Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան վրդովված և խիստ անհանգստացած է ապրիլի 24-ին՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ՝ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կեցվածքով: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՀՀ ոստիկանապետը Լրագիր և 1in. am կայքերի լրագող Սիրանուշ Պապյանին՝ մասնագիտական գործունեություն իրականացնելիս փորձել է մանիպուլացնել՝ ասելով. «Ես քո մեջ կին չեմ տեսնում»:

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան այդ վարքը գնահատում է որպես սեքսիզմի դրսևորում, կանանց հանդեպ խտրական վերաբերմունք և հոգեբանական բռնություն՝ տվյալ լրագրողի նկատմամբ: Միևնույն ժամանակ ընդգծում ենք, որ ՀՀ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից կանանց թիրախավորելն ու վիրավորական արտահայտություններ անելը դարձել է գործելաոճ: Մասնավորապես 2013 թվականի օգոստոսին՝ կոմիտաս 5 հասցեում իրականացվող շինարարության դեմ տեղի ունեցած ակցիայի ընթացքում  Արաբկիրի փոխոստիկանապետ Արայիկ Պետրոսյանը ակտիվիստ Շողեր Մելքումյանի ականջին սեռական բնույթի հայհոյանքներ էր շշնջացել, իսկ մեկ այլ ոստիկան համբուրել նրա պարանոցը:

2015 թվականի ամռանը՝ Բաղրամյան պողոտայում  «էլեկտրիկ Երևան» հանրային ընդվզման ակցիաների ժամանակ, ցուցարար Ելենա  Օվսյաննիկովային ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը անվանել էր սադրիչ  և հայտարարել, որ նա ոստիկանների առաջին շարքի ծառայողներին սեքս է առաջարկել։

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան փաստում է , որ սեռականության ակնարկները կին ակտիվիստների ու լրագրողների հանդեպ հոգեբանական զենք են և օգտագործվում են ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, որպես ճնշման  միջոց: Նման դրսևորումները մնում են անպատիժ և շարունակական բնույթ կրում, ինչը կանխելու համար՝

Առաջարկում ենք

-ԶԼՄ-ներին և իրավապաշտպան կազմակերպություններին դատապարտել ՀՀ ոստկանապետ Վլադիմիր Գասպարյանի սեքսիստական :

Պահանջում ենք

– ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից հանրային ներողություն խնդրել լրագրող Սիրանուշ Պապյանից, հակառակ դեպքում հարկ կլինի պահանջել նման պաշտոնյայի հրաժարականը:

Հիշեցնում ենք, որ

-«Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն.

«Արգելվում է անձի վերաբերյալ սեռի հատկանիշով պայմանավորված վիրավորական և նվաստացուցիչ հրապարակային հայտարարություն անելը, ներառյալ`  զանգվածային լրատվությանմիջոցներով»: 

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

50/50 քաղաքացիական նախաձեռնություն