ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ը՝ ԱԶԳԱՅԻՆ ՕՐ
Պարբերական հաշվետվությունների միջոցով ապահովել արդարադատության մատչելիությունը ընտանեկան բռնության ենթարկված անձանց համար
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի, 2024թ. – Այսօր մենք հավաքվել ենք հիշելու այն անանուն կանանց, որոնց կյանքը դաժանորեն ընդհատվել է միայն իրենց կին լինելու պատճառով: Կնասպանությունը ոչ միայն ընտանեկան բռնության արդյունքում արձանագրված ողբերգություն է, այլև գենդերային անհավասարության և խտրականության ծայրահեղ դրսևորում: Կնասպանությունը սթափեցնող հիշեցում է մեզ, որ պարտավոր ենք համատեղ ջանքերով պայքարել բռնության դեմ և պաշտպանել յուրաքանչյուր կնոջ և աղջկա հիմնարար իրավունքները:
Ոստիկանության 2019-2023թթ. օպերատիվ ամփոփագրերի տվյալների վերլուծությունը թույլ է տալիս պնդել, որ այս տարիների ընթացքում նախազգուշացումների քանակը տատանվել է, օրինակ 2020-ին աճել է 4.4%-ով, իսկ 2021-ին զգալիորեն նվազել է՝ 36.5%-ով: Այնուհետև 2022-ին նորից փոքր աճ է եղել՝ 5.3%, բայց 2023-ին փոքր-ինչ նվազել է՝ 0.9%-ով: Անհետաձգելի միջամտությունների դեպքում քանակը շարունակաբար աճել է: 2021-ին նկատվել է մեծ աճ՝ 61.4%, որը պահպանվել է նաև հաջորդ տարիներին՝ 2022-ին 13.8% և 2023-ին 34.4% աճով:
2023 թ.-ին նույն ժամանակահատվածում Երևանում և բոլոր 10 մարզերում գտնվող Ընտանեկան բռնության աջակցման կենտրոնների կոալիցիայի անդամ աջակցման կենտրոնները գրանցել են 1,769 ընտանեկան բռնության դեպք։
2024թ. 5 ամիսների ընթացքում ԸԲ դեպքերով տրվել է 215 նախազգուշացում, կիրառվել է 465 անհետաձգելի միջամտություն: Այս ամիսների ընթացքում ընտանեկան բռնության 224 դեպքով բռնության ենթարկվածը եղել է կին, 40 դեպքով՝ զավակ, 39 դեպքով՝ նախկին ամուսին կամ կին: Կնոջ նկատմամբ գրանցված բռնության դեպքերով բռնություն գործադրող անձը եղել է ամուսինը: 2024-ի 5 ամիսներին 5 դեպք է գրանցվել ՀՀ քրեական օրենսգրքի սպանության հոդվածով:
Կոալիցիայի անդամ կառույցները շատ ավելի լավ են պատկերացնում ահազանգման արժանի իրավիճակը, որն առկա է Հայաստանում, քանի որ ամենօրյա ռեժիմով աշխատում են տարբեր վերապրածների հետ: Այս աշխատանքի ու տարիների պայքարի արդյունքում մենք նաև բազմիցս ահազանգել ենք, թե որքանով է ընտանեկան բռնությունը հանդիսանում ռիսկի գործոն կնասպանության համար: Ավելին, հայտնի է, որ ռիսկի գործոններից մեկը զուգընկերոջ կողմից ֆիզիկական կամ սեռական բռնության ենթարկված լինելու փաստը: Մեկ այլ ռիսկի գործոն է տարիքը, երբ զուգընկերոջ կողմից բռնությունը սաստկանում է: Հայաստանում այդ տարիքային խումբը 45-59 տարեկաններն են, որոնց համար բռնության ռիսկը դառնում է 14.5 տոկոս, մյուս ռիսկային խումբը 35-44 տարեկաններն են՝ 11 տոկոս ռիսկայնությամբ:
2022-2024 թվականներին Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան շարունակել է մշտադիտարկել կանանց նկատմամբ բռնության քրեական վարույթներով ավելի քան 100 դատական նիստեր։ Նախնական գնահատականներով՝ մշտադիտարկման նախորդ շրջափուլում (2021-2022) արձանագրված խնդիրների զգալի մասը դեռևս առկա է դատական համակարգում։ Դրանք խոչընդոտում են բռնության ենթարկված կանանց՝ արդարադատության մատչելիությանը։
Մասնավորապես, չկան մասնագիտացված դատարաններ և/կամ դատավորներ, բռնարարների նկատմամբ շարունակվում են կիրառվել մեղմ պատիժներ, իսկ դատական քննության երկար ընթացքի պատճառով կինը բազմիցս ստիպված է լինում հանդիպել նախկին զուգընկերոջը։ Գործերի մեծամասնության դեպքում մեղադրյալը կալանավորված չէ, և չկա պաշտպանական որոշում, որը կարգելի նրան մոտենալ կնոջը։ Բռնության ենթարկված կանայք իրենց հաճախ անվտանգ չեն զգում դատարանների շենքերում կամ դրա մոտակայքում: Դատարանների շենքերում նախատեսված չեն առանձնացված սպասասրահներ դատավարության մասնակիցների համար։
Կարևոր է նաև առանձնացնել, որ որոշ խմբերի կանայք կրկնակի խտրականության արդյունքում առավել խոցելի են: Ստորև ներկայացրել ենք համառոտ տվյալներ խտրականության այդ ձևերի և կանանց խմբերի մասին:
Հաշմանդամություն ունեցող կանայք բախվում են խտրականության տարբեր դրսևորումների, որոնք նաև կապված են հանրային ծառայությունների մատչելիության սահմանափակության հետ: Չնայած ընտանեկան բռնության օրենքները պաշտպանում են հաշմանդամություն ունեցող անձանց, սակայն իրականում չկա տարբերակված աջակցության ու հասանելիության ապահովում ըստ հաշմանդամության տարբեր տեսակների: Աջակցության առաջնային օղակի՝ թեժ գծի ծառայությունները նույնպես ամբողջությամբ հարմարեցված և մատչելի չեն հաշմանդամության բոլոր խմբերի անձանց համար, ինչը բարդացնում է նրանց ինքնուրույն և անկախ օգտվելուն, մասնավորապես լսողության խնդիրներ ունեցող անձանց համար:
ԼԲՏ կանայք և ԼԳԲՏ անձինք հատուկ ռիսկի խումբ են կազմում, որոնց արդարադատության հասանելիությունը բացակայում է, իսկ բռնության դեպքերը՝ առանձնակի դաժան են: Ընտանիքի անդամները, իմանալով սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության մասին, հաճախ կիրառում են ծայրահեղ ֆիզիկական բռնություն՝ ծեծի, հարվածների կամ դանակի սպառնալիքների ձևով: Նման դեպքերը վերջին տարիներին աճել են: Բազմաթիվ ԼԳԲՏ անձինք ենթարկվել են նաև սպառնալիքների, վիրավորանքների և էմոցիոնալ մանիպուլյացիայի ընտանիքի կողմից, օրինակ՝ նրանց սեռական կողմնորոշումը բացահայտելու սպառնալիքով: Շատերը չեն դիմում ոստիկանությանը՝ վախենալով հետագա բռնություններից կամ չվստահելով ոստիկանությանը, քանի որ ոստիկանական մարմինները հաճախ անտեսում են բողոքները կամ մեծացնում են վատ վերաբերմունքը:
ՄԻԱՎ-ով ապրող կանայք ենթարկվում են խտրականության և խարանի կյանքի բոլոր ոլորտներում, որտեղ հայտնի է դառնում նրանց ՄԻԱՎ կարգավիճակը, այդ թվում՝ ընտանիքում, առողջապահական և սոցիալական ծառայություններ ստանալիս։ ՄԻԱՎ-ը կանանց առավել խոցելի է դարձնում բռնության նկատմամբ, այն հավելյալ գործիք է դառնում բռնարարի ձեռքում կնոջը մեղադրելու, շանտաժի ենթարկելու, բռնության միջավայրից դուրս գալը խոչընդոտելու համար։ Ընտանեկան բռնության պատճառով կանայք հաճախ են զրկված լինում հոգ տանելու իրենց ֆիզիկական առողջության մասին, օրինակ այցելել բժշկի և անցնել տարեկան պարտադիր հետազոտություններ, ստանալ ՄԻԱՎ-ի բուժման կենսական նշանակության դեղամիջոցներ։ ՄԻԱՎ-ով ապրող կանանց շրջանում առավել տարածված բռնության դրսևվորման ձևերից մեկն էլ սեռական և վերարտադրողական առողջության վերաբերյալ ինքնուրույն որոշում կայացնելու հնարավորություն չունենալն է։ Բժիշկները և ընտանիքի անդամները կարող են ուղղորդել կամ ստիպել չհղիանալ կամ ընդհատել հղիությունը։
Հարկ է նշել դրական զարգացումները կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության խնդրի համակարգային լուծման ուղղությամբ: Մանսավորապես, գովեստի են արժանի ՀՀ Ազգային ժողովի կողմից գործող օրենքի վերանայումը և հոդվածների փոփոխությունը, տերմինների և սահմանումների ճշգրտումը, ինչպես նաև ներդաշնակեցումը ՀՀ Քրեական օրենսգրքի հետ, այդ թվում նաև զուգընկերջը եզրույթի ներառումը: Վերանայվել են անհետաձգելի միջամտության և պաշտպանական որոշումների կատարումն ու ծանուցման ժամկետները։ Հաշտեցման գործընթացը չեղարկվել է։ Երեխայի բռնության ականատես լինելը նրան տալիս է բռնության ենթարկված անձի կարգավիճակ: Ընտանեկան բռնության ենթարկվածներին բժշկական անվճար օգնության և ծառայությունների հասանելիությունը մեծացել է։ Ապաստարանների մատչելիության հարցը հաշմանդամություն ունեցող անձանց համար կարգավորվել է օրենքով։
Զուգահեռաբար, ՀՀ քրեական օրենսգրքի 20 հոդվածներում վերանայվել են սեռի հիմքով բռնության և հարազատների, զուգընկերների կամ նախկին զուգընկերների կողմից կատարված գործողությունների համար նախատեսված ծանրացնող հանգամանքները։ Նոր կանոնակարգումներ են սահմանվել հետապնդման վերաբերյալ՝ սահմանելով կոնկրետ գործողություններ և պատիժներ։
Այնուամենայնիվ, համակարգային լուծումների ամբողջացման ուղղությամբ դեռևս առկա են բացթողումներ և անելիքներ, մասնավորապես արդարադատության մատչելիությունը բոլորի համար մեծացնելու և առավել համակարգված, բաց, հասանելի վիճակագրություն տրամադրելու ուղղությամբ:
Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի համակարգող Նվարդ Մանասյանը նշեց. «Գենդերային բռնության վերապրածների հետ կոալիցիայի անդամ կառույցների տարիների աշխատանքի փորձը և առկա վիճակագրությունը մեզ թույլ են տալիս պնդել, որ կան օրենսդրության և գործադրման բացթողումներ, որոնք բռնության ենթարկվածների համար առաջացնում են արդարադատության մատչելիության խնդիրներ»։
Ընդդեմ կանանց նկատմամբ կոալիցիան ՀՀ կառավարությանը առաջարկում է դիտարկել հետևյալ լուծումները՝
- Օրենսդրության մեջ «կենցաղային բռնություն» եզրույթը հանել և ներառել իշխանության և վերահսկողության տարրերին վերաբերող ձևակերպումները, ինչը թույլ կտա ընտանեկան բռնությանը ներհատուկ՝ կողմերի միջև առկա իշխանության անհավասարությունըճանաչել, այսպիսով ապահովելով օրենքի ճիշտ կիրառումը։
- Հիմնական շահեկիցների ներգրավմամբ ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը կանոնավոր կերպով կմշտադիտարկի օրենքի գործադրումը, թույլ կտա արձանագրել մարտահրավերները և ձևակերպել փոփոխությանը միտված առաջարկությունները:
- Վերապատրաստումը դարձնել շարունակական: Իրավակիրառ համակարգի բոլոր դերակատարների՝ դատավորների, քննիչների և դատախազների համար մշակել վերապատրաստումներ, որոնք ուղղված են բռնության ենթարկված կանանց մեղադրող՝ խտրական դիրքորոշումների նվազեցմանը, ընդունում են ընտանեկան բռնությանը բնորոշ հոգեբանական տրավմայի գործոնը և առաջնորդվում են զոհակենտրոն մոտեցումներով։
- Վերանայել պաշտպանական որոշման չեղարկման ընթացակարգերը: Ներդնել վերահսկողության և հակակշիռների համակարգ՝ կանխելու կամայական մերժումները և ապահովելու, որ բռնության ենթարկվածների անվտանգությունը և պայմանները մանրակրկիտ գնահատվեն նախքան որևէ դատական քայլ ձեռնարկելը։
- Ստեղծել ընտանեկան բռնության դեպքերը քննող հատուկ դատարաններ՝ ընտանեկան բռնության և խնամակալության գործերին առաջնահերթություն տալու և արագ քննություն ապահովելու համար: Այս մոտեցումը թույլ կտա կանխել երկար ձգվող տրավման, ինչպես նաև պաշտպանել բռնության ենթարկվածներին։
Պահանջում ենք պարբերական և պատշաճ հաշվետվություն ներկայացնել հանրությանը կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեպքերի կապացությամբ:
Պահանջում ենք վավերացնել «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի Խորհրդի կոնվենցիան:
Պահանջում ենք հոկտեմբերի 1-ը պաշտոնապես նշել, որպես կնասպանության զոհերի հիշատակի օր։
Վավերացումը առանցքային է, որպեսզի հնարավոր լինի համակարգային մոտեցման որդեգրումը դնել իրավական հիմքերի վրա և երաշխավորվել պարբերական, ոչ կամայական մշտադիտարկումն ու պարտավորությունների կատարումը:
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան 10 Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ցանց է, որը նպաստում է կանանց իրավունքների իրացմանը՝ գենդերային բռնության համակարգային հաղթահարմամբ: Կոալիցիան, որի անդամները գործում են Երևանում, Գյումրիում և Սպիտակում, կենտրոնանում է գենդերային հավասարության, կանանց հզորացման, ինչպես նաև կանանց և աղջիկների նկատմամբ բռնության կանխարգելման ու պաշտպանության վրա: