Հայերեն

    «Եթե ես ձեզ 10 տարի առաջ հանդիպեի, իմ կյանքը բոլորովին այլ կլիներ»,- ասաց Ավանի բնակիչ կանացից մեկը` վերցնելով ընտանեկան բռնության դեմ պայքարին ուղղված հանրային իրազեկման թերթիկները։ «Հիմա ես այս նյութերը կտամ աղջկաս, թող իմանա և ուրիշ տեսակի ընտանիք կազմի»։ 
    Նման արշավներ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան իրականացնում է ամեն տարի  Հոկտեմբերի 1-ին՝ Ընտանեկան բռնության կանխարգելման ազգային օրվա կապակցությամբ։ Այս տարի հոկտեմբերի 1-ին հանրային իրազեկման ակցիաներ տեղի ունեցան Երևանում, Գյումրիում և Սպիտակում։ Արշավն իրականացվում էր «Իմ քանյլն ընդդեմ ընտանեկան բռնության» խորագրի ներքո։

    Երևան

    Ավան, Քանաքեռ, Զեյթուն և Էրեբունի համայնքների բնակիչները մոտենում էին տեղեկատվական սեղանիկին, որտեղ կարող էին գտնել ընտանեկան և սեռական բռնության դեմ պայքարին վերաբերող նյութեր։ Մոտեցողների գերակշիռ մասը կանայք և աղջիկներ էին, ոմանք ընտանեկան բռնության թեժ գծերի հեռախոսահամարներով էին հետաքրքրված, որպեսզի տան հարևանուհուն, որը ծանր վիճակում էր, ոմանք՝ ուղղակի զրուցում էին։
    «Այ էն շենքի մոտ գնացեք, երեկ գիշեր այնտեղից սարսափելի ձայներ էին գալիս»,- մատնացույց էր անում Քանաքեռի բնակիչներից մեկն ու կասկածամիտ հայացքով բարձրաձայն մտածում․ «Տեսնես ի՞նչ եղավ էդ կնոջը, կանչե՞ց ոստիկանություն, թե էլի լռեց »։ «Դուք ևս կարող եք զանգահարել ոստիկանություն»,- նրա բարձրաձայն մտորումներն ընդհատեց կանանց աջակցման կենտրոնի սոցիալական աշխատողը,«․․․այժմ ցանկացած ահազանգի ոստիկանությունը պարտավոր է արձագանքել, օրենքի պահանջն է»։ Մի տարեց տղամարդ էլ նայում էր ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց լուսանկարներին, կարդում նրանց պատմություններն ու հուզված տարուբերում էր գլուխը։
    «Այո, բռնությունները տեղի են ունենում սովորաբար զուգընկերոջ, ամուսնու կողմից, սակայն կանայք բռնության են ենթարկվում ամենուր, և՛ տանը, և՛ հանրային վայրերում», ասում է ակտիվիստ Աննա Նիկողոսյանը։ 
    Հատկանշանակն է, որ հասարակությունը հաճախ անտարբեր է լինում ընտանեկան բռնության դեպքերի նկատմամբ, և նման արշավների ժամանակ, մի գուցե, կարդալով, ծանոթանալով դեպքերին սկսում է մտածել խնդրի մասին։
    Օրվա ավարտին, երբ «Ազատության» հրապարակում մոմավառություն էր՝ ի հիշատակ ընտանեկան բռնության զոհերի, շատերն եկել էին մոմերով, իսկ  մի կին ծաղիկներ էր բերել ու դրեց զոհված կանանցից մեկի լուսանկարի առջև։

    Գյումրի

    Հոկտեմբերի 1-ին` Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրվա կապակցությամբ Գյումրիում անցկացված հանրային իրազեկման ակցիայի նկատմամբ հետաքրքրությունը մեծ էր,  մասնակցում էին տարբեր տարիքի և սեռի քաղաքացիներ: Ակցիան իրկանացվում էր Կոալիցիայի անդամ՝  «Ագաթ» ՀԿ-ի ջանքերով, որին մասնակցում էին նաև շահառուները, որոնք ևս դարձան էլ ավելի տեղեկացված ընտանեկան բռնության մասին, քննարկեցին հաշմանդամություն ունեցող կանանց նկատմամբ ընտանեկան բռնության դրսևորումները` ընգծելով, որ վերջիններս շատ հաճախ են ենթարկվում ֆիզիկական, տնտեսական և հոգեբանական բռնության: Մարդիկ խոսում էին, քննարկում, ընդգծում էին թեմայի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման կարևորությունը։ Գյումրեցի կանանցից մեկն ասաց․ «Պետք է, որ մարդիկ ավելի տեղեկացված լինեն այս մասին, որ նման դեպքերը չանտեսվեն և չհանգեցնեն ողբերգական հետևանքների»:

    Եղան մարդիկ, որոնք իրենց վրդովմունքը հայտնեցին ակցիայի վերաբերյալ և չկիսեցին ընտանեկան բռնության առկայության մասին տեսակետները: Միջին տարիքի մի տղամարդ, մասնավորապես նշեց. «Ինչ բռնություն կանանց նկատմամբ… չկա նման բան… այդ կանայք են բռնության ենթարկում տղամարդկանց»:

    Իսի երիտասարդ մի տղամարդ էլ ընդգծեց․«Եթե ընտանիքում տիրում է սեր և հարգանք կա միմյանց հանդեպ, ապա բռնություն այնտեղ լինել չի կարող: Կինը և տղամարդը պետք է հասկանան իրար խոսքով, ոչ թե ծեծով»:

     

    Սպիտակ

    Հոկտեմբերի 1-ը Սպիտակում սկսվեց Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի պատրաստած «Կանանց պայքարը հանուն արդար դատաքննության» ֆիլմի դիտմամբ։ Սպիտակի հելսինկյան խմբի գրասենյակում հավաքվել էին մարդիկ։ 7 կանանց պայքարի մասին պատմող ֆիլմը հուզել էր բոլորին։ Նրանք փոքրիկ մոմավառություն կազմակերպեցին գրասենյակում՝ ի հիշատակ ընտանեկան բռնության ենթարկված կանանց և դուրս եկան հանրային իրազեկման ակցիայի։ Արշավը Սպիտակի հրապարակում աշխուժություն բերեց։ Մարդիկ մոտենում էին, վերցնում թերթիկները, կարդում, հարցեր տալիս։ «Մարդիկ սիրով են վերցնում նյութերը, փորձում են ավելի շատ գիտելիքներ ստանալ ընտանեկան բռնության մասին, այս տարի գրեթե չեն հանդիպել մարդիկ, որոնք կշտամբեն մեզ, կամ ասեն, որ բռնություն չկա, մենք ենք հորինել», ասում է Սպիտակի հելսինկյան խմբի ներկայացուցիչ Աշխեն Բաբայանը։ 

    Կարևոր է տեղեկատվական նման արշավների կազմակերպումը, որով մենք առավել զգայուն ենք դարձնում հանրությանը՝ ընտանեկան բռնության հանդեպ և իրազեկում, թե ում կարող են դիմել, եթե հանդիպել են բռնության։