Հայերեն

    Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի հայտարարությունը երեխաների նկատմամբ սեռական բռնության դեպքերի կանխարգելման կարևորության մասին.

     

     

     

     

    Սույն թվականի ապրիլի 11-ին ՀՀ Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած հերթական ցավալի դեպքը ընդգծեց մեր երեխաների պաշտպանության համար կանխարգելիչ միջոցառումների կարևոր և հրատապ անհրաժեշտությունը։ 13֊ամյա աղջկա նկատմամբ սեռական  բռնության այս դաժան պատմությունը ծառայում է որպես խիստ հիշեցում այն հետևանքների մասին, թե ինչ է տեղի ունենում, երբ պետությանը, և մասնավորապես, իրավապահ մարմիններին չի հաջողվում իրականացնել արդյունավետ կանխարգելիչ միջոցառումներ նման դեպքերից խուսափելու կամ նվազագույնի հասցնելու համար:

    Երեխաների նկատմամբ սեռական բռնության կանխարգելումը ոչ միայն բարոյական հրամայական է, այլև միջազգային իրավունքի պահանջ: Երեխաների իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան և Երեխաներին սեռական շահագործումից և սեռական բռնությունից պաշտպանության մասին Եվրոպայի Խորհրդի կոնվենցիան (Լանզարոտեի կոնվենցիան), անդամ պետություններին, ներառյալ Հայաստանի Հանրապետությանը, պարտավորեցնում են պաշտպանել երեխաներին ֆիզիկական և/կամ մտավոր բռնության բոլոր ձևերից և ապահովել նրանց անվտանգությունը սեռական բռնությունից և շահագործումից․

    • Երեխաները պետք է տեղեկացվեն սեռական շահագործման և սեռական չարաշահման ռիսկերի մասին, կարողանան ճանաչել դրանք, որպեսզի պատրաստ լինեն համարժեք արձագանքելու դրանց՝ այդ թվում մեծահասակներին ժամանակին տեղեկացնելու, ոստիկանություն ահազանգելու և այլ գործողությունների միջոցով;
    • Երեխաների հետ անմիջականորեն առնչվող անձինք, լինի դա խնամքի գործառույթ ունեցող, թե մատուցած ծառայությունների բերմամբ երեխաներին ներառող կազմակերպություններում, անկախ կազմակերպաիրավական ձևից պետք է պարտադիր պարբերաբար վերապատրաստվեն սեռական ոտնձգությունների կանխարգելման և արձագանքման թեմայով:
    • Սեռական հանցագործություն կատարած անձանց համար (թե՛ դատապարտված, թե՛ դատապարտվելու հավանականություն ունեցող) նախատեսված ծրագրերը կամ միջոցառումները պետք է կանոնավոր մշտադիտարկման ենթարկվեն:

    Ելնելով վերոգրյալից և միջազգային լավագույն փորձից՝ մենք վստահ ենք, որ համապարփակ սեռական դաստիարակությունը վճռորոշ դեր է խաղում կանխարգելման գործընթացում: Այն զորեղացնում է երեխաներին՝ նրանց գիտելիքներ տալով իրենց մարմնի, իրավունքների և առողջ հարաբերությունների մասին: Նման կրթությունը կարևոր նշանակություն ունի մարմնի անձեռնմխելիության, համաձայնության ուսուցման և ոչ պատշաճ վարքագիծը ճանաչելու համար՝ դրանով իսկ ձևավորելով պատշաճ արձագանում հնարավոր չարաշահումներին: Լավ մշակված կրթական ծրագրերը կարող են զգալիորեն նվազեցնել սեռական բռնության դեպքերը: Ավելին, կարևոր է, որ սեռական դաստիարակության ծրագրերը լինեն ներառական և մատչելի ձևաչափերով, որոնք հասանելի և օգտակար կլինեն տարբեր խոցելի խմբերի անձանց, ներառյալ՝ հոգեսոցիալական և մտավոր խնդիրներ ունեցող երեխաներին:

    Սեռական բռնության կանխարգելման լավագույն փորձը ներառում է համատեղ ջանքեր բազմաթիվ ոլորտներում, ներառյալ կրթության, առողջապահության, իրավապահ մարմինների և համայնքային կառույցների ոլորտներում: Արդյունավետ ռազմավարությունները ներառում են երեխաների հետ շփվող մասնագետների համար պարտադիր վերապատրաստումներ, համայնքի իրազեկման համապարփակ արշավներ և սեռական բռնության վերաբերյալ հաղորդումներ տալու ապահով  և զոհակենտրոն մեխանիզմների ստեղծում:

    Երեխաների նկատմամբ սեռական բռնությունը արդյունավետ կանխարգելելու համար շատ կարևոր է նաև իրականացնել նպատակային միջամտություններ, որոնք կանխում են հանցավոր վարքագիծը, նախքան դրա տեղի ունենալը:

    Այս սարսափելի իրադարձության լույսի ներքո, մենք՝

    • Խստորեն դատապարտում ենք անչափահասի նկատմամբ սեռական բռնության այս դեպքը
    • Կոչ ենք անում բոլոր շահագրգիռ կողմերին ակտիվացնել իրենց ջանքերը և ստանձնած պարտավորությունների ներքո ձեռնարկել խիստ, ակտիվ կանխարգելիչ միջոցառումներ
    • Պահանջում ենք պետությունից ակտիվ աշխատանք տանել հասարակության հետ, որպեսզի կրկնակի զոհականացումը բացառվի, փոխարենը հանրային պարսավանքի ալիքը թիրախի բռնարարին:

    Մենք կարող ենք պաշտպանել մեր երեխաներին և աշխատել մեր հասարակությունից սեռական բռնությունը վերացնելու ուղղությամբ, եթե համատեղ ջանքերով խթանենք ապահով միջավայրի երաշխավորումը երեխաների՝ այդ թվում և մասնավորապես սեռական բռնության ենթարկված երեխաների համար, որոնք չպետք է որևէ կերպ կրկնակի զոհականացվեն: