Թարմացում էթիկայի խախտման դեպքի հարցով

Հունվար 22, 2025

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» ՀԿ-ն (այսուհետ՝ Կոալիցիա) մշտապես հավատարիմ է բռնության բոլոր ձևերի՝ ներառյալ սեռական ոտնձգությունների, շահագործման և ոչ պատշաճ վարքագծի հանդեպ զրոյական հանդուրժողականության իր քաղաքականությանը: Հավատարիմ լինելով իր մոտեցումներին և սկզբունքներին՝ Կոալիցիան դիտարկել է 2024թ․ հոկտեմբեր ամսին ստացված անդամ կազմակերպություններից մեկի ներկայացուցչի կողմից սեռական ոտնձգության մի քանի դեպքերի մասին տեղեկատվությունը։

Ցավոք, մենք պարտավոր ենք տեղեկացնել, որ ստացված տեղեկությունը, դիտարկվելով էթիկայի հանձնաժողովի կողմից՝ Կոալիցիայի Վարքագծի կանոնների 5-րդ մասով սահմանված Էթիկայի հանձնաժողովի ձևավորման և 6-րդ մասով սահմանված Որոշումների կայացման ընթացակարգերին համապատասխան, հաստատվել է: Էթիկայի հանձնաժողովը հաստատել է Վարքագծի կանոնների 4-րդ՝ «ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ԱՆԴԱՄԻ, ԱՇԽԱՏՈՂԻ ԵՎ ԿԱՄԱՎՈՐԻ ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆՆԵՐ», բաժնի 4․4 կետի 3-րդ ենթակետի շրջանակներում հնարավոր խախտում, այն է՝ «4.4. Կոալիցիայի անդամները, աշխատակիցներն ու կամավորներն իրենց գործունեության ընթացքում պարտավոր են. ․․․ 3․ բացառել բռնության, ինչպես նաեւ սեռական շահագործման եւ չարաշահման (այդ թվում՝ երեխաների նկատմամբ) ցանկացած դրսևորում, ․․․», կետով էթիկայի խախտման երեք դեպք։

Մենք գիտակցում ենք, որ Կոալիցիան դատական մարմին չէ, և հարգում ենք անձի անմեղության կանխավարկածը, սակայն միևնույն ժամանակ, հաշվի առնելով այն փաստը, որ տուժող անձինք հրաժարվել են դիմել իրավապահ մարմիններին, մենք պարտավոր ենք գործել պատասխանատու և թափանցիկ՝ կանխելու բռնության հետագա դրսևորումները և վերահաստատելու մեր հստակ դիրքորոշումը բռնության ցանկացած դրսևորման նկատմամբ:

Ղեկավարվելով «մի՛ վնասիր» սկզբունքով և հարգելով տուժողների գաղտնիության իրավունքը՝ մենք չենք հրապարակում այս առնչությամբ մարդկանց վերաբերյալ որևէ տեղեկություն, որոնք առնչվում են վարքագծի խախտումներին: Միևնույն ժամանակ, մենք ձեռնարկել ենք մի շարք քայլեր՝ պարտավորված լինելով արձագանքել։

Դիտարկելով Էթիկայի հանձնաժողովի կողմից ներկայացված եզրակացությունը և էթիկայի խախտման դեպքի մանրամասները՝ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» ՀԿ-ի Ընդհանուր Ժողովը որոշում է կայացրել՝

  • Կոալիցայի և անդամ կազմակերպությունների կողմից դադարեցնել ցանկացած տեսակի համագործակցություն սույն խախտումն իրականացրած անձի հետ,
  •  Հանրությանը և գործընկերների շրջանում տեղեկացնել Էթիկայի խախտման դեպքի մասին՝ կանխելու նմանատիպ դեպքերի առաջացման հավանականությունը,
  • Տեղեկացնել հանրությանը Էթիկայի խախտման դեպքի և նման դեպքերում ահազանգելու կարևորության մասին,
  • Իրականացնել Կոալիցիայի և անդամ կազմակերպությունների համար սեռական ոտնձգության, չարաշահման և բռնության կանխարգելման քաղաքականությունների և մեխանիզմների դիտարկում ու համապատասխան կարգավորումների զարգացում։

Մենք վերահաստատում ենք, որ Կոալիցիան ունի զրո հանդուրժողականություն բռնության ցանկացած դրսևորման նկատմամբ։ Մեր վարքականոնը պարտավորեցնում է անդամներին, աշխատակիցներին և կամավորներին պահպանել բոլոր էթիկական չափանիշները և գործել Կոալիցիայի արժեքներին ու սկզբունքներին համապատասխան:

Մենք կոչ ենք անում բոլոր այն անձանց, որոնք առնչվել են նմանատիպ դեպքերին, բարձրաձայնել վերջիններիս մասին կամ զեկուցել համապատասխան կազմակերպությանը կամ կառույցին։ Կոալիցիան և անդամ կազմակերպությունները միշտ պատրաստ են արձագանքել և տրամադրել համապատասխան աջակցություն անձանց։

Կոալիցիային կամ անդամ կազմակերպություններին վերաբերելի վարքագծի կանոնների խախտման դեպքերի մասին կարող եք զեկուցել՝ գրելով հետևյալ էլ․ հասցեին [email protected]։

Նախորդ Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի Facebook-յան էջը վերականգնվել է

Copyright © 2024 | Coalition to Stop Violence against Women NGO | All Rights Reserved