Հայերեն

     

    Ընտանեկան բռնության պրակտիկաների իրական տարածվածությունը Հայաստանում
    անհնար է ճշգրտորեն գնահատել մի քանի պատճառներով: Նախ Հայաստանի
    ընտանիքներում բռնության որոշակի աստիճանի մշակութային նորմավորվածությունը և
    կանանց ներքնայնացված ինքնաստորադասումը հիմնականում թույլ չի տալիս մինչև
    վերջ հարցադրել խնդիրը ո՛չ բռնությունը կիրառողի, ո՛չ բռնությանը ենթարկվողի և ո՛չ էլ
    ականատես սոցիալական միջավայրի կողմից։ Բացի այդ, կանանց վարքի վերահսկման և
    սահմանափակման և այլ բռնարարքների ընդունելի շեմերը տարբերվում են հանրային
    տարբեր խմբերի ընկալումներում: Հետևաբար, նույնիսկ բռնության սահմանվածության
    պարագայում ունենք բռնության որպես այդպիսին ձևակերպման հանրայնորեն
    չհամաձայնեցված պատկերացում: Միաժամանակ բռնության խնդրի առերեսման
    դեպքում դրա բարձրաձայնման կամ պետական հաստատություններին ու
    հասարակական կազմակերպություններին դիմելու ցածր աստիճանը ևս թույլ չի
    տալիս ստանալ բռնության դեպքերի իրական և ամբողջական նկարագիրը։

    Սույն հետազոտությունը նախաձեռնել է Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան՝ որպես հանրության և կանանց թիրախային խմբերի հետ սեփական հաղորդակցական մեխանիզմների վերանայման քայլ։ Արձագանքելով առաջադրված խնդրին՝ Սոցիոսկոպի հետազոտական թիմը խնդրի բարելավման համար հետազոտության հիմք է ընդունել կանանց խմբերի կենսափորձի և կարիքների ուսումնասիրման միջոցով ընտանեկան բռնության շուրջ խոսակցության հնարավոր կետերի և հակասությունների բացահայտումը։