Հայերեն

    Օրերս համացանցում մեծ աղմուկ է բարձրացել  ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի ներման  խնդրագրի շուրջ, որն, ի դեպ, գաղտնի գործընթաց է, սակայն անհասկանալի ուղիներով հանրայնացվել ու դրվել է լայն հասարակության քննարկման։ Թողնելով ցմահ դատապարտյալի խնդրագրի քննության հարցը պատկան մարմիններին՝ մենք այս համատեքստում ուզում ենք անդրադառնալ իրավապաշտպան-լրագրող Զարուհի Մեջլումյանի դեմ սանձազերծված հարձակմանը։ Այս ընթացքում մենք սոցիալական մեդիայում ականատեսը դարձանք կնոջ պատվի և հեղինակության նկատմամբ լուրջ ոտնձգության, որն ուղեկցվում է համատարած ատելության խոսքով։

    «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան անընդունելի է համարում մարդու մասնավոր կյանքի սույն միջամտությունն ու այդ հողի վրա ատելության հրահրումը՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային կոնվենցիաներն ու օրենսդրությունը, ինչպես նաև ՀՀ Սահմանադրությունը, որի հոդված 31-ում հստակ նշվում է․

    «Յուրաքանչյուր ոք ունի իր մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնախելիության իրավունք։»: Մարդու արժանապատվությունը` ներառյալ պատիվը, բարի համբավը և մասնավոր կյանքը բացարձակ իրավունք է, որը չի սահմանփակվում «ներքին շրջանակով», որտեղ անհատը կարող է ապրել իր անձնական կյանքով։

    «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան դատապարտում է նման գործելաոճը և անթույլատրելի համարում կնոջ մասնավոր կյանքին միջամտելու և հանրային դաշտում նրան թիրախավորելու գործելաոճը, որը հարված է հասցնում նրա արժանապատվությանն ու բարի համբավին։

         

     «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության»   կոալիցիա

    Հյուման ռայթս հաուս Երևան