Հասարակական կազմակերպությունները միավորվել են՝ պայքարելու խոշտանգումների դեմ

Հունիս 25, 2017

Քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ համախմբվել և միավորել են իրենց ուժերը՝ հերթական անգամ հանրությանը իրազեկելու հունիսի 26-ի՝ խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվա մասին: Միջոցառման այս տարվա խորագիրն է՝ «Անպատժելիության դեմ պայքար և խոշտանգումների զոհերի վերականգնման իրավունք – 2017»:

Համաժողովը տեղի կունենա 2017 թվականի հունիսի 26-ին՝ ժամը 1000-1300-ը, «Անի-Պլազա» հյուրանոցի Դվին սրահում (ք. Երևան, Սայաթ-Նովայիպող., 19 շենք): Օրակարգը հասանելի է այստեղ:

Միջոցառման նպատակն է բարձրաձայնել խոշտանգումների կիրառման անթույլատրելիության մասին, ներկայացնել խոշտանգումների կանխարգելմանն ուղղված միջազգային փորձը, ինչպես նաև քննարկել խոշտանգումների հետևանքները և վերականգնողական աշխատանքների կարևորությունը, լիարժեք փոխհատուցման և վերականգման անհրաժեշտության և կարևորության հետ կապված հարցեր:

Միջոցառման նախաձեռնողները հերթական անգամ ցանկանում են հիշեցնել, որ խոշտանգումներից զերծ լինելու իրավունքը անձի բացարձակ (սահմանափակման ոչ ենթակա) իրավունքներից է՝ երաշխավորված ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային իրավական ակտերով: Կազմակերպիչները և հրավիրյալ զեկուցողները կներկայացնեն խոշտանգումների հետ կապված առկա իրավիճակը Հայաստանում՝ ըստ ոլորտների և անձանց խմբերի, ովքեր առավել հաճախ են ենթարկվում խոշտանգումների (կամ ռիսկային խմբում են: Զուգահեռաբար կառաջարկվեն համապատասխան լուծումներ՝ օրենսդրական և իրավակիրառ մակարդակով խնդրի կարգավորման համար:

Համաժողովի ընթացքում խոշտանգումների կանխարգելմանն ու անպատժելիության դեմ պայքարի շրջանակներում ձեռնարկված քայլերի և միջոցառումների վերաբերյալ ակնկալում ենք իրավասու կառույցների ներկայացուցիչների ելույթներ:

Միջոցառումը կազմակերպել են «Ընդդեմ իրավական կամայականության», «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ», «Հելսինկյան ասոցիացիա» հասարակական կազմակերպությունները և «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան:

Միջոցառմանը հրավիրված են շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչներ, ՀՀ–ում հավատարմագրված դեսպաններ, փաստաբաններ, միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների ու ԶԼՄ-րի ներկայացուցիչներ: Միջոցառման աշխատանքային լեզուն հայերենն է:

Հունիսի 26-ի միջոցառման հետ կապված հարցերի դեպքում դիմել.
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ
Շողինե Սողոմոնյան
Հեռ.` 010 582819, 055 09 16 65
Էլ. փոստ` [email protected]
Facebook` www.facebook.com/favlhumanright

Նախորդ Փաստաբան Ինեսսա Պետրոսյանին սպառնում են

Copyright © 2024 | Coalition to Stop Violence against Women NGO | All Rights Reserved