Հայերեն

    «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան, որպես ընտանեկան բռնության խնդրով զբաղվող կազմակերպությունների միություն, տարիներ շարունակ հետամուտ է եղել «Ընտանեկան բռնության կանխարգելման» օրենսդրության մշակմանն ու ընդունմանը: Այսօր, երբ Հայաստանի քաղաքական ղեկավարությունն արդեն ձեռնամուխ է եղել այս օրենքի նախագծի մշակման գործընթացին և դեռևս 2016 թվականի առաջին եռամսյակի ընթացքում հայտարարել, որ սկսվում են աշխատանքները շահագրգիռ կողմերի և ոլորտում աշխատող մասնագետների հետ, կոալիցիայի ներգրավվածությունը բավարար չի ապահովվել: Թեև տարբեր փուլերում հնչած  հավաստիացումների, Կոալիցիան այդպես էլ չընդգրկվեց աշխատանքնային որևէ գործընթացում և Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի նախագծի նախնական տարբերակը մշակվեց ոչ մասնակցային և ոչ թափանցիկ ընթացակարգով: Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցան բազմիցս դիմել է ՀՀ արդարադատության նախարարությանն ու միջազգային կառույցներին, սակայն գործընթացում ներառվելու հարցը առկախվում էր: Այնուամենայնիվ, բոլորովին վերջերս՝  հոկտեմբերի 11-ին Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի նախագծի նախնական տարբերակը հասանելի դարձավ նաև Կոալիցիային և առաջարկվեց ընդամենը մի քանի օր այդ տարողունակ փաստաթղթին ծանոթանալու և դիտարկումներ ներկայացնելու համար:

    Մենք համարում ենք, որ որևէ կառույց, որը հասկանում է օրենքի բուն էությունն ու համապատասխանությունը միջազգային իրավական փաստաթղթերին, հրաշալիորեն հասկանում է, որ օրենքի նախագիծ ստեղծելը գործընթաց է, որը կատարվում է փուլային, այլ ոչ փաթեթային տարբերակով: Միաժամանակ, քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունը ԵՄ  նախապայմաններից է՝ բյուջետային աջակցության շրջանակներում։

    Վստահ ենք, որ ընտանեկան բռնության դեմ պայքարի օրենսդրության նախագիծը առավել արդյունավետ կլիներ մշակել ոլորտում աշխատող և միջազգային փորձին տիրապետող մասնագետների ներառականության պարագայում:
    Ամեն դեպքում, մենք ակնկալում ենք, որ կապահովվի մեր անմիջական մասնակցությունը, սակայն նման պատասխանատու որոշում ընդունելու համար մեզ անհրաժեշտ է հասկանալ, թե այսուհետ ինչ կարգավիճակով և որ խմբով պետք է աշխատանք տարվի օրենքի նախագիծը միջազգային չափանիշների պահանջներին համապատասխանեցնելու  համար:

    Այդ աշխատանքը հիմնական աշխատանքային խմբից դուրս կատարելը համարում ենք ոչ արդյունավետ և ոչ կառուցողական: Առաջարկում ենք քննարկել մեր կողմից լիազորված փորձագետների մասնակցության ֆորմատի հարցը և վստահեցնում, որ դա միանգամյա միջամտությամբ չի կարող լուծվել: Գիտակցում ենք, որ սա գործընթաց  է, և դրա համար պետք է հատկացվեն բավարար մարդկային և ժամանակային ռեսուրսներ։

    Միաժամանակ հայտնում ենք, որ կոալիցիան պատրաստակամ է և նպատակահարմար է գտնում մինչև ս/թ նոյեմբերի 30-ը ներկայացնել Ձեզ  իր փորձագետների կողմից օրենքի նախագածի վերաբերյալ առաջադրված նկատառումները՝ առկա բացթողումների և իրավակարգավորման արդյունավետ գործնական մեխանիզմների մշակման և դրանց կիրարկման մասով;

    Սակայն մինչ այդ նշում ենք այն բացերը, որոնք առկա են «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» օրենքի նախագծում, որոնք սկզբունքային և ելակետային են մեզ համար.

    1. Օրենքը պետք է հիմնվի գենդերային զգայունության, զոհակենտրոն մոտեցման և հակախտրականության սկզբունքների վրա;
    2. Օրենքը պետք է նախատեսի ընտանեկան բռնության քրեականացում, ինչպես նաև, ի թիվս բռնության այլ ձևերի /ֆիզիկական, սեռական, տնտեսական, հոգեբանական/, տարբերակի վերահսկողական վարքը՝ որպես անձի մոտ վախ առաջացնող սպառնալից գործողություն:
    3. Օրենքով պետք է նախատեսված լինի անկախ համակարգող մարմնի ստեղծումը, որը պետք է ղեկավարի տվյալ մարմնի կողմից ընտրված Նախագահը:
    4. Օրենքը պետք է նախատեսի համայնքային, պետական և տարածաշրջանային մակարդակներում բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավումը՝ ուղղորդող խիստ մեխանիզմներով:
    5. Օրենքը պետք է ներառի օրենքների փոփոխությունների հարակից փաթեթ, որը պետք է համակարգված կարգավորի ոլորտը՝ բացառելով որևէ սողանցք՝ արդարադատությունից խուսափելու համար:

    Հաշվի առնելով երեխաների և մտավոր խնդիրներ ունեցող անձանց (անգործունակ անձանց) բարձր խոցելիության աստիճանը՝ օրենքը պետք է նախատեսի առանձին հոդված՝ այդ անձանց պաշտպանության և նրանց նկատմամբ հանցավոր գործողությունների քրեական հետապնդմանն ուղղված կանոնակարգերի ներառմամբ: