Հայերեն

Դիտարկումներ և առաջարկներ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Սույն թվականի նոյեմբերի 16-ին ՀՀ Կառավարությունը 1433-Ա որոշմամբ հավանություն տվեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» վերտառությամբ օրենքի նախագծին և հարակից օրենքների նախագծերի փաթեթին (այսուհետ՝ Նախագիծ), որոնցում տեղ են գտել մի շարք փոփոխություններ նախկինում հանրային քննարկման ներկայացված «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի և հարակից օրենքների նախագծի համեմատությամբ:

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան (այսուհետ՝ Կոալիցիա) ողջունում է Նախագծում տեղ գտած մի շարք բարելավումներ, ինչպիսիք են հոգեբանական բռնության դրսևորումների մեջ հղիության արհեստական ընդհատման հարկադրանքի ներառումը, անտեսման, որպես ընտանեկան բռնության առանձին տեսակի նախատեսումը, ռեաբիլիտացիոն ծրագրերի սահմանումը և դրանց կիրառման դեպքերի մատնանշումը, սոցիալական աշխատողի ներգրավումը բռնություն գործադրած անձի և բռնությունից տուժած անձի հետ աշխատանքներում, բռնություն գործադրած անձի վրա գործադրված բռնության պատճառով ծագած ծախսերը հատուցելու պարտականություն դնելը, պաշտպանական որոշումները երկու անգամ երկարաձգելու հնարավորության սահմանումը, գործի փաստական հանգամանքների ի պաշտոնե (“ex officio”) պարզումը քաղաքացիական դատարանի կողմից պաշտպանական որոշումների կայացման ժամանակ և ընտանեկան բռնության մասնավոր մեղադրանքի գործերը ex officio կարգով շարունակելու ընթացակարգ սահմանող նորմերի նախատեսումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում:

Միաժամանակ, Կոալիցիան իր խորին վրդովմունքն է հայտնում լրամշակված նախագծում տեղ գտած այն համակարգային փոփոխությունների կապակցությամբ, որոնք խեղաթյուրում են նախագծի բուն իմաստը և զգալիորեն թուլացնում դրա արդյունավետությունը: Մասնավորապես.

  1. Միջազգային իրավական փաստաթղթերում, այդ թվում նաև ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերում և դրանց ընդհանուր հանձնարարականերում[1] և անհատական որոշումներում, տարածաշրջանային իրավական փաստաթղթերում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում, Եվրոպայի խորհրդի բանաձևերում և այլ փաստաթղթերում օգտագործվող և  միջազգային հանրային իրավունքում իր ուրույն նշանակությունը ունեցող «ընտանեկան բռնություն» տերմինը փոխարինվել է «ընտանիքում բռնություն» արտահայտությամբ, որն անգամ ամենալայն մեկնաբանման դեպքում չի կարող արտահայտել ընտանեկան բռնությանը տրված միջազգային իրավական բովանդակությունը՝ դրանով իսկ թուլացնելով օրենքի գործողության շրջանակն ու արդյունավետությունը:
  2. Ընտանիքում համերաշխության վերականգնման ապահովումը որպես օրենքի նպատակ ներառելը Նախագծում փոփոխում է օրենքի բուն ուղղվածությունը՝ բռնության ենթարկված անձանց պաշտպանությունից դեպի համերաշխության վերականգնում: «Համերաշխությունը» սուբյեկտիվ ընկալման տեղիք տվող տերմին է. այն կարող է դրսևորվել նաև կնոջ՝ իր ամուսնու կողմից կիրառվող բռնությունների հետ հաշտվելով: Գտնում ենք, որ այս սկզբունքի ներառումը հակասում է օրենքի իրավական որոշակիության սկզբունքին և մարդու, որպես բարձրագույն արժեքի, իրավունքները ստորադասվում են հասարակության այլ անդամների կողմից սուբյեկտիվ կերպով գնահատվող «ընտանիքի համերաշխությանը»:
  3. Այս համատեքստում մեր կողմից բազմիցս բարձրաձայնվել է դեռևս նախկին նախագծով ներմուծված հաշտարարության ինստիտուտի կիրառման խնդրահարույց լինելու մասին հարցադրումը: Միջազգային փորձից ելնելով կարելի է փաստել, որ հաշտարարության ինստիտուտի կիրառումը արդյունավետ է կողմերի հավասարության պարագայում, ինչը բացակայում է ընտանեկան բռնություն գործադրած և ընտանեկան բռնության ենթարկված անձանց միջև հարաբերություններում: Ընտանեկան բռնության գործերով հաշտարարության կիրառման խնդրահարույց և ոչ արդյունավետ լինելու վերաբերյալ դիրքորոշում է հայտնել նաև ՄԱԿ-ի Կանանց նկատամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոմիտեն իր 33-րդ ընդհանուր հանձնարարականում:[2]
    Դեռ ավելին, լրամշակված Նախագծով հաշտարարության փոխարեն կիրառվում է «հաշտեցում» տերմինը, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում արվող փոփոխություններով հստակեցվում է, որ հաշտեցումը տարբերվում է հաշտարարությունից. հաշտարարության կանոնները այս դեպքում կիրառելի չեն, իսկ հաշտեցումն իրականացվելու է լիազոր մարմնի մշակած կարգով Աջակցման կենտրոնների կողմից: Այսինքն հաշտեցման կանոնները, ընթացակարգերը և «հաշտեցնողների» նկատմամբ ներկայացվող պահանջները դեռևս անհայտ են:
    Միևնույն ժամանակ որևէ տրամաբանության չի ենթարկվում առավելագույնը 20-oրյա ժամկետով կիրառվող անհետաձգելի միջամտության որոշման կիրառման ժամանակահատվածում հաշտեցման ընթացակարգի իրականացումը, առավել ևս, որ  անհետաձգելի միջամտության որոշումը ոստիկանը կարող էր կայացնել միայն ընտանիքի անդամի կյանքի և առողջության ապահովման նպատակով, եթե ընտանիքի մեկ անդամի կողմից մյուսի նկատմամբ բռնություն է կիրառվել և առկա է հիմնավոր ենթադրություն բռնության կրկնման կամ շարունակման անմիջականորեն սպառնացող վտանգի մասին: Այսինքն նույնիսկ բռնության կրկնման հիմնավոր ենթադրության դեպքում ընտանիքի հաշտեցումն ավելի կարևոր է դասվում, քան ընտանիքի անդամի անվտանգությունը, և պետական մարմինը (Աջակցման կենտրոնը) պարտավորվում է դիմումի առկայության դեպքում իրականացնել «հաշտեցման» գործընթացը:
    Կոալիցիան այս նորմը գնահատում է, որպես ինքնանպատակ, պնդելով, որ այն ոչ միայն չի ենթարկվում տրամաբանության կանոններին, այլ նաև հակասում է ՀՀ կողմից ՀՀ ահմանադրությամբ և բազմաթիվ միջազգային պայմանագրերով ստանձնած իր պոզիտիվ պարտավորություններին՝ պաշտպանելու իր քաղաքացիների կյանքը, անվտանգությունն ու անձնական անձեռնմխելիությունը:
  1. Ընտանիքում ավանդական արժեքների ամրապնդումը և ընտանիքում համերաշխության վերականգնումը, որպես ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության սկզբունք ներառելը Նախագծում հակասում է իրավական որոշակիության սկզբունքին, քանի որ «ավանդական արժեքների» սահմանումը ՀՀ իրավական որևէ փաստաթղթում բացակայում է: «Ավանդական արժեք» եզրույթը չի հանդիսանում իրավական կատեգորիա,  ուստի հետագայում անգամ իրավակիրառ գործունեության մեջ անհնարին կլինի մասնավորեցնել այդ եզրույթի բովանդակության շրջանակը, քանի որ այն ուղղակիորեն կապված է սուբյեկտիվ ընկալման հետ և յուրաքանչյուր դեպքով՝ կախված իրավահարաբերության սուբյեկտների անձնական հատկանիշներից, իրավագիտակցության մակարդակից, կրթվածության աստիճանից և այլ հանգամանքներից, ավանդական արժեքների շրջանակը և բովանդակությունը միանգամայն տարբեր կլնինի, ինչը գործնականում կհանգեցնի իրավական որոշակիության սկզբունքի խախտման և մարդու մի շարք հիմնարար իրավունքների ոտնահարման: Այն նաև հակասում է մարդու իրավունքների պաշտպանության միջազգային սկզբունքներին և  Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի 5-րդ հոդվածի ա/ կետով ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին:
  2. Նախագծով ընտանեկան բռնության ենթարկված անձի կարգավիճակ տրվել է այն անձին, ով ըստ համապատասխան որոշման կամ դատական ակտի՝ տուժել է ընտանիքում բռնությունից: Մինչդեռ նման իրավակարգավորման դեպքում ընտանեկան բռնության մի շարք զոհեր կարող են զրկվել իրավական պաշտպանություն ստանալու հնարավորությունից այն հիմքով, որ նրանց նկատմամբ կատարված բռնության դեպքով դեռևս մեկ այլ անձի՝ բռնարարի հանդեպ չի կայացվել համապատասխան որոշում՝ օրինակ, նախազգուշացման կամ անհետաձգելի միջամտության, այն պայմաններում, երբ գործնականում ոստիկանի կողմից այդ որոշումները կարող են և ինչ-ինչ պատճառներով չկայացվել: Գտնում ենք, որ անձն ընտանեկան բռնության ենթարկվածի կարգավիճակ պետք է ձեռք բերի իր նկատմամբ կատարված բռնության դեպքով պայմանավորված, այլ ոչ թե այդ դեպքի արդյունքում կիրառման ենթակա որևէ որոշման կայացման ուժով:
  3. Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ ենթակետի համաձայն, հոգեբանական բռնությունը սահմանվում է որպես դիտավորությամբ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, այդ թվում՝ ֆիզիկական, սեռական կամ տնտեսական բռնություն գործադրելու իրական սպառնալիքը… Բռնություն համարվելու համար, իհարկե, սպառնալիքները չպետք է կրեն հումորային բնույթ կամ լինեն չափազանց անիրական: Սակայն դրանց իրական լինելու պայմանը սահմանման մեջ ներառելը կարող է անհամաչափ բեռ դնել բռնության զոհ դարձած անձի համար՝ հիմնավորելու սպառնալիքների իրական լինելը: Նույն կերպ բռնության սպառնալիքի պայմաններում ապրող կանայք տարիներ շարունակ չեն կարողանում պաշտպանություն ստանալ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի շրջանակներում, քանի որ դժվարանում են հիմնավորել սպառնալիքներն իրականացնելու իրական վտանգը:
  4. Նախագծով անհետաձգելի միջամտության որոշմամբ ներառվող սահմանափակումներից հանվել է բռնություն գործադրած անձի` երեխաների հետ տեսակցության ժամանակավոր ժամանակացույց սահմանելու մասին դրույթը, որը ևս ընդունելի չէ: Գտնում ենք, որ կյանքին և առողջությանը սպառնացող վտանգի վերացման նպատակով կիրառվող այս միջոցի դեպքում նման սահմանափակում չնախատեսելու պարագայում բռնություն գործադրած անձը երեխայի հետ տեսակցելը կարող է օգտագործել զոհին լրացուցիչ սպառնալու, ճնշելու կամ նրան իրական վնաս հասցնելու նպատակով:
  5. Նախագծով պաշտպանական որոշման շրջանակում երեխաների հետ տեսակցության ժամանակավոր ժամանակացույց սահմանելու մասին դրույթը հանվել է, թողնելով միայն տեսակցությունները արգելելու մասին պայմանը, ինչը ևս ընդունելի չէ: Անկախ ընտանիքում բռնություն կիրառված լինելու փաստից՝ երեխաներն ունեն ծնողների հետ շփվելու օրենքով երաշխավորված իրավունքը՝ հետևապես այդ իրավունքից զրկելը՝ առանց որպես այլընտրանք տեսակցության ժամանակացույց սահմանելու հնարավորության, ոչ միշտ կարող է համաչափ լինել երեխայի լավագույն շահի ապահովմանը:
  6. Ապաստարանի գտնվելու վայրը հրապարակելու վերաբերյալ Նախագծով նախատեսված իրավակարգավորումը թերի է, որպես սուբյեկտներ պետք է ներառել նաև ընտանեկան բռնության ենթարկված և (կամ) նրանց խնամքի տակ գտնվող անձանց, քանի որ գործնականում չի բացառվում, որ առավելապես նշված անձանց կողմից կարող են հայտնվել այդ տեղեկությունները:

 

Ելնելով վերոգրյալից, Կոալիցիան, որպես տարիներ շարունակ ընտանեկան բռնության ենթարկվող կանանց հետ աշխատող և վերջիններիս խնդիրները բարձրաձայնող կազմակերպություն պահանջում է.

  1. վերականգնել Նախագծի նախկին անվանումը և «ընտանիքում բռնություն» տերմինի փոխարեն օգտագործել «ընտանեկան բռնություն» տերմինը,
  2. նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ ենթակետից հանել «ընտանիքում ավանդական արժեքների ամրապնդման և ընտանիքում համերաշխության վերականգնման» արտահայտությունը,
  3. «հոգեբանական բռնության» սահմանումից հանել «իրական» բառը,
  4. հոգեբանական բռնության շրջանակում ընդգրկել կնոջ կամ աղջկա բնականորեն վերարտադրելու կարողությունը կորցնելուն կամ դրան հանգեցնող վիրահատության կատարմանը հարկադրելը, ինչպես նաև անձի վարքագծի վերահսկումը, հետևյալ սահմանմամբ՝ դիտավորությամբ շարունակաբար անձի վարքագիծը կամ գործողությունները վերահսկելը և կառավարելը՝ դրանք սեփական պատկերացումներին, ցանկություններին և կամքին համապատասխանեցնելու նպատակով անձի անօգնական վիճակն օգտագործելով, շանտաժի, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ անձի նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով,
  5. վերականգնել Նախագծում անհետաձգելի միջամտության և պաշտպանական որոշման կիրառման ժամանակ երեխաների տեսակցության ժամանակավոր ժամանակացույց սահմանելու մասին կարգավորումները,
  6. նախագծից հանել «համերաշխության» և «հաշտեցման» վերաբերյալ բոլոր կարգավորումները,
  7. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների մեջ «ապաստարանում տեղավորված ընտանիքում բռնության ենթարկված անձի  գտնվելու վայրը հրապարակելը» իրավախախտման սուբյեկտների թվում ավելացնել նաև ընտանեկան բռնության ենթարկված և (կամ) նրանց խնամքի տակ գտնվող անձանց:

 

[1]Կանանց նկատամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի իրագործումը վերահսկող կոմիտեի ընդհանուր հանձնարարականներ 19 և 35

[2]CEDAW-ի կոմիտեի 33-րդընդհանուրբնույթի հանձնարարական, 58-րդկետ , հասանելի է առցանց http://tbinternet.ohchr.org/_layouts/treatybodyexternal/Download.aspx?symbolno=CEDAW/C/GC/33&