Հայերեն

    Ավելի քան 40 սպանված կանանց պատմություններ, որոնք զոհվել էին ընտանեկան բռնության արդյունքում՝ զուգընկերոջ կամ ամուսնու կողմից հասցված մահացու հարվածներից։
    «Առանց հուզմունքի հնարավոր չէ կարդալ այս պատմությունները, մի՞թե կարելի է այսքան դաժան լինել․․․», –  կարդալով պատմությունները՝ ինքն իրեն հարց էր տալիս մի տարեց տղամարդ, միաժամանակ վառելով մոմը՝ ի հիշատակ ընտանեկան բռնության զոհերի։
    Ամեն տարի, Հոկտեմբերի 1-ին, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան նշում է «Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրը», և՝ ի հիշատակ ընտանեկան բռնության զոհերի կազմակերպում Մոմավառություն՝ Երևանի պուրակներից մեկում։ Այս անգամ  մոմավառությունն անցկացվում էր ՄիսաքՄանուշյանի այգում, որտեղ մարդաշատ էր։
    «Ես ուղղակի խոսքեր չեմ գտնում դատապարտելու նման բռնությունը, – արցունքն աչքերին ասում էր մի կին,- Ես ինքս եմ եղել  շատ դաժան իրավիճակում, ու եթե չլիներ աջակցություն, դժվար թե կարողանայի դուրս գալ այդ իրավիճակից»։
    Այո, Հայաստանում, ամեն տարի գրանցվում է ընտանեկան բռնության դեպքերի աճ։  Ըստ ՀՀ ոստիկանության 2017 թվականի առաջին յոթ ամիսների տվյալների գրանցվել է ընտանեկան բռնության 416 դեպք, որից 235-ը, այսինք շոշափելի մեծամասնությունը ամուսնու կողմից կնոջ նկատմամբ։ 2018 թվականին Ոստիկանությունը Հայաստանում ընտանեկան բռնության շուրջ 1600 դեպք է արձանագրել: Իսկ 2019 թվականի առաջին 8 ամիսների ընթացքում ՀՀ ոստիկանությունը ստացել է 1270 ահազանգ: «Ընդդեմ կանանց նկատմամբ բռության» կոալիցիայի կողմից հավաքագրած տվյալներով այս տարի առնվազն 10 կին է սպանվել ընտանեկան բռնությունից, իսկ անդամ կազմակերպությունների թեժ գծերն անընդհատ ահազանգում են։
    Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ընտանեկան բռնության մասին իրազեկվածությունն ու աջակցություն ստանալու վերաբերյալ տեղեկատվություն ունենալը հնարավոր է դարձնում որոշակիորեն կանխլու բռնության դաժան դեպքերը։ Ուստի, Կոալիցիան այս տարի՝ Հոկտեմբերի 1-ին այցելել էր Լոռու մարզ՝ Սպիտակ և Վանաձոր քաղաքներ։ Կոալիցիայի անդամները հանրային իրազկեման ակցիա իրականացրեցին կենտրոնական հրապարակներում, տեղեկատվական նյութեր տրամադրեցին, զրուցեցին քաղաքացիների հետ, նաև՝ կազմակերպեցին ընտանեկան բռնության տեսակների վերաբերյալ գիտելիքները հարստացնող խաղ։

    Ըստ «Սպիտակի Հելսինկյան խումբ» ՀԿ նախագահ, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի անդամ Աշխեն Բաբայանի․ «Սպիտակում մարդիկ տեղեկատվության կարիք շատ ունեն, նրանք հետաքրքրվում էին, թե ինչ է ընտանեկան բռնությունը, ինչպիսի տեսակներ կան և ինչ տիպի աջակցություն կարող է ստանալ ընտանկան բռնության ենթարկված անձը։ Կարծում եմ, նման իրազեկման ակցիաների կարիքը մենք շատ ունենք»։

    Ընտանեկան բռնության դեմ պայքարի օրը #Սպիտակում

    Gepostet von Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ ՀԿ / Real World, Real People NGO am Dienstag, 1. Oktober 2019

    Շրջելով Վանաձորի մարդաշատ վայրերով, Կոալիցիայի անդամներն ու աջակիցները շատ ոգևորված էին՝ մարդկանց արձագանքից։ Ինչպես նշեց Կոալիցիայի աջակից և հոգեբան Էլվիրա Մելիքսեթյանը․

    «Ինձ թվում է շատ կարևոր էր դա անել Վանաձորում։ Ես ու ընկերուհիս միասին էինք շրջում, և բոլորը կարևորություն էին տալիս էդ պրոցեսին, շնորհակալություն հայտնում մեզ՝  նախ, որ անում ենք դա ու որ իրենց տեղեկատվություն էինք տալիս, անկեղծ ասած կյանքումս եթե ոչ միակ, ապա եզակի նմանատիպ ակցիան էր, երբ կանայք իրենք էին շնորհակալ մեզ էս անելու համար, շատ կարևոր էր հենց այդ զգացողությունը։ Էս հաղորդակցության մեջ ինչ-որ քույրության, փոխօգնության պահ կար, ասես ինչ-որ թաքուն, կարևոր բան էինք անում իրար համար, մենք’ տեղեկատվությունը փոխանցելով, իրանք’ վերցնելով ու արժևորելով դա, միգուցե ինչ-որ մեկին փոխանցելով։ Խորհրդավոր ինչ-որ բան կար այդ ամենի մեջ։ Ոչ մի թռուցիկ աղբամանում չի հայտնվել բաժանելուց հետո, առնվազն հարյուրական թռուցիկ ենք բաժանել մեկից երկու ժամում …
    Մի այլ տիպի կարևոր էի համարում-ապրում-զգում էս միջոցառման իրականացումը էստեղ՝ Վանաձորում։ Տեղեր կային, որ արցունքներն աչքերին էինք շփվում կանանց հետ, տեղեր կային’ ժպտալով կամ անտարբեր, բայց ամեն կանգառ կարևոր էր, էդպես էի զգում։ Էդպես էլ կա», – ասում է Էլվիրա Մելիքսեթյանը։

    Իրազեկման ակցիա Վանաձորում#Հոկտեմբերի1 #ԸնտանեկանԲռնությանԴեմԱզգայինՕր

    Gepostet von Arman Gharibyan am Dienstag, 1. Oktober 2019

    Երեկոյան, Երևանում անցկացված Մոմավառության ժամանակ, նույնպես, մարդիկ մոտենում ու կարդում էին սպանված կանանց պատմությունը, վերցնում տեղեկատվական նյութեր ու նշում, որ հաճախ է պետք նման միջոցառումներ կազմակերպել, և ոչ միայն Հոկտեմբերի 1-ին, քանի որ այս ազդակը պետք է հնչի ու հանրությունը պետք է ընկալի ու հասկանա, թե ինչ ավերիչ հարված է հասցնում ընտանեկան բռնությունը մեր հասարակությանը։

    Ընտանեկան բռնության դեմ պայքարի օր

    #Հոկտ1 #Oct1 #ԸԲդեմպայքարիԱզգայինօր #NationalDayToCombatDVinArmenia

    Gepostet von Coalition to Stop Violence against Women am Dienstag, 1. Oktober 2019

    Հիշեցնենք, որ

    Ամեն տարի «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան Հոկտեմբերի 1-ը նշում է որպես «Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր։
    2010թ. հոկտեմբերի 1-ին, ամուսնու կողմից դաժան ծեծի հետևանքով զոհվեց 20-ամյա Զարուհի Պետրոսյանը: Սա միակ դեպքը չէր Հայաստանում, սակայն իր դաժանությամբ ցնցեց  հասարակությանը: Դեպքից հետո ընտանեկան բռնության խնդրով մտահոգ հասարակական կազմակերպությունները միավորվեցին՝ ստեղծելով  «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության»  կոալիցիա, որի պահանջն էր արդար դատավարություն, ընտանեկան բռնության դեպքերի կանխարգելում և օրենսդրական դաշտի կարգավորում։