Հայերեն

    Հերթական կնասպանության դեդպքը․ 30-ամյա Մարիամ Ասատրյանը սպանվել է մայիսի 9-ին՝   Արարատի մարզի Այնթապ գյուղին հարակից դաշտամիջյան տարածքում ռետինե խողովակով, փայտյա մահակով և այլ առարկաներով իր վաղեմի ծանոթի կողմից դաժան  ծեծի ենթարկվելու արդյունքում։ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամ կազմակերպության՝ «Կանանց աջակցման կենտրոնի» ներկայացուցիչները բազմիցս՝ 2017 թվականից ի վեր տեղեկացրել են իրավապահ մարմիններին Մարիամ Ասատրյանին սպառնացող վտանգի մասին, սակայն՝ սպառնալիքը մեղմելու ուղղությամբ գործուն քայլեր չեն ձեռնարկվել։

    «Կանանց աջակցման կենտրոնի» ծրագրերի ղեկավար Հասմիկ Գևորգյանը՝ մայիսի 13-ին «Մեդիա Կենտրոն»-ում կայացած  «Մարիամ Ասատրյանի սպանության դեպքը. իրավապաշտպաններն ահազանգում են իրավապահների անգործության և կնասպանության չկանխարգելման մասին» թեմայով ասուլիսի ընթացքում ներկայացրեց որոշ մանրամասներ։

    Մարիամ Ասատրյանը կենտրոնին դիմել է 2017 թվականի հոկտեմբերին՝ թեժ գծի միջոցով։Եղել է զուգընկերոջ կողմից դաժան ծեծված, ձեռքը կոտրած վիճակում, Մարմնի վրա եղել են կտրող-ծակող գործիքներից հասցված վնասվածքներ։ Նա երկու ամիս ապրել է «Կանանց աջակցման կենտրոնի» կացարանում, ապա իր կամքով դուրս եկել այդտեղից։

    Հաջորդ անգամ Մարիամ Ասատրյանը Կենտրոնին դիմել է 2018 թվականին՝ հերթական դաժան ծեծից հետո, երբ կոտրված էր երկու ձեռքը։ Իրավապահ մարմինները տեղյակ են եղել Մարիամի պարբերական ծեծի ենթարկվելու և մարմնական վնավածքների մասին, սակայն քայլեր չեն ձեռնարկել։ Մարիամի երեխաները գտնվել են հատուկ հաստատությունում, քանի որ նա մշտական բնակության վայր չի ունեցել, իսկ սոցիալական կախվածությունը  բռնություններ գործադրողից եղել է չափազանց բարձր։

    «Մարիամը մշտապես եղել է վախի ու կախվածության մեջ, որի մասին տեղյակ են եղել իրավապահ մարմինները, սակայն լուրջ քայլեր չեն ձեռնարկել», – ընդգծել է  «Կանանց աջակցման կենտրոնի» ծրագրերի ղեկավար Հասմիկ Գևորգյանը։ Կենտրոնի փաստաբան Նոնա Գալստյանի կարծիքով ևս, որևէ լուրջ միջոցառում չի իրականացվել՝ ապահովելու համար նախ կնոջ անվտանությունն ու սպառնալիքները  չեզոքացնելու ուղղությամբ, ինչպես նաև՝ նրա անչափահաս երեխաների վերաբերյալ հոգ տանելու ուղղությամբ։ « Այստեղ մենք ունենք իրավասու մարմիններ, որոնք պարտավոր էին հոգ տանել երեխաների մասին, սակայն որևէ միջոց չեն ձեռնարկել։ Մեր ջանքերով  այդ երեխաները տեղավորվել են  մանկատանը, սակայն խնամակալության ոչ կոմպետենտ մարմինների եզրակացությունների պատճառով երեխաները կրկին հայտնվել են բռնության միջավայրում», – նշում է Նոնա Գալստյանը։

    Կենտրոնի սոցիալական աշխատող Ալվարդ Կարապետյանը ևս չի համակերպվում այն փաստի հետ, որ անչափ խոցելի ֆինանսական անկայուն, բռնության միջավայրում ապրող կնոջը պետական մարմինները դիտարկել են որպես կայուն և վերադարձրել երեխաներին։
     «Փոքրիկը եղել է 40 օրական, մեծը՝ 3 տարեկան, պարբերաբար սոված, անխնամ․․․Մեծ տղային շատ անգամ ինչ-ինչ խնդիրների հետ կապված առևանգել են, հաճախ մնացել է մեքենայի բեռնախցիկում․․․ Շատ դժվար է որոշում կայացնել և երեխային հանձնել մանկատուն, սակայն այդ վիճակում, երբ երեխաների կյանքին և առողջությանը վտանգ էր սպառնում, այլ ելք չկար։ Ինչպե՞ս կարելի էր նման որոշում կայացնել և երեխաները նորից հայտնվեին այդ վիճակում։ Պատկան մարմինների անհիմն եզրակացությունը մեզ ուղղակի ապշեցրել էր․․․ Այժմ երեխաները  մանկատանն են, նրանց վիճակը նորմալ է, երեխաները, բարեբախտաբար, վնասված չեն» ,- ավելացրեց Ալվարդ Կարապետյանը։

    Կենտրոնի փաստաբան Նոնա Գալստյանը տեղեկացրեց, որ սպանված կնոջ  հետ կապված ոստիկանությունում հաղորդում է ներկայացվել բազմիցս՝ թե՛ մարմնական վնասվածքների, թե՛ սպառնալիքների վերաբերյալ, սակայն սա ամենը չէ։ Կենտրոնի շահառուներից եղել է մեկ այլ կին ևս, որը տուժել է նույն բռնարար երիտասարդի գործողություններից ,և  հաղորդում է ներկայացրել ոստիկանություն նույն տղամարդու դեմ։ Այդ երիտասարը կնոջը ներգրավվել է սեռական ծառայություններ մատուցելու գործընթացի մեջ։ «Ունենալով երկու ահազանգ և նույն երիտասարդից տուժած առնվազն երկու կին, ոստիկանությունը որևէ միջոց չի ձեռնարկել»։ Իրավապաշտպանների հավաստմամբ, այդ երիտասարդը չի հանդիսացել սպանված կնոջ ամուսինը, այլ եղել է զուգընկերը, իսկ ընտանեկան բռնության կանխարգելման օրենքով կանխարգելիչ միջոցներ իրականացնելու, ապա նաև քրեական հետապնդում իրականացնելու ուղղությամբ պետությունը թերացել է ու ոստիկանության բացահայտ անգործության հետևանքով մենք ունենք կնասպանության ևս մեկ դեպք, որն առանձնանում է իր դաժանությամբ։
    Մարիամ Ասատրյաի նախկին շահերի ներկայացուցիչը՝  Ամալյա Ավագյանը ևս նշեց, որ  տուժողը պարբերաբար հրաժարվել է իր դիմումից, սակայն հիմքում ընկած է եղել այն փասստը, որ նա եղել է վախի ազդեցության տակ, իսկ ՀՀ քրեական դատավարության  օրենսդրության 183-րդ հոդվածի 4-րդ մասով, եթե հիմնավորվում է, որ տուժողը եղել է անօգնական վիճակում, քրեական գործը՝ անկախ նրա կամքից, շարունակվում է, բայց քրեական գործերը մնացել են անհետևանք և  կարճվել են։
    Քննչական մարմիններն անգործության են մատնել այս գործը։ «Մենք ունենք ևս մեկ շահառու, որը տվել է ցուցմունք, որ բռնարարը ծեծի է ենթարկել Մարիամ Ասատրյանին, մեկ այլ կնոջը և երրորդ անձի, ստիպել ներգրավվել սեռական ծառայություններ մատուցելու գործընթացի մեջ, սակայն քննչական մարմինը անուշադրության է մատնել այս փաստը։ Սա թրաֆիքինգի  տարրեր պարունակող դեպք է», – նշել է Ամալյա Ավագյանը։

    «Կանանց աջակցման կենտրոնի» կողմից դեպքի առնչությամբ գրություն է գնացել թե՛ ՀՀ ոստիկանապետ Վ․ Օսիպյանին, թե՛ Մարդու իրավունքների պաշտպան Ա․ Թաթոյանին, որում նշված է եղել, որ դեպքը պարունակում է նաև թրաֆիքինգի տարրեր, սակայն բավարար ուշադրության չի արժանացել։