Հայերեն

    Հոկտեմբերի 6-7-ը  «Բեսթ Վեսթերն Աղվերան» հյուրանոցում տեղի ունեցավ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կարողությունների զարգացման դասընթաց՝ ընտանեկան և գենդերային բռնության թեմայով։ Երկօրյա դասընթացն արդյունքն է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի  համագործակցության, իսկ նպատակը՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ընտանեկան և գենդերային բռնության թեմայով կարողությունների զարգացումը։

    Դասընթացի փորձագիտական խումբը ներառում էր ինչպես միջազգային, այնպես էլ տեղական փորձագետների։ Մասնավորապես Կանանց իրավունքների միջազգային փորձագետ Լորի Մաննը համապափակ գիտելիքներ փոխանցեց գենդեր, գենդերային բռնություն և գենդերային խտրականություն եզրույթների վերաբերյալ, անդրադարձավ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի չափանիշներին և առնչվող օրենսդրությանը, ինչպես նաև՝ հետաքննությունների և դատաքննության փուլին։

    Կանանց համար արդարադատության մատչելիության հարցերով փորձագետ Գոհար Հակոբյանը հակիրճ ներկայացրեց Հայաստանում ընտանիքում բռնության տարածվածությունը և խոսեց բռնության ձևերի մասին, թե որոնք են խոչընդոտները Հայաստանում արդարադատության մատչելիության տեսանկյունից՝ հատկապես  ընտանիքում բռնության ենթարկված անձանց համար։

    Անդրադարձ եղավ Ընտանիքում բռնության դեմ պայքարի բնագավառի ներպետական օրենսդրությունը և գործնական խնդիրներին, ՄԻՊ լիազորությունների համատեքստում կոնֆիդենցիալության պահպանման հետ կապված հարցերին, ինչպես նաև ընտանիքում բռնության ենթարկված անձանց հետ հաղորդակցության առանձնահատկություններին։

     

    «Կանանց ռեսուրսային կենտրոնի» հոգեբան Սիրանուշ Դավթյանը ներկայացրեց Ընտանեկան բռնության հիմնախնդրի հոգեբանական ասպեկտները: Ինչպես է կատարվում  Ճգնաժամային միջամտությունը, և որոնք են ընտանեկան բռնության ենթարկված անձնանց հետ աշխատանքի հիմնական սկզբունքները։ Առանձնակի ուշադրություն հրավիրվեց երկրորդային զոհականացման հիմնախնդրի վրա։

    Տեղեկանցնենք, որ դասընթացն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Միացյալ Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) Զարգացման ծրագրի կողմից, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ։