Մարդու պատկերացման մեջ ընտանիքը սովորաբար այն տեղն է, որտեղ մենք ապահով ենք ու անվտանգ, ստանում ենք այն սերն ու ջերմությունը, որին յուրաքանչյուրս էլ արժանի ենք: Հաճախ մեր մտքով անգամ չի անցնում, որ հենց մեր զուգընկերը, ամուսինը կամ կինը կարող է մեր ֆիզիկական ու հոգեբանական առողջությանը վնաս հասցնել: Հաճախ մենք տեղյակ ՄԻԱՎ-ի ու փոխանցման ուղիների մասին, ապրումակցում ու հասկանում ենք ՄԻԱՎ-ով ապրող անձանց, սակայն չենք էլ պատկերացնում, որ ՄԻԱՎ-ը կարող է ապրել մեզ հետ` մեր զուգընկերոջ կամ մեր օրգանիզմում: Ավելին, մեր իրականությունում տարածված է այն պատկերացումը, որ եթե կինը հավատարիմ է իր զուգընկերոջը կամ ամուսնուն, ապա երբեք չի կարող ձեռք բերել ՄԻԱՎ կամ այլ սեռավարակ (ՍՃՓՎ): ՄԻԱՎ-ի նկատմամբ այս դիրքորոշումներն են, որոնք ՄԻԱՎ-ի նկատմամբ ավելի խոցելի են դարձնում մեր ընտանիքի անդամներին` մասնավորապես կանանց:

Վերջին տասնամյակներում ՄԻԱՎ-ի կանխարգելմանն ուղղված միջոցառումները կարևորվում են աշխարհի գրեթե բոլոր երկրներում, այդ թվում` Հայաստանում: Հայաստանում ՄԻԱՎ վարակի համաճարակի զարգացման ընթացքն ունի իր յուրահատկությունները: Համաձայն ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի 2016թ-ի ապրիլի տվյալների` ՄԻԱՎ-ի փոխանցման հիմնական ուղին հետերոսեքսուալ ճանապարհն է (65%)` տղամարդ-կին հարաբերությունները: Բացի դրանից, ՀՀ առողջապահության նախարարության և ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տարեկան զեկույցի (2015թ.) համաձայն` ՄԻԱՎ-ի համաճարակի զարգացման Հայաստանին բնորոշ առանձնահատկությունների թվում է նաև այն, որ արձանագրված ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց մեծամասնությունը վարակվում է արտերկրում (2014թ՝ 57%), քանի որ Հայաստանից միգրացիոն հոսքերն ուղղված են հիմնականում ՄԻԱՎ վարակի տարածվածության ավելի բարձր ցուցանիշ ունեցող երկրներ և հատկապես Ռուսաստան: Նույն զեկույցի համաձայն` հղի կանանց շրջանում ՄԻԱՎ վարակի առավելագույն թվով դեպքերն արձանագրվել են 2014թ.՝ 26 դեպք, որոնց զուգընկերների 56%-ը եղել են արտերկրում ՄԻԱՎ-ով վարակված միգրանտներ: Իսկ 2013թ.-ի տվյալների համաձայն` ՄԻԱՎ վարակ արձանագրվել է 15 հղի կնոջ մոտ, որոնց զուգընկերների 87%-ը եղել են  արտերկրում վարակված միգրանտներ:

Հետևաբար Հայաստանում ստեղծված իրավիճակը և ընտանիքում կնոջ դերի մասին պատկերացումները թույլ են տալիս ենթադրել, որ հաճախ են լինում այն դեպքերը, երբ արտերկյա աշխատանք կատարող տղամարդիկ փոխանցում են ՄԻԱՎ-ը իրենց ընտանիքի անդամներին` մասնավորապես զուգընկերներին կամ կանանց: Հայաստանում սա այն հիմնական պատճառներից է, որ կանանց ավելի խոցելի է դարձնում ՄԻԱՎ-ի նկատմամբ:

Ընտանիքում ՄԻԱՎ-ի նկատմամբ կանանց խոցելիության վրա իր ազդեցությունն է ունենում նաև ընտանեկան բռնությունը, որը լայնորեն տարածված է Հայաստանում: Համաձայն ԵԱՀԿ-ի տվյալների` կանանց 60%-ը (2011թ.) իրենց կյանքի ընթացքում ենթարկվում են մեկ կամ մի քանի տեսակի ընտանեկան բռնության: Ավելին, 2015թ. Հայաստանի անվտանգության մարմիններն արձանագրել են 784 ընտանեկան բռնության հաղորդում, իսկ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» անդամ կազմակերպությունները տարեկան արձանագրել են 2000-ից ավելի ընտանեկան բռնության ահազանգ:

Երբ խոսում ենք ընտանեկան բռնության համատեքստում ՄԻԱՎ-ի նկատմամբ խոցելիության մասին, ապա սովորաբար դժվարանում ենք պատկերացնել դրա դրսևորման ձևերը ընտանեկան միջավայրում: Համաձայն ՁԻԱՀ-ի հարցերով Եվրասիային կանանց ցանցի` Հայաստանում հանդիպող դեպքերից է, երբ ՄԻԱՎ դրական ամուսինը, ստանալով հակառետրովիրուսային բուժում, զուգընկերոջը կամ կնոջը չի տեղեկացնում ՄԻԱՎ ունենալու մասին և փոխանցում է վարակը, որը բացի ֆիզիկական բռնության դրսևորումից, օրինախախտում է («ՄԻԱՎ-ից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենք): Որպես հոգեբանական բռնության դրսևորում կարող է հանդիսանալ կնոջ և/կամ երեխաներին արգելելը անցնել ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն կամ ՄԻԱՎ դրական լինելու դեպքում թույլ չտալ կնոջը և/կամ երեխաներին ստանալ հակառետրովիրուսային բուժում: Մեկ այլ դրսևորում կարող է լինել վիրավորանքները կամ մեղադրանքները ՄԻԱՎ դրական լինելու համար: Այս բոլոր գործոններն էլ ավելի են սրում կանանց` ՄԻԱՎ-ով վարակվելու հավանականությունը, ինչպես նաև սահմանափակում կանանց հասանելիությունը առկա սեռական ու վերարտադրողական առողջության ծառայություններին:

ՄԻԱՎ-ի կանխարգելման գործում Հայաստանում և առհասարակ մեր տարածաշրջանում կարևոր է, որպեսզի կանայք կարողանան ինքնուրույն պաշտպանվել ՄԻԱՎ-ից և դրա հետ առնչվող բռնության ու խտրականության դրսևորումներից: Այս առումով կարևոր է կանանց տեղեկատվության համալրումը ՄԻԱՎ-ի, փոխանցման ուղիների և երկրում առկա ռիսկերի մասին, ինչպես նաև կանանց իրազեկվածության բարձրացումը ընտանեկան բռնության ու խտրականության դրսևորումների մասին:

Չնայած ՄԻԱՎ-ը հեռու չէ մեր ընտանիքից, բայց յուրաքանչյուրս ունի հնարավորություն ու ունակություն պաշտպանելու իր ու իր ընտանիքի ֆիզիկական ու հոգեբանական առողջությունը, որին յուրաքանչյուրս էլ արժանի է:

Լիլիթ Ավետիսյան

Հապավումներ

ՄԻԱՎ – մարդու իմունային անբավարարության վիրուս

ՁԻԱՀ – ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ

ԵԱՀԿ – Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն

 

Աղբյուրներ

http://www.armaids.am/

http://www.ewna.org/

http://ccmarmenia.am/images/uploads/HIV-epid-surveillance-arm.pdf

https://coalitionagainstviolence.am/wp-content/uploads/2016/05/Femicide_Report_ARM.pdf?be05b6

http://www.unfpa.am/stis-hiv-aids

http://www.who.int/countries/arm/en/

http://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=1574&lang=arm#4