Հայերեն

    Վերաքննիչ դատարանը, իր նոյեմբերի 15-ի նիստում հաստատել է, որ 2015 թվականի սեպտեմբերին նախկին ամուսնու կողմից դանակի 30 հարված ստացած Հեղինե Դարբազյանի սպանության մեջ առանձնակի դաժանություն չկա։ Տուժողի իրավահաջորդի պաշտպան Սեդա Սաֆարյանը բողոքարկել էր առաջին ատյանի դատարանի որոշումը՝ այն մեղմ համարելով։ Փաստաբանի խոսքով՝ դատարանը պետք է կիրառեր նույն հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը (առանձնակի դաժանությամբ սպանություն), ինչը ենթադրում է 12-ից 20 տարվա կամ ցմահ ազատազրկում։ Հիշեցնենք, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի առաջին ատյանի դատարանն օգոստոսի 23-ին վճիռ էր կայացրել Դարբազյանի նախկին ամուսնուն՝ Արտակ Առաքելյանին դատապարտել 11,5 տարվա ազատազրկման՝ 104-րդ հոդվածի առաջին մասով (սպանություն)։

    Ս. Սաֆարյանը նշել է, որ գործով դիմելու է վճռաբեկ դատարան, միևնույն ժամանակ մեկ այլ բողոք կներկայացվի առաջին ատյանի դատարան՝ այն հիմքով, որ Դարբազյանը մինչև սպանությունը մի քանի անգամ դիմել է ոստիկանություն և խնդրել է իրեն պաշտպանել Առաքելյանից։ Սակայն Դարբազյանը հենց ոստիկանության անգործության հետևանքով էլ սպանվեց:

    «Մեր պետությունը չի կարողացել լուծել մարդու կյանքի անվտանգության հարցը, հանցանք կատարող անձի հասարակական վտանգավորության աստիճանը չի կարողացել գնահատել»,- ընդգծել է տուժեղի իրավահաջորդի շահերի պաշտպան Ս. Սաֆարյանը: Սա ցույց է տալիս, թե որքան աննշան է գնահատվում մարդու կյանքը մեր դատաիրավական համակարգում: