Հայերեն

    Newsbook.am – Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ տեղի ունեցավ Արտակ Առաքելյանի գործով դատավարությունը:

    Անցած տարվա սեպտեմբերի 27-ին Մալաթիայի տոնավաճառում օրը ցերեկով կատարված սպանությունը մեծ աղմուկ էր բարձրացրել: Արտակ Առաքելյանը տոնավաճառի տաղավարներից մեկում որսորդական դանակով բազմաթիվ հարվածներ էր հասցրել ու սպանել նախկին կնոջը:

    39-ամյա Արտակ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել առ այն, որ նա 2015 թվականի սեպտեմբերի 27-ին` ժամը 14-ի սահմաններում, խանդի շարժառիթով և ամուսնական անհավատարմության պատճառով սպանելու դիտավորությամբ իր մոտ եղած որսորդական դանակով շուրջ 30 հարվածներ է հասցրել իր նախկին կնոջը՝ Հեղինե Դարբազյանին։

    Այսօր դատարանում գործով վկաների հարցաքննությամբ նիստն էր: Այսօր հարցաքննվեց գործով վկա Սաթենիկ Կիրակոսյանը: Նա Մալաթիա տոնավաճառի նախկին աշխատակիցներից է եղել: Այդ օրն էլ նա աղջկա հետ տոնավաճառ էր գնացել հագուստ գնելու: Կինը դատարանում պատմեց, որ վարագույրների տաղավարի կողքով անցնելիս տեսել է, որ Հեղինեն, գլուխը կախ, կար անելուց է եղել, շուրջ 20 րոպեից, երբ կրկին անցնելուց է եղել տաղավարի մոտից, սպանության սարսափելի տեսարանի է ականատես եղել:

    «Տեսա Հեղինեն ընկած, սպիտակ սպորտային հագուստով մի տղամարդ էլ վրան չոքած դանակով արագ- արագ հարվածում է: Հեղինեն ահավոր գոռում էր՝ օգություն էր կանչում: Ինձ թվաց` ձեռքով էր հարվածում, բայց դանակ կար ձեռքին: Դանկահարելուց հետո տեսա, որ իրա ձեռքից արյուն էր հոսում, հետո դանակը շպրտեց ու գնաց, խանութի անկյունում կանգնեց: Մարդիկ գոռում էին` ինչի՞ սպանեցիր, սպանողը ոչ մի բան չէր ասում: Ես հարձակվեցի իր վրա, որ ծեծեի: Ասացի` դո՞ւ ես կյանք տվել, որ կյանքը խլում ես, էրեխեքիդ էլ որբ թողեցիր»,- դատարանում պատմեց վկան:

    Սաթենիկ Կիրակոսյանը նաև ասաց, որ Հեղինեն իրեն պատմել է, որ նախկին ամուսինն իրեն մշտապես սպառնում է, որ ամուսնական կյանքը լավ չի անցել, մշտապես խանդի տեսարաններ էր սարքում:

    Տոնավաճառի աշխատողներից Անժելա Խաչիկյանն իր ցուցմունքում նշեց, որ ուժեղ գոռգոռոցներ է լսել և դուրս է եկել խանութից:

    «Սկզբից չգիտեի` ինչ է կատարվում, բայց հետո հասկացա, մարդկանցից լսեցի, որ սպանություն է եղել: Տեսա մի տղամարդ, դանակը ձեռքին, տղամարդու երակներից էլ արյուն էր հոսում: Տեսա, որ տղամարդու արյունոտ ձեռքերն ինչ-որ բանով կապեցին, երակներն էլ վնասված են»,- ասաց նա:

    Գործով հաջորդ վկան ոստիկան Էդգար Կախեթյանն է: Նա ասաց, որ դեպքի ժամանակ ինքը ծառայություն իրականացնելիս է եղել: Լսել է ձայներ և մոտեցել վարագույրների տաղավարին:

    «Տեսա, որ տղամարդու ձեռքերն արյունոտ են և օգնություն են ցույց տվել: Տաղավարում ընկած կին կար: Սպանության կասկածանքով տղամարդուն բերման են ենթարկել: Չեմ հետաքրքրվել, թե ինչ պատճառով է սպանությունը տեղի ունեցել»,- ասաց սույն գործով վկան և այլ մանրամասներ չհայտնեց:

    Դատական հաջորդ նիստը տեղի կունենա մարտի 30-ին: