ՀՀ քննչական կոմիտեում ուսումնասիրվել են  ՔԿ վարույթում 2018 թվականի ընթացքում ընտանիքում բռնության վերաբերյալ քննված քրեական գործերը։

Այսպես՝ ուսումնասիրությունների համաձայն՝ նշված ժամանակահատվածում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում 2018 թվականի ընթացքում քննվել է ընտանիքում բռնության վերաբերյալ 519 քրեական գործ՝ նախորդ տարվա 458-ի դիմաց:

Քրեական գործերի մեծ մասը վերաբերում է ամուսնու կողմից կիրառված բռնությանը, գրանցվել են նաև ընտանիքի այլ անդամների կողմից կատարված առերևույթ հանցագործության դրսևորումներ։

Այսպես՝  519 քրեական  գործերից

267-ը վերաբերել է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված՝ ծեծին,

66-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով նախատեսված՝ սպանության կամ առողջությանը ծանր վնաս պատճառելուն կամ գույք ոչնչացնելու սպառնալիքին,

34-ը՝  ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված՝ դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելուն,

17-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով նախատեսված՝ սեռական հարաբերությանը 16 տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթ գործողություններ կատարելուն 16 տարին չլրացած անձի հետ,

15-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածով նախատեսված՝ ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելուն,

12-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածով նախատեսված՝ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելուն,

12-ը՝  ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածով նախատեսված՝ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելուն,

11-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելուն,

10-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով նախատեսված՝ սպանությանը,

8-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածով նախատեսված՝ բռնաբարությանը,

7-ը՝ 167.1-րդ հոդվածով նախատեսված՝ ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելուն,

6-ը՝ 133-րդ հոդվածով նախատեսված՝ ազատությունից ապօրինի զրկելուն,

5-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածով նախատեսված՝ գույքը դիտավորությամբ ոչնչացնելուն կամ վնասելուն,

5-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածով նախատեսված՝ մարդուն առևանգելուն,

3-ը՝ 353.1-րդ հոդվածով նախատեսված՝ անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելուն,

3-ը՝  ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով նախատեսված՝ ինքնասպանության հասցնելուն,

2-ը՝ 106-րդ հոդվածով նախատեսված՝ մոր կողմից նորածին երեխայի սպանությանը,

1-ը՝ 120-րդ հոդվածով նախատեսված՝ անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելուն,

1-ը՝ 121-րդ հոդվածով նախատեսված՝ անզգուշությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելուն,

1-ը՝ 167-րդ հոդվածով նախատեսված՝ ծնողներից կամ այն անձանցից, որոնց վրա դրված է երեխայի դաստիարակության և խնամքի պարտականությունը, երեխային ապօրինի բաժանելուն կամ երեխային փոխելուն,

1-ը՝ 168-րդ հոդվածով նախատեսված՝ խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքին կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքին,

1-ը՝ 169-րդ հոդվածով նախատեսված՝ որդեգրման գաղտնիքը հրապարակելուն կամ որդեգրման համաձայնություն տալուն հակելուն կամ հարկադրելուն և այլն:

Ուսումնասիրությունների արդյունքում հայտնի է դարձել, որ ընտանիքում կատարված հանցագործություններից 12-ը եղել են մոր, 27-ը՝ հոր, 2-ը` խորթ հոր, 13-ը՝ եղբոր/քրոջ, 4-ը տատի/պապի, 40-ը` զավակի (այդ թվում՝ որդեգրվածի), 193-ը՝ ամուսնու, 12-ը՝ կնոջ,  7-ը՝ թոռան, 9-ը՝ ամուսնու ծնողների, 13-ը՝ հարսի/փեսայի կողմից կատարված:

Վարույթում գտնվող գործերով որպես տուժող ճանաչվել է 493 անձ, որոնցից 25-ը՝ մինչև 12 տարեկան, 8-ը՝ 12-14 տարեկան, 24-ը՝ 14-16 տարեկան, 9-ը՝ 16-18 տարեկան, 183-ը՝ 18-35 տարեկան, 244-ը՝ 35 տարեկանից բարձր:

Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 82 քրեական գործ՝ 85 անձի վերաբերյալ:

Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու վերաբերյալ դատարան է ներկայացվել 14 միջնորդություն:

Նյութի աղբյուրը՝  http://investigative.am