Բողոքի ակցիա #ոչ կիսաբաց լուսամուտներին

Օգոստոս 5, 2016

Օգոստոսի 9-ին, ժամը՝ 10:00-ին, «Ա-Թի-Վի» հեռուստաընկերության դիմաց (հասցեն՝ Երևան, Եղվարդի խճուղի, 1), Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան կազմակերպում է բողոքի ակցիա:

Մի քանի օր առաջ Երևանում տեղի ունեցավ արյունալի մի սպանություն, կացնահարվեց մի ամբողջ ընտանիք, որի մայրը զոհ գնաց փեսայի հերթական հարձակմանը: Դեպքից մի քանի ամիս առաջ, «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարն իր «Վտանգավոր լռություն» թողարկման ընթացքում միակողմանիորեն դիտարկելով ընտանիքի խնդիրը և բռնարար հորը՝ Վլադիկ Մարտիրոսյանին ներկայացնելով որպես տուժող, հորդորել էր ամեն գնով վերականգնել ընտանիքն ու միանալ կնոջ հետ: Էժանագին շոուներով եթերը լցնող հաղորդաշարի պատասխանատուները ամենևին չեն գիտակցում, որ նման հոգեկերտվածքի մարդիկ ամեն խրախուսանքից մոտիվացվում ու նոր դրսևորումներով են ցուցաբերում իրենց բռնարար վարքը: Վլադիկ Մարտիրոսյանին՝ հաղորդաշարի ընթացքում ներկայացնելով որպես տուժող, միևնույն ժամանակ կրճատելով ու խեղաթյուրելով նրա նախկին զոքանչի հետ հեռախոսային զրույցը, «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարը թույլ է տվել մարդու իրավունքների տեսանկյունից կոպիտ սխալներ, միաժամանակ չի անդրադարձել Վլադիկ Մարտիրոսյանի դատվածությանը: Նախկինում՝ այդ նույն տղամարդը պարբերաբար ծեծի է ենթարկել իր կնոջը` Թագուհի Մանսուրյանին, վերջինիս դիտավորությամբ ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք է պատճառել: Դատարանն ապացուցված է համարել, որ Վ. Մարտիրոսյանը խոշտանգել է կնոջը, նա դատապարտվել էր ընդամենը 6 ամիս ժամկետով ազատազրկման ու չնայած վճիռը՝ Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանի կամայական որոշմամբ ի կատար չի ածվել, սակայն հաղորդաշարն իրավունք չուներ չանդրադառնալու նրա դատվածության փաստին:

Այսպիսով, «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի կողմից թույլ տված բազմաթիվ խեղաթյուրումներն ու իրավիճակի սխալ նկարագրումը ոչ միայն հանրային սխալ ընկալում է ստեղծել դեպքի ու ընտանիքի նկատմամբ, այլև մարդկային կյանքեր է արժեցել, որի պատասխանատվությունն է կրում նաև «Ա-ԹիՎի» հեռուստաընկերության «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարը: Բերելով բռնարարին տաղավար, ստեղծելով հոգատար հոր կերպար,պատկերացնում եք արդյոք որտե՞ղ էր այն հոգատար հոր կերպարը, երբ Վլադիկը երկամյա փոքրիկի ներկայությամբ կացնահարում էր երեխայի մորն ու հարազատներին:«Կիսաբաց լուսամուտներ» շոու ծրագրի ժամանակ Վլադիկը կարծես վստահեցնում էր, որ իր շարունակական հետապնդումների միակ դրդապատճառը որդուն տեսակցելն էր և որդու խնամքը ստանձնելն էր:

Հաղորդաշարի Վլադիկասեր անդամներ, արդյո՞ք ուսումնասիրել էիք դեպքի մանրամասները, գետեի՞ք արդյոք, որ նա ծեծում և նվաստացնում էր կնոջը՝ երբ վերջինս անգամ հղի էր, իսկ երեխայի աչքի առաջ էլ կացնահարեց մի ողջ ընտանիք:

Ինչու՞ եք մշտապես արդարացնում բռնարարին և էլ ավելի քարկոծում զոհին: Ու սա առաջին անգամը չէ, նմանատիպ մոտեցումը դարձել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի մոտեցումն ու գործելաոճը:

Հիշեցնում ենք, որ սույն թվականի հուլիսի 8-ին, դաժան սպանություն է տեղի ունեցել Երևանում, որն ուղեկցվել է կացնահարությամբ և անդամահատությամբ: Հանցագործությունը, որը կատարվել է Շենգավիթում՝ Վ. Մարտիրոսյանի կողմից, ունի նախապատմություն: Կացնահարվել է մի ողջ ընտանիք՝ տղամարդու կողմից, ով եղել է այդ ընտանիքի դստեր ամուսինը: Հարձակման արդյունքում կացնով սպանվել է ընտանիքի մայրը, իսկ հայրն ու դուստրը գտնվում են «Էրեբունի» բժշկական կենտրոնում:

Նախորդ Պահանջում ենք ազատ արձակել Անի Նավասարդյանին և քաղաքացիական ակտիվիստներին

Copyright © 2024 | Coalition to Stop Violence against Women NGO | All Rights Reserved