը կանանց իրավունքների և բռնությունից զերծ կյանքի համար:

    Հանձնաժողովի ամենամյա նիստը գենդերային հավասարության և կանանց ու աղջիկների հզորացման վերաբերյալ ՄԱԿ-ի ամենամեծ գլոբալ հավաքն է: Նստաշրջանի այս տարվա առաջնային խորագիրն էր «Ավելի արագ հասնել գենդերային հավասարության և հզորացնել բոլոր կանանց ու աղջիկներին՝ հասցեագրելով աղքատությունը»:

    «ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 68-րդ նստաշրջանին (CSW68) մասնակցությունը մի կողմից հնարավորություն տվեց ներկայացնել հայաստանյան իրավիճակը կանանց իրավունքների ոլորտում և մասնավորապես՝ գենդերային բռնության վերաբերյալ տարբեր քննարկումների ժամանակ, մյուս կողմից՝ այն լավ հարթակ էր համագործակցության ընդլայնման, նոր կապերի ձեռքբերման տեսանկյունից: Մասնակցթությունը տարբեր ֆեմինիստական հավաքներին զինեց նաև մեծ էներգիայով շարունակելու պայքարը կանանց իրավունքների խթանման համար»,- նշում է Կոալիցիայի անդամ Կանանց ռեսուրս կենտրոնի Շահերի պաշտպանության և քաղաքականության մշակման թիմի համակարգող Աննա Հովհաննիսյանը։

    Կոալիցիայի անդամ «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի ծրագրերի բաժնի ղեկավար Գայանե Գրիգորյանը լիահույս է՝ ձեռք բերված փորձն ու կապերը կօգնեն Հայաստանում ունենալ ներառական և մատչելի, ինչպես նաև գենդերային և հաշմանդամության տեսանկյունից զգայուն ծրագրեր և ռազմավարություններ։

    «Նստաշրջանը շատ կարևոր հարթակ և լավ հնարավորություն էր ներկայացնելու Հայաստանը և «Ագաթ» ՀԿ-ն, ինչպես նաև խոսելու հաշմանդամություն ունեցող տարբեր խմբերի կանանց և աղջիկների, այդ թվում Լեռնային Ղարաբաղից տեղահանված կանանց հիմնախնդիրներից։ Հիանալի հնարավորություն էր նաև տարբեր գործընկերների հետ արժևորելու ինտերսեկցիոնալ համագործակցությունը գենդերային խնդիրները լուծելու, մատնանշելու վերարտադրողական առողջության և գենդերային բռնության հիմնահարցերն ու բացերը տարածաշրջանում»,- ընդգծում է Գրիգորյանը։

    Կոալիցիայի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներից ոմանց մասնակցությունը նստաշրջանին հնարավոր էր «Կանանց դեմ բռնության վերացման ՄԱԿ-ի հավատարմագրային հիմնադրամի» աջակցության իրականացվող «Փոփոխելով ընտանեկան բռնության հարցերով օրակարգը Հայաստանում» ծրագրի շնորհիվ։

    «Այս ժամանակաշրջանում, երբ հակամարտություններ են սրված և քաղաքացիական տարածքների հետագա կրճատում է տեղի ունենում, ձեր ոգեշնչող տեսլականները հույսի, վճռականության և ճկունության հստակ ուղերձ ունեն: Ֆեմինիստական շարժման կառուցման խթանման կարևորությունն ընդգծելու, երկարաժամկետ, ճկուն և հիմնական ֆինանսավորման կարևորության, տղամարդկանց և տղաների ներգրավման կարևորության վերաբերյալ ձեր դիտարկումները ընդգծում են որոշ գլոբալ օրինաչափություններ՝ գործուն ու ոչ գործուն մոդելների ու դրանց գործարկման ձևի մասին, որոնք ուղղված են կանխարգելելու և վերջ տալու կանանց ու աղջիկների նկատմամբ բռնությանը»,- ասում է «Կանանց դեմ բռնության վերացման ՄԱԿ-ի հավատարմագրային հիմնադրամի» ղեկավար Աբիգեյլ Էրիկսոնը՝ ամփոփելով հիմնադրամից աջակցություն ստացող կազմակերպությունների հանդիպումը:

    «Փորձը և դասերը, որոնք դուք փոխանցել եք միջոցառման ընթացքում, առաջնորդել են և կշարունակեն առաջնորդել «Կանանց դեմ բռնության վերացման ՄԱԿ-ի հավատարմագրային հիմնադրամի» աշխատանքն ու գործունեությունը: Միասին մենք ամուր կանգնած ենք «Գլոբալ համերաշխության մի աշխարհ, որտեղ բոլոր կանայք և աղջիկները ապրում են բռնությունից զերծ և վայելում և իրացնում են մարդու իրավունքները» տեսլականը կյանքի կոչելու համար»,- եզրակացնում է Էրիկսոնը: