Հայերեն

    2023 թվականի նոյեմբերից մինչ օրս Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի անդամ կազմակերպությունները ավելի քան 300 արցախցի ընտանիքների են աջակցել Շիրակի, Լոռու, Տավուշի մարզերում ու Երևանում «Փոփոխելով ընտանեկան բռնության հարցերով օրակարգը Հայաստանում» ծրագրի շրջանակում:

    Շիրակի մարզում «Կանանց իրավունքների տուն»-ը ավելի քան 140 վերմակ է փոխանցել դրա կարիքն ունեցող ընտանիքներին, իսկ «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոնը հիգիենայի ու սպասքի 20 փաթեթ է տրամադրել հաշմանդամություն ունեցող արցախցիներին: Լոռիում «Սպիտակի Հելսինկյան խումբ» Իրավապաշտպան ՀԿ-ն հիգիենայի, տնտեսական ու անկողնային պարագաների, վերմակների ու բարձերի փաթեթներով օգնել է 45 ընտանիքի:

    «Կանանց ռեսուրսային կենտրոն»-ը մեկնարկել է դասընթացների շարք Արցախից բռնի տեղահանված հղի կանանց համար: Դասընթացները, որոնք վարել է ֆինլանդացի մասնագետը, իրազեկում են բեղմնավորման, հղիության ընթացքի, ծննդաբերության ու հետծննդյան խնամքի, կրծքով կերակրման վերաբերյալ: Աշտարակ ու Հրազդան քաղաքներում անցկացված դասընթացներին մասնակցել է 48 կին, որոնց դասընթացի ավարտին տրամադրվել են նաև առաջին անհրաժեշտության ապրանքների փաթեթներ՝ հղիների ու նորածինների հիգիենայի անհրաժեշտ իրերով: «Կանանց ռեսուրսային կենտրոն»-ը շարունակում է հղիների հետ հանդիպումները:

    «Կանանց աջակցման կենտրոն»-ի օգնությամբ 37 լվացքի մեքենա է ուղարկվել Տավուշի մարզի Բերդ քաղաքում ապաստանած արցախցի ընտանիքներին:

    Կոալիցիան ու անդամ կազմակերպությունները փորձում են մեղմել այն արհավիրքը, որ հաղթահարում են մեր հայրենակից արցախցիները: