Հայերեն

    Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան պատրաստել է՝ «Սեռական ոտնձգության վերաբերյալ ներպետական օրենսդրության ուսումնասիրություն․Առկա կանխարգելիչ և պաշտպանիչ մեխանիզմներն ու կարգավորումները» ուսումնասիրությունը, որն իրականացվել է «Կանանց և աղջիկների համար բռնությունից զերծ կյանքի համապարփակ քաղաքականությանն ուղղված» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակում։

    ՀՀ-ում օրենսդրական մակարդակով սեռական ոտնձգության հստակ սահմանումը, ինչպես նաև սեռական ոտնձգությունից պաշտպանության գործուն մեխանիզմները գտնվում են անբարվոք վիճակում։ Այդ մասին նշվել է նաև Կանանց դեմ խտրականության բոլոր ձևերի վերացման կոմիտեի՝ ՀՀ կողմից ներկայացված Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի կատարման առաջընթացի վերաբերյալ 7-րդ պարբերական զեկույցի դիտարկումներում՝ որպես հիմնական ռեկոմենդացիաներից մեկը։ Ըստ Կոմիտեի ՀՀ-ն պետք է «ընդունի օրենսդրություն՝ բացահայտորեն արգելելու սեռական ոտնձգությունը աշխատավայրում, ապահովելով, որ տուժածներին հասանելի լինեն պաշտպանության արդյունավետ միջոցները, որպեսզի սեռական ոտնձգությունների վերաբերյալ բողոքները արդյունավետորեն հետաքննվեն և կատարողները ենթարկվեն պատասխանատվության, զոհերը պետք է պաշտպանված լինեն վրեժխնդրությունից։ Այս առումով պետք է հզորացնել Առողջապահական և աշխատանքի տեսչության կարողությունները՝ հնարավորություն տալով նրան պարբերաբար ստուգումներ անցկացնել աշխատավայրերում։»

    Աշխատանքում, ինչպես նաև այլ ոլորտներում սեռական ոտնձգության օրենսդրական կարգավորման համար առնվազն անհրաժեշտ է նախատեսել սեռական ոտնձգության դեպքերի վերաբերյալ բողոքների ներկայացման ու դրանց քննության կարգը, համապատասխան պետական վերահսկողության իրականացման հիմքերը, ինչպես նաև ներդնել տուժողների իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությանն ու խախտված իրավունքների վերականգնմանն ուղղված մեխանիզմները։ 

    Այս առումով մեծ կարևորություն է ներկայացնում ՀՀ կողմից վավերացրած Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (այսուհետ՝ Ստամբուլյան կոնվենցիա)։ Ստամբուլյան կոնվենցիայի նպատակներն են, ի թիվս այլնի, (ա) կանանց պաշտպանությունը բռնությունից, ինչպես նաև կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելումը, քրեական հետապնդումը և վերացումը, (բ) կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացմանը նպաստելը և կանանց և տղամարդկանց միջև իրական հավասարության հաստատումը խթանելը, այդ թվում՝ կանանց իրավազորման միջոցով (հոդված 1-ին)։ Բացի այդ՝ Կոնվենցիայի «սեռական ոտնձգություն» վերտառությամբ 40-րդ հոդվածը նախատեսում է, որ մասնակից պետությունները պետք է ձեռնարկեն օրենսդրական և այլ բնույթի անհրաժեշտ բոլոր միջոցները` ապահովելու համար, որպեսզի սեռական բնույթի խոսքային, ոչ խոսքային կամ ֆիզիկական գործողությամբ դրսևորվող ցանկացած վարքագիծ, որը նպատակ ունի խոցելու անձի արժանապատվությունը կամ հանգեցնում է դրան, մասնավորապես` ճնշող, թշնամական, նվաստացուցիչ, նվաստացնող կամ վիրավորական մթնոլորտ ստեղծելը, պատժելի լինի քրեական կամ որևէ այլ սանկցիայի ներքո։ Ստամբուլյան կոնվենցիային հղում կատարելը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետությունը դեռևս 2018 թվականին ստորագրել է կոնվենցիան, ինչը ենթադրում է, ըստ պայմանագրային միջազգային իրավունքի՝ կոնվենցիայի ոգուն և նպատակներին հակասող գործողություններ կատարելուց զերծ մնալը։  Բացի այդ՝ ՀՀ կառավարությունը տարբեր միջազգային ու տարածաշրջանային մեխանիզմների շրջանակներում պարբերաբար վերահաստատում է կոնվենցիան վավերացնելու պետության պատրաստակամությունը։

    Հետևաբար, պատշաճ օրենսդրական կարգավորումների, ինչպես նաև պաշտպանության և պատասխանատվության պրակտիկ մեխանիզմների առկայության ուսումնասիրությունը ունի մեծ նշանակություն։

    Սույն հետազոտական աշխատանքի նպատակն է տրամադրել ամբողջական վերլուծություն սեռական ոտնձգությանը վերաբերող իրավակարգավորումների վերաբերյալ՝

    • ներկայացնել առկա օրենսդրությունը և ՀՀ կողմից այդ ոլորտում ստանձնած միջազգային պարտավորությունները,
    • ուսումնասիրել կանխարգելիչ, պաշտպանական և պատժիչ մեխանիզմների առկայությունը կամ բացակայությունը,
    • մատնաշնել օրենսդրության բացերն ու խնդիրները,
    • հանդես գալ ՀՀ-ում սեռական ոտնձգության վերաբերող պատասխանատվության և կանխարգելման գործուն մեխանիզմներ նախատեսող օրենսդրական առաջարկներով։

    Ուսումնասիրությունը պատրաստվել է Կանանց և աղջիկների համար բռնությունից զերծ կյանքի համապարփակ քաղաքականությանն ուղղված ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակում։

    Կանանց և աղջիկների համար բռնությունից զերծ կյանքի համապարփակ քաղաքականությանն ուղղված ենթադրամաշնորհային ծրագիրն իրականացվում է Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կողմից «ՀԱՎԱՍԱՐ – ԵՄ-ն հանուն կանանց իրավազորման Հայաստանում» ծրագրի շրջանակում։

    Ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, «Եվրոպական գործընկերություն հանուն ժողովրդավարության» ՀԿ-ի, «Նիդեռլանդների հելսինկյան կոմիտե» ՀԿ-ի, «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի, «ՎԻՆՆԵԹ  Գորիս» զարգացման հիմնադրամի կողմից, «Վիննեթ Շվեդիա» ՀԿ-ի հետ համագործակցությամբ։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: