Ջուլիետան մահացել է 2014թ-ի ապրիլին, 52 տարեկանում: Նրա կյանքի պատմությունը մեզ հետ զրույցում արդեն նրա մահից հետո պատմեց Ջուլիետայի քույրը:

– Ջուլիետան ամուսնական ողջ կյանքում պարբերաբար ենթարկվել է նվաստացումների ու կտտանքների ամուսնու կողմից, որը գրեթե միշտ գտնվում էր ալկոհոլի ազդեցության տակ: Մենք փորձում էինք միջամտել, օգնել ինչ-որ ձևով, բայց չէր հաջողվում: Սկզբնական շրջանում նա ամուսնուց չէր բաժանվում երեխաների պատճառով, չէր ցանկանում, որ երեխաներն առանց հոր մնան, թեև երեխաներն էլ հոր դաժան վերաբերմունքի զոհն էին: Տարիներ հետո, երբ երեխաները դուրս եկան հորական տնից, առաջարկեցին նաև իրենց մորը, որ հեռանար այդ հրեշից, բայց չգիտես ինչու քույրս չլսեց նրանց: Երկու տարի առաջ նա առողջական ծանր խնդիրներ ունեցավ, որոշ ժամանակ հետո պարզվեց, որ վարակված է ՄԻԱՎ-ով: Արդեն պարզ էր. ամուսնու հերթական անակնկալ էր նրան: Չնայած որ ինքն էր քրոջս հիվանդության պատճառը, ոչ միայն իրեն մեղավոր չէր զգում, այլև թույլ չէր տալիս նրան խմել բժշկի կողմից նշանակված դեղերը: Պարբերաբար ծեծում էր քրոջս, նրա դեմքին և մարմնի տարբեր հատվածների վրա միշտ կապտուկեր ու վերքեր կային: Քույրս միշտ մի պատճառ գտնում էր արդարացնելու համար հրեշ ամուսնուն: Մարտ ամիսն էր, մի քանի օր չէի կարողանում կապվել քրոջս հետ: Մյուս քրոջս հետ որոշեցինք գնալ նրանց տուն, որպեսզի հասկանանք` ինչ է կատարվում: Սարսափելի տեսարանի ականատես եղանք. քույրս պառկած էր անկողնու մեջ, մահճակալի մոտ մի բաժակ ջուր ու մի կտոր հաց կար, ամուսինը բղավում էր վրան, ձեռքերով ու ոտքերով խփում էր անկողնու մեջ անօգնական պառկած քրոջս: Ահավոր տեսարան էր: Փորձեցինք ազատել նրան, զանգեցինք ոստիկանություն: Ամուսնուն կալանքի տակ վերցրեցին: Քույրս պատմեց, որ արդեն մեկ շաբաթից ավելի, մի կտոր հացից ու ջրից բացի ոչինչ թույլ չի տվել, որ ուտի: Ջուլիետան ընդհամնենը 52 տարեկան էր, բայց արդեն 70-ն անց տեսք ուներ: Մեկ օր անց ամուսնուն ազատ արձակեցին՝ պատճառաբանելով, որ հիմք չունեն ձերբակալության համար: Չգիտեմ էլ ոստիկանների համար ինչը պետք է հիմք լիներ, որպեսզի պատժեին մեղավորին: Մի քանի օր հետո քույրս մահացավ, ծանր հիվադությունից, ստացած վերքերից ու սովից… Այդ հրեշը հանգիստ ապրում է մինչ օրս…