Տեսանյութերի պատրաստման բաց մրցույթ
Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի համար
1․ Հիմնավորում
Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան մեկնարկում է ստեղծագործական նախաձեռնություն՝ պատրաստելու չորս կարճ տեսանյութ և չորս ռիլս՝ նախապես ընտրված և փորձարկված սցենարների հիման վրա։ Այս նախագծի նպատակն է բարձրացնել հասարակության իրազեկվածությունը գենդերային բռնության վերաբերյալ և խթանել համայնքների ներգրավվածությունն ու միջամտությունը։
Հրավիրում ենք ուսանողներին և սկսնակ արվեստագետներին մասնակցել այս նախաձեռնությանը և պատրաստել այս տեսանյութերն և ռիլները, որոնք կօգտագործվեն հանրային իրազեկման արշավներում, մասնավորապես, գենդերային բռնության դեմ 16 օրյակի արշավի ընթացքում։ Այս նախաձեռնությունը հնարավոր է դարձել Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ:
2․ Նպատակ
Այս մրցույթի նպատակն է ընտրել հետաքրքրված ուսանողներին և սկսնակ արվեստագետներին, որոնք կպատրաստեն 1 կարճ տեսանյութ և 1 ռիլ։ 4 հաջողակ ուսանողները և սկսնակ արվեստագետները կհրավիրվեն հանդիպման, որտեղ կներկայացվեն չորս կարճ տեսանյութերի և չորս ռիլներ պատրաստման հետ կապված սպասելիքները, ներկայացվող նյութերը և գնահատման չափանիշները։ Տեսանյութերը և ռիլները պետք է համապատասխանեն Կոալիցիայի առաքելությանը և արդյունավետորեն փոխանցեն նախապես ընտրված սցենարներում ներկայացված պատգամները:
3․ Աշխատանքի ծավալը
- Համապատասխանություն սցենարին՝ Յուրաքանչյուր հաջողակ թեկնածու իր մոտիվացիոն նամակում պետք է հստակ մատնանշի իր նախընտրած սցենարը: Սցենարների համառոտ նկարագրությունները ներկայացված են ստորև: Տեսանյութերը և ռիլները պետք է խստորեն հետևեն սցենարներին՝ միաժամանակ թույլ տալով ստեղծագործական լուծումներ:
Սցենար 1: Տեսախցիկը ֆիքսում է հանգիստ տեսք ունեցող երիտասարդ կնոջ, այնուհետև տղամարդու, որոնք երկուսն էլ խոսում են բռնության ցիկլը կոտրելու հնարավորության մասին։ Քայլելով դեպի տեսախցիկ՝ կինը նշում է գիտակցության բարձրացման մասին, իսկ տղամարդը՝ առաջնորդելու մասին։ Տեսարանը լայնանում է՝ ցույց տալով տղամարդկանց և կանանց խումբ, որոնք տարածում են տեղեկատվություն հեռախոսազանգերով, թերթերով և հաղորդագրություններով՝ շեշտելով բռնության զոհերին աջակցելու կարևորությունը՝ կիսելով աջակցության կենտրոնների թեժ գծերի համարները։ Տեսանյութը եզրափակվում է պատգամով, որ անհատները կարող են փոփոխություն մտցնել և համատեղ ստեղծել անվտանգ հասարակություն: Տեսարանն ուղեկցվում է աջակցության ռեսուրսների և կոնտակտային տեղեկությունների ցուցադրմամբ:
Սցենար 2: Սցենարը սկսվում է հանգիստ թաղամասում՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր համայնքում կան պահեր, որոնք պահանջում են մեր ուշադրությունը։ Խոհանոցում տղամարդ է: Լսվում են բռնության ձայներ հարևանի տնից։ Տղամարդը տարակուսում է, բայց հետո որոշում է միջամտել: Թակում է հարևանի տան դուռն ու ասում-աղ ունե՞ս: Ձայնային ուղեկցությունը բացատրում է, որ միջամտությունը կարող է սկսվել մի պարզ հարցով։ Սցենարը եզրափակվում է ընտանեկան բռնության թեժ գծի համարով։
Սցենար 3: Սցենարը սկսում է անտառում անհոգ և խաղաղ քայլող կնոջ տեսարանով։ Ձայնային ուղեկցությունը հարցնում է, թե երբ էր վերջին անգամ դիտողը լսել գայլի կամ արջի հարձակման մասին։ Այնուհետև տեսարանը փոխվում է անտառից քաղաք՝ ցույց տալով բնակելի շենքը մթնշաղին։ Երբ որոշ բնակարաններում լույսերն անջատվում են, լսվում են բռնության ձայներ, և էկրանը մարում է։ Ձայնային ուղեկցությունը հայտնում է, որ Հայաստանում յուրաքանչյուր 100 կնոջից 15-ը ենթարկվել է ֆիզիկական բռնության: Հնչում է ուղերձ, որը կոչ է անում տունը դարձնել ավելի ապահով քան անտառը: Էկրանին հայտվում է Կոալիցիայի կայքի հասցեն և QR կոդը:
Սցենար 4: Դեպքերը զարգանում են երևանյան մի ակումբում: Երիտասարդ կինը նստած է բարում, ռոմ կամ այլ ալկոհոլային խմիչք է խմում։ Տեսախցիկը ճոճվում է, մատնացույց անելով, որ կնոջ հետ ինչ-որ բան այնպես չէ: Երիտասարդ տղամարդը շուտով մոտենում է նրան՝ կարծես օգնելու նրան դուրս գալ ակումբից։ Տեսարանը փոխվում է դեպի մի խումբ երիտասարդների, որոնք շփվում են մոտակայքում։ Խմբում մի երիտասարդ կին նկատում է տղամարդուն և կնոջը: Անհանգստանում է։ Մոտենում է զույգին, կտրուկ շրջվում դեպի տղամարդն ու հարցնում՝ «Դուք ով եք՞»։ Տղամարդը զայրացած պատասխանում է՝ «Դու՞ ով ես»։ Նա հանգիստ պատասխանում է՝ «Ես… նրա ընկերն եմ, և մենք շուտով կպարզենք, թե դու ով ես…»՝ միաժամանակ հավաքելով 102 ոստիկանության համարը։ Այնուհետև էկրանին ցուցադրվում է տեքստ՝ «Սեռական բռնության համար պատասխանատու է հանցագործը»: Այս հաղորդագրությունը մարում է, որից հետո ցուցադրվում է Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի թեժ գծի համարը:
- Տեսանյութերի պատրաստում: Մրցույթում հաղթած յուրաքանչյուր մասնակից (կամ թիմ) պարտավորվում է պատրաստել 1 կարճ տեսանյութ (մոտ 2-3 րոպե տևողությամբ) և 1 ռիլ (մոտ 30-60 վայրկյան տևողությամբ):
- Թիրախային Հանդիսատես: Բովանդակությունը պետք է նպատակաուղղված լինի հասարակության լայն զանգվածներին՝ մասնավորապես երիտասարդ տղամարդկանց և կանանց՝ նպատակ ունենալով բարձրացնել գենդերային բռնության մասին վերջիններիս իրազեկվածությունը:
- Ոճ և Տոն: Տեսանյութերը և ռիլները պետք է լինեն հետաքրքրաշարժ, գրավիչ, նորարար և փոխանցեն ազդեցիկ պատգամներ, որոնք համահունչ են Կոալիցիայի առաքելությանը։ Ազդեցիկ պատմողական հնարքների, տեսողական հստակության և զգացմունքային ազդեցության շեշտադրումը շատ կարևոր է:
- Սեփականության իրավունք: Յուրաքանչյուր տեսանյութի վերջին կադրը պետք է ցուցադրի ԵՄ-ի, կոալիցիայի և համագործակցող գործընկերների (եթե կան) լոգոները և դիսքլեյմերը։ Ընտրված մասնակիցները կստանան լոգոները, դիսքլեյմերի տեքստը և լոգոների դասավորության կարգը:
- Լեզու: Տեսանյութերի և ռիլների հիմնական լեզուն պետք է լինի հայերենը, բայց կարող են նաև ներառվել անգլերեն ենթագրեր՝ ավելի լայն տարածման համար:
- Ներկայացվող նյութեր: Վերջնականացված տեսանյութերը և ռիլները՝ բարձր որակի ձևաչափերով (համապատասխան վեբ և սոցիալական մեդիա հարթակների համար) և բոլոր հում նյութերն ու նախագծային ֆայլերը պետք է փոխանցվեն կոալիցիային:
4․ Ժամանակացույց
- Հայտերի Վերջնաժամկետ: 15 սեպտեմբերի, 2024 թ.
- Հաղթող անհատների կամ թիմերի ընտրություն: 15 սեպտեմբերի, 2024 թ.
- Առաջին Նախագծի Ներկայացում: 1 հոկտեմբերի, 2024 թ.
- Վերջնական Ներկայացում: 10 հոկտեմբերի, 2024 թ.
5․ Մասնակցել կարող են հետևյալ հետարքրքված անձինք՝
- 18-30 տարեկան ուսանողները և սկսնակ արվեստագետները։
- Մասնակիցները կարող են դիմել անհատապես կամ որպես թիմ (առավելագույնը 3 անդամով):
- Տեսանյութերի արտադրության փորձի առկայությունը նախընտրելի է, բայց պարտադիր չէ։
6․ Դիմումի Պահանջներ
- Մոտիվացիոն նամակ և դիմողի ինքնակենսագրականը կամ թիմի դեպքում՝ անդամների ինքնակենսագրականները։
- Նախորդ աշխատանքի պորտֆոլիո (եթե առկա է):
- Կարճ առաջարկ՝ ներկայացնող մասնակցի տեսլականը տեսանյութերի և ռիլների վերաբերյալ (առավելագույնը 500 բառ)՝ հիմնվելով սցենարի ընտրության վրա (ընտրել առաջարկված 4 տարբերակներից մեկը):
7․ Գնահատման Չափանիշներ
- Ստեղծագործականություն և օրիգինալություն՝ նորարարական մոտեցում պատմությունների ներկայացման և սցենարների տեսողական մեկնաբանության տեսանկյունից։
- Համապատասխանություն և ազդեցություն՝ Կոալիցիայի առաքելությանը համապատասխանություն և թիրախային լսարանի վրա ազդեցություն գործելու ներուժ:
8․ Բյուջե և Հատուցում
- 400 եվրոյին համարժեք ՀՀ դրամով գումար կտրամադրվի ընտրված մասնակիցներին՝ արտադրական ծախսերը ծածկելու համար։
- Վերջնական տեսանյութում հեղինակի կամ խմբի ներառում:
9․ Հեղինակային Իրավունքներ
Պատրաստված տեսանյութերի և ռիլների բոլոր իրավունքները կփոխանցվեն Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիային՝ հեղինակին կամ հեղինակներին նշելու պարտավորվածությամբ:
10․ Ներկայացման Գործընթաց
Հետաքրքրված մասնակիցները պետք է ներկայացնեն իրենց հայտերը՝ էլեկտրոնային փոստով փաթեթը ուղարկելով [email protected] և [email protected] հասցեներով մինչև ս/թ սեպտեմբերի 10-ը:
11․ Կոնտակտային Տեղեկություններ
Հարցումների կամ լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք կապվել Հասմիկ Գրիգորյանի հետ [email protected] հասցեով: