Հայերեն

    ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԷԹԻԿԱՅԻ ԴԻՏՈՐԴ ՄԱՐՄՆԻ
    ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
    «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Կույր աշխարհ»
    հեռուստասերիալի դեմ բողոքի
    (դիմող՝ Զարուհի Հովհաննիսյան) վերաբերյալ

    ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը 2022 թ․ սեպտեմբերի 9-ին ստացել է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի բողոքը «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Կույր աշխարհ» սերիալի վերաբերյալ, որում, մասնավորապես, նշվում է․ «Արմենիա» հեռուստաընկերությունը սկսել է հեռարձակել հերթական սերիալը, որը շարունակում է հղփացած, բիրտ ու բռնարար, անշնորհք բառապաշարով տղամարդկանց և որբ, դժբախտ, բամբասկոտ, անվերջ բռնության ենթարկվող կանանց կերպարային մոդելների վերարտադրությունը։ ․․․ Անընդունելի է կուսության թեման վերստին դարձնել մեր հասարակության կարևորագույն, անկյունաքարային արժեքներից մեկը, որը, իբրև թե «արդարացիորեն», հանգեցնում է կանանց նկատմամբ բռնության սիստեմատիկ դրսևորումների»։ ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինն ուսումնասիրել է բողոքի էությունն ու ներկայացված դրվագները և ընդունում է իրավապաշտպանի մտահոգությունները։ Դիտորդ մարմինն իր հերթին հաստատում է տասնամյակներ շարունակ ցուցադրվող հայկական հեռուստասերիալների ակնհայտ ցածրորակությունը, որը
    մասնագիտական գիտելիքների, հմտությունների և ռեսուրսների անբավարարության արդյունք է։

    Դիտորդ մարմինը հարկ է համարում նշել, որ «Արմենիա» հեռուստաընկերությունը, որպես հեռարձակող ԶԼՄ, անտեսել է «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի Հոդված 57-ի 12-րդ կետը, որով սահմանված են «․․․ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի, ինչպես նաև անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող տեսալսողական հաղորդումների եթեր հեռարձակման պահանջները»։ Իրավասու մարմինը՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, «Կույր աշխարհ» հեռուստասերիալի հեռարձակման փաստով «Արմենիա» հեռուստաընկերությանն արդեն տուգանել է նվազագույն աշխատավարձի 500-ապատիկի չափով։

    Դիտորդ մարմինը նույնպես խիստ մտահոգիչ է համարում «Կույր աշխարհ» հեռուստասերիալում պատկերված հերոսների գործողությունները, մոտիվացիան, խոսելաոճը։ Դրանք հեռուստադիտողի մեջ առավելապես ամրագրվում են որպես «ընդունված» վարքագծային մոդելներ և երբեմն ավելի մեծ ազդեցություն են ունենում, քան ֆիլմի սցենարում առկա դրական ուղերձները։ Ըստ ԴՄ կանոնադրության՝ Դիտորդ մարմինը քննում և արձանագրում է միայն լրագրողական էթիկայի խախտումները և իրավասու չէ գնահատել գեղարվեստական ստեղծագործության որակը,
    օգտագործված արտահայտչամիջոցների, ռեժիսորական լուծումների և դերասանական խաղի էթիկան։ Այդուհանդերձ, հաշվի առնելով որ տվյալ սերիալը հեռարձակվում է հանրային մուլտիպլեքսում հանրապետական սփռման սլոթ ստացած լրատվամիջոցով, «Արմենիա» հեռուստաընկերության ուշադրությունն ենք հրավիրում մասնագիտական էթիկայի այն սկզբունքի վրա, ըստ որի՝ անհրաժեշտ է նրբանկատություն դրսևորել երեխաների մասին կամ նրանց մասնակցությամբ դրվագներ նկարահանելիս, հատկապես երբ դրանցում կան բռնության ու անհանդուրժողականության տեսարաններ։ Պետք է նաև բացառել սեռական խտրականության, կանանց նկատմամբ նախապաշարված վերաբերմունքի դրսևորումները։ Սրանք պարտադիր պահանջներ են ցանկացած ստեղծագործական աշխատանքի համար և ներառված են մասնագիտական էթիկայի կանոնագրերում, այդ թվում Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագրում։

    Դիտորդ մարմինն ընդգծում է, որ խոսքը չի վերաբերում բռնության, դաժան վերաբերմունքի պատկերներից և այլ զգայուն թեմաներից ու
    տեսարաններից առհասարակ հրաժարվելուն։ Պարզապես, դրանք պետք է մատուցվեն գեղարվեստական կանոններով և հնարքներով, այնպիսի հմտությամբ, որ բռնությունը մեխանիկորեն էկրան բերելու կարիք չլինի։

    Ցավոք, դա առայժմ շատ հազվադեպ է հաջողվում հայաստանյան սերիալների ինդուստրիային ընդհանրապես։ ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը հեռարձակող լրատվամիջոցներին կոչ է անում զերծ մնալ ամեն գնով բարձր դիտողականություն ապահովելու գայթակղությունից, առաջնորդվել
    բացառապես հանրային շահերով և գեղարվեստական բարձր չափանիշներով։

    Հայտարարությունն ընդունվել է 2022թ. նոյեմբերի 9-ին,
    ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի հետևյալ կազմով՝