Հայերեն

    2016 թվականի մարտի 30-ին, ժամը՝ 13:00-ին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա Հեղինե Դարբազյանի սպանության գործով դատական նիստը: 2015 թվականի սեպտեմբերին Մալաթիա տոնավաճառի վարագույրների վաճառքի տաղավարներից մեկում դաժանաբար սպանվել էր 38-ամյա Հեղինե Դարբազյանը: Երեխաների հայրը՝ Արտակ Առաքելյանը, որսորդական դանակով նախ կտրել էր Հեղինե Դարբազյանի կոկորդը, ապա նույն դանակի 30 հարվածով սպանել նրան:

    Արտակ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), 235-րդ հոդվածի 4-րդ մասով (ապօրինի կերպով զենք կրել):

    Հիշեցնենք, որ դատական վերջին նիստում Հեղինե Դարբազյանի քույրը վկայություն տվեց այն մասին, թե ինչպես է Արտակ Առաքելյանը տարիներ շարունակ Հեղինեին դաժանաբար տանջել, ծեծի ենթարկել, անընդհատ խանդել ու նույնիսկ արգելել հարազատների հետ շփվել:

    Քրոջն 8 տարի տեսնելու հնարավորություն չունեցած Քրիստինեն պատմում էր, որ Արտակը սպանությունից առաջ սպառնում էր, թե կսպանի: