Հայերեն

    ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնին է դիմել ՀՀ
    արդարադատության նախարարության քրեակատարողական
    հիմնարկներում հասարակական վերահսկողություն
    իրականացնող դիտորդների խմբի անդամ, «Ընդդեմ կանանց
    նկատմամբ բռնության» կոալիցիայի ներկայացուցիչ Զարուհի
    Հովհաննիսյանը՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության
    «Լավ երեկո» ծրագրի 2018թ. մարտի 9-ի թողարկման ժամանակ
    ներկայացված՝ «Աբովյան» ՔԿՀ-ում պատիժ կրող կանանց
    մասնակցությամբ սյուժեի վերաբերյալ։ Ըստ բողոքի հեղինակի,
    «Տեսանյութում ակնհայտ ծաղրում են անազատության մեջ
    գտնվող կանանց՝ դա ներկայացնելով որպես մարտի 8-ի
    թողարկում։ Անազատության մեջ գտնվող մարդկանց
    արժանապատվությունը ոտնահարվել է, ինչը հետագայում էլ
    ավելի խոցելի է դարձնելու նրանց, ինչպես նաև անդրադառնալու
    է նրանց հետագա սոցիալիզացիայի վրա»։
    Քննելով բողոքը և հետևելով հաղորդումից հետո
    իրադարձությունների զարգացմանը՝ ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ
    մարմինն արձագանագրում է, որ Հայաստանի հանրային
    հեռուստաընկերության ղեկավարությունը, արդարադատության
    նախարար Դավիթ Հարությունյանի հետ քննարկումից հետո,
    ընդունել է, որ տվյալ սյուժեում կա էթիկական խախտում,
    նկատողություն է հայտարարել «Լավ երեկո» հաղորդման
    ստեղծագործական խմբին, թողարկումը հեռացրել է
    հեռուստաընկերության պաշտոնական կայքից ու յութուբյան
    ալիքից, սյուժեի հեղինակ Արուս Տիգրանյանը ֆեյսբուքյան իր
    էջում հանդես է եկել պարզաբանմամբ։ Այս ամենով խնդիրը գուցե
    կարելի էր լուծված համարել։ Մանավանդ, որ անձիք, որոնք, ըստ
    դիմողի, ծաղրի են ենթարկվել, որևէ բողոք չեն ներկայացրել։
    Սակայն, նկատի ունենալով հարցի հասարակական
    հնչեղությունը, հետագայում նման իրավիճակներում
    նրբանկատություն դրսևորելու անհրաժեշտությունը, ինչպես նաև՝
    Հայաստանում հումորային ու երգիծական ժանրերի
    հաղորդումների համար հստակ էթիկական նորմերի տարածված
    չլինելը, ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը ներկայացնում է իր
    կարծիքը, նկատառումներն ու առաջարկությունները.
    Ա) Հաղորդումների/հրապարակումների՝ հումորային և
    երգիծական ժանրերին պատկանելը դրանց հեղինակներին չի
    ազատում մարդկանց արժանապատվությանը չվնասելու, անհիմն
    ծաղրի չենթարկելու պարտականությունից: Թեպետ երգիծական
    ժանրերի համար էթիկական պահանջներն ավելի մեղմ են,
    այդուհանդերձ, խոցելի խմբերին անդրադառնալու դեպքում
    երգիծանքը տեղին չէ։
    Բ) Սյուժեի հեղինակ Արուս Տիգրանյանը ֆեյսբուքյան գրառման
    մեջ պնդում է, թե «կանայք շատ լավ ծանոթ էին թե՛ հաղորդմանը,
    թե՛ ինձ, թե՛ իմ տեսանյութերին»: Սա ներկայացվում է որպես
    տեսանկարահանմանն այդ կանանց գիտակցված ու կամավոր
    մասնակցություն: Այսուհանդերձ, Դիտորդ մարմինը կարծում է,
    որ խախտված է լրագրողների և լրատվամիջոցների հետ շփման
    փորձ չունեցող անձանց դյուրահավատությունը չչարաշահելու
    սկզբունքը (Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների
    էթիկական սկզբունքների Կանոնագիր, կետ՝ 2.5), քանի որ, նրանք
    չեն ակնկալել, որ, մասնավորապես, իրենց խոսքերն ուղեկցող
    ծիծաղը ծաղրական ֆոն է ստեղծելու։
    Գ) Արձագանքելով նյութի վերաբերյալ քաղաքացիների
    քննադատական դիտողություններին, լրագրողը/լրատվամիջոցը
    պետք է այնպիսի պատասխան հրապարակի, որ դա չընկալվի
    իբրև հեգնանք և/կամ արհամարհական վերաբերմունք: Այնինչ
    այդպիսի ընկալման համար հիմքեր տվյալ սյուժեի
    քննադատություններին լրագրողի ֆեյսբուքյան արձագանքում
    առկա էր:
    Դ) Տեսագրած նյութը մոնտաժելու ընթացքում պետք է խուսափել
    այնպիսի ձայնային հավելումների (ծափեր, քրքիջ և
    այլն) օգտագործումից, որոնք կարող են աղճատել հաղորդման մեջ
    ներգրավված անձանց խոսքը կամ այլ երանգ հաղորդել ասելիքի
    բովանդակությանը:
    Ե) Ընդհանրապես, մարդիկ ոչ միշտ են գիտակցում
    լրատվամիջոցներում երևալու հետևանքները, և այն դեպքերում,
    երբ լրագրողները գործ ունեն խոցելի խմբերի հետ, պետք է
    առավել պատասխանատու վերաբերմունք դրսևորեն: Հետևաբար,
    սյուժեի հեղինակները պարտավոր էին հաշվի առնել փակ
    հաստատությունում ապրող մարդկանց
    փոխհարաբերությունների առանձնահատկությունները, ինչպես
    նաև՝ հետագայում հասարակությանը նրանց ինտեգրվելուն
    չվնասելու անհրաժեշտությունը։
    Զ) Սյուժեում ոչ բոլոր դեպքերում է պատշաճ կերպով
    տեխնիկապես բավարարվել հաղորդմանը մասնակցող
    ազատազրկված կանանց՝ նույնականացումից խուսափելու
    ցանկությունը:
    Է) Ելնելով Հանրային հեռուստառադիոընկերության հատուկ
    առաքելությունից ու դրան ներկայացվող պահանջներից՝ ԶԼՄ-
    ների էթիկայի Դիտորդ մարմինը հորդորում է այլ երկրների
    հանրային հեռարձակողների օրինակով մշակել սեփական
    էթիկական կանոնագիր, որում հստակ կամրագրվեն բոլոր, այդ
    թվում հումորային ու երգիծական ժանրերի հաղորդումների
    էթիկական սկզբունքներն ու դրանք չպահպանելու դեպքում
    պատասխանատվության ձևերը։
    Ի լրումն լրատվամիջոցների էթիկայի հետ կապված խնդիրների,
    բողոքի առարկա հաղորդումը առիթ է տալիս նաև պետական
    կառույցների գործելակերպի վերաբերյալ մտահոգությունների.
    – վերը նշված հանգամանքներից ելնելով՝ խնդրահարույց է
    քրեակատարողական հիմնարկի կողմից հումորային հաղորդում
    տեսագրելու համար հեռուստաընկերությանը թույլտվություն
    տրամադրելը՝ նկատի ունենալով հիմնարկի ղեկավարության ու
    ազատազրկված անձանց առանձնահատուկ

    հարաբերությունները, որոնք կարող են կաշկանդել անձին
    հրաժարվելու նկարահանումից: Այդ կարգի թույլտվության
    պարագայում հիմնարկը լիովին կիսում է հաղորդման մեջ
    էթիկայի նորմերի խախտման պատասխանատվությունը,
    – մտահոգություն է առաջացնում նաև արդարադատության
    նախարարի կողմից, իր իրավասությունից դուրս, հանրային
    հեռուստաընկերության գործունեությանը անմիջական
    միջամտությունը, մինչդեռ հեռարձակվող լրատվամիջոցների
    գործունեությունը կարգավորող պետության կողմից լիազորված
    միակ մարմինը Հեռուստատեսության և ռադիոյի ազգային
    հանձնաժողովն է:

    Ընդունվել է ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի
    2018 թվականի մարտի 23-ի նիստում,
    Դիտորդ մարմնի հետևյալ կազմով`
    Մեսրոպ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, մամուլի փորձագետ

    Աշոտ ՄԵԼԻՔՅԱՆ, Խոսքի ազատության պաշտպանության
    կոմիտեի նախագահ
    Գնել ՆԱԼԲԱՆԴՅԱՆ, «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը»
    լրատվական հաղորդման գլխավոր խմբագիր,
    «Newmag» ամսագրի գլխավոր խմբագիր
    Բորիս ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ, Երևանի մամուլի ակումբի նախագահ
    Արա ՇԻՐԻՆՅԱՆ, «Շողակաթ» հեռուստաընկերության
    գեղարվեստական ղեկավար
    Նունե ՍԱՐԳՍՅԱՆ, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի
    գործադիր տնօրեն
    Կարինե ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ, Երեւանի Վ. Բրյուսովի անվան
    պետական լեզվահասարակագիտական
    համալսարանի դասախոս

    ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը ձեւավորվել է
    ինքնակարգավորման նախաձեռնությանը միացած լրատվամիջոցների
    կողմից, որոնք այս պահին թվով 46-ն են: ԴՄ-ն իր
    եզրակացություններում ղեկավարվում է Հայաստանի
    լրատվամիջոցների եւ լրագրողների էթիկական սկզբունքների
    Կանոնագրով, որն ընդունվել է 2007 թվականի մարտի 10-ին,
    վերախմբագրվել՝ ինքնակարգավորման նախաձեռնությանը միացած
    լրատվամիջոցների 2015 թվականի մայիսի 16-ի ընդհանուր ժողովում: