Հայերեն

    «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի դիրքորոշումը՝ Ասյա Խաչատրյանի նկատմամբ ոստիկանական բռնի գործողությունների վերաբերյալ

    2018 թվականի մարտի 26-ին՝ ՀՀ քաղաքացի Ասյա Խաչատրյանն  Epress.am կայքի հարցազրույցում բարձրաձայնել է ԼՂՀ ոստիկանության կողմից իր հանդեպ կիրառված բռնության մասին։ Փետրվարի 1-ին, երբ նա ուշ երեկոյան զբոսնել է ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում, իրեն են մոտեցել ոստիկաններն ու ֆիզիկական և հոգեբանական ճնշման տակ, առանց բացատրության  բերման ենթարկել ոստիկանություն, որտեղ կիառվել է նաև ֆիզիկական բռնություն։ Երբ Ասյան բացատրություն է պահանջել, նրան հակադարձել են, թե Ղարաբաղում կինը չպետք է փողոցում ծխի կամ մազերը կապույտ ներկի, իսկ երբ Ասյան օրինական հիմքեր է պահանջել, ոստիկանները հակադարձել են՝ գնա Հայաստանում պահանջի։

    Հատկանշական է, որ խտրականության դրսևորումն ի հայտ է գալիս Ասյա Խաչատրյանի տարբերվող արտաքինի՝ մազերի գույնի, ազատ ոճի և ուշ ժամին քաղաքով զբոսնելու պատճառով, ինչը դուրս է տվյալ տարածքում կնոջ համար նախանշված վարքականոնների «ընդունված» շրջանակից և հանգեցնում է գենդերային հիմքով  բռնության գործադրման, ոստիկանական դիրքի չարաշահման և խտրական վերաբերմունքի արդարացման։

    «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան այս միջադեպը որակում է որպես խտրականության դրսևորում, ընդ որում՝ կրկնակի խտրականության՝ գենդերային՝ որպես կին, և որպես ՀՀ քաղաքացի։

    Ելնելով վերոնշյալից, պահանջում ենք․

    ՀՀ իրավապահ համակարգից

    Բազմակողմանի և հանգամանալի քննություն իրականացնել դեպքի առնչությամբ, բացահայտել պատասխանատուներին։

    ՀՀ մարդու իրավունքների պաշտպանից

    Հանդես գալ հանրային հստակ դիրքորոշմամբ, որը ոչ միայն կնպաստի բռնարարքի մեղավորների բացահայտմանը, այլև կբացառի նման արատավոր պրակտիկայի կրկնությունը։