Հայերեն

    Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան կազմակերպել էր ազգային համաժողով՝ «Գենդերային բռնության կանխարգելումը Հայաստանում» վերտառությամբ, որը տեղի ունեցավ 2022 թվականի նոյեմբերի 29-ին Երևանում՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում գենդերային բռնության դեմ Հայաստանում» 2020-2022
    թվականների ծրագրի շրջանակում։

    Ավելի քան 100 մասնակիցներ հավաքվել էին մեկ հարկի տակ՝ քննարկելու առկա մարտահրավերները և օրենսդրական բացերը, որոնք ազդում են գենդերային հիմքով բռնության զոհերի, ներառյալ մարգինալ խմբերի կանանց վրա, ինչպես նաև քննարկելու գենդերային բռնության դեմ պայքարի և կանխարգելման ուղղությամբ մինչ օրս արձանագրված հաջողություններն ու առաջընթացը։

    Համաժողովի խոսնակների թվում էին Հայաստանում Եվրոպական միության դեսպանը, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը, Ազգային ժողովի պատգամավորներ, փոխնախարարներ, քրեական արդարադատության վարչության ղեկավարներ, տարբեր նախարարությունների առանցքային մասնագետներ և պետական մարմինների այլ ներկայացուցիչներ, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, որոնք ներկայացնում են ամբողջ Հայաստանից տարբեր մարգինալ խմբերի։

    Սույն զեկույցի նպատակն է ներկայացնել համաժողովի տարբեր խոսնակների ելույթները և ամփոփել քննարկումներն ու առաջարկությունները։

    Զեկույցը պատրաստված է համաժողովի ոգով` արձանագրելով բազմաթիվ դերակատարների կրկնվող կոչը, այն է՝ պետության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները պատրաստ են համագործակցելու և լայնածավալ ջանքեր գործադրելու գենդերային բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի ուղղությամբ: