Հայերեն

    «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» 10 տարեկան է։ 2010թ․  հոկտեմբերի 1-ին, ընտանեկան բռնության արդյունքում սպանված 20-ամյա Զարուհի Պետրոսյանի դեպքը համախմբեց մեզ, որպեսզի առավել արդյունավետ կերպով ու միասնաբար պայքարենք։ Մենք պահանջեցինք արդար դատաքննություն, ընտանեկան բռնության կանխարգելման օրենսդրության ընդունում և փորձեցինք կոտրել հանրային լռությունը՝ ընտանեկան և գենդերային բռնության շուրջ։

    Այս 10 տարիների ընթացքում մենք կազմակերպել ենք հանրային ու տեղեկատվական մի շարք արշավներ, որոնց արդյունքում ընդհատվել է լռության շղթան․ բազմաթիվ կանայք այժմ խոսում ու բարձրաձայնում են բռնության և դրա դեմ պայքարի անհրաժեշտության մասին։ Մեր համառ ջանքերի շնորհիվ պետությունն ընդունել է ընտանեկան բռնության կանխարգելման օրենսդրություն, որը, թեև լրամշակման ու արդյունավետ կիրարկման կարիք ունի, բայց արդեն իսկ գործում է որպես կանխարգելման մեխանիզմ։ Մշտադիտարկումների միջոցով մենք վեր ենք հանել դատական համակարգում կանանց իրավունքների պաշտպանության խնդիրները, մարդու իրավունքներին վերաբերող բոլոր միջազգային զեկույցներում ներկայացրել կանանց իրավունքների իրավիճակային վերլուծություն։ Մենք ազդել ենք մեդիա դաշտի զգայունության վրա, մեր գիտելիքներով ու փորձով կիսվել բազմաթիվ հաստատությունների հետ և պահանջել պետության հաշվետվողականություն՝ գենդերային բռնության և կանանց իրավունքների պաշտպանության հարցում։ 

    Իհարկե, անելիքներ դեռ շատ կան՝ կանանց համար ապահով և բռնությունից զերծ միջավայր ձևավորելու համար, և մենք շարունակելու ենք պայքարել՝ ձեզ հետ միասին։ Շնորհակալ ենք այս տարիների ընթացքում մեր կողքին լինելու և մեզ աջակցելու համար։
    Իսկ թե ինչու՞ են մարդիկ միանում մեր պայքարին, կարող եք ծանոթանալ կից տեսանյութերում։