Հայերեն

     


    Կանանց և աղջիկների նկատմամբ բռնությունը տարածված է ամբողջ աշխարհում։ Այն ուղեկցել է մարդկությանը ողջ պատմության ընթացքում, կրել և կրում է սիստեմիկ բնույթ, ներհյուսվում է սոցիալական կառուցվածքների մեջ։ Կանանց և աղջիկների նկատմամբ բռնությունը դուրս է տարիքային, սոցիալ-տնտեսական և աշխարհագրական սահմաններից, ազդում է հասարակության բոլոր շերտերի վրա։

    Տեղեկատվական դարաշրջանում, երբ լրատվական հոսքերն ու համացանցը մարդու կենսագործունեության անքակտելի մասն են դարձել, լրատվությունն ու լրագրողները ստացել են ազդեցության ավելի մեծ լծակներ, ինչը հնարավորություն է տալիս լայնորեն և խորությամբ անդրադառնալու կանանց և աղջիկների նկատմամբ բռնության խնդրին։

    Կանանց նկատմամբ ընտանեկան և սեռական բռնության վերաբերյալ հայաստանյան ԶԼՄ-ներում 2019-2020 թվականներին հրապարակված նյութերի հիման վրա կատարված վերլուծության նպատակն է ուսումնասիրել հայաստանյան զանգվածային լրատվական միջոցներում կանանց նկատմամբ ընտանեկան և սեռական բռնության թեմայի լուսաբանման միտումները, վեր հանել դրանց հետ կապված էթիկական և այլ խնդիրները և դրանց հիման վրա ներկայացնել խորհուրդներ լրագրողներին ու լրատվամիջոցներին, ինչպես նաև առաջարկություններ բոլոր շահագրգիռ կողմերին։

    «Խնդիրներ և խորհուրդներ կանանց նկատմամբ ընտանեկան և սեռական բռնության թեմայի լուսաբանման վերաբերյալ» լրագրողների համար ձեռնարկին, որը ստեղծվել է սույն վերլուծության հիման վրա, կարող եք ծանոթանալ այստեղ։