Հայերեն

    Հրապարակվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և
    մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական
    Դիտորդական խմբի հերթական զեկույցը։ Հաշվետվությունը ներկայացնում է 2017 թվականի գործունեության արդյունքները: Զեկույցի համահեղինակն է դիտորդների խմբի և  «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամ Զարուհի Հովհաննիսյանը, որը նաև  «Կանայք և անչափահասներ» գլխի հեղինակն է։ 

    Կանայք և անչափահասներ

    Միջազգային չափանիշներ
    Բանտում գտնվող կանայք կենսաբանական և սոցիալական դերով պայմանավորված,
    տարբերվող կարիքներ ունեցող խումբ են: Հաճախ կանայք առանձնակի խոցելիություն
    ունեն՝ պայմանավորված նաև իրենց սոցիալական վիճակով և մշակութային դերերով:
    Առկա է կանանց ներհատուկ կարիքներն անուշադրության մատնելու ռիսկ՝ հատկապես
    հաշվի առնելով, որ նրանք բանտարկյալների մեջ փոքրամասնական խումբ են
    հանդիսանում: Կին բանտարկյալների հետ աշխատելիս կարևոր է հաշվի առնել մի
    շարք գործոններ, մասնավորապես՝ բանտարկումից առաջ նրանց կրած հնարավոր
    ֆիզիկական, սեռական կամ հոգեբանական բռնությունը՝ ներառյալ ընտանեկան
    բռնությունը, հոգեկան առողջության կարիքների բարձր մակարդակի առկայությունը,
    թմրադեղերից կամ ալկոհոլից կախվածության մակարդակը, առողջական որոշակի,
    օրինակ՝ վերարտադրողական կարիքները, երեխաների և/կամ ընտանիքի անդամների
    խնամքն իրականացնելու պարտականությունները, ինչպես նաև ազատվելուց հետո
    զոհայնացվելու և ընտանիքների կողմից լքվելու բարձր հավանականությունը:
    Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող
    վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեն (ԽԿԿ)
    անդրադարձել է ազատազրկված կանանց առանձնահատկություններին՝ մշակելով
    չափանիշներ։ ԽԿԿ չափանիշները պետք է դիտարկել միջազգային այնպիսի
    փաստաթղթերի համատեքստում, ինչպիսիք են «Մարդու իրավունքների և հիմնարար
    ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիան և Մարդու
    իրավունքների եվրոպական դատարանի վերաբերելի նախադեպային որոշումները,
    Եվրոպայի խորհրդի Եվրոպական բանտային կանոնները, Կին բանտարկյալների հետ
    վարվեցողության և կին իրավախախտների նկատմամբ կիրառվող՝ «Ազատազրկված
    կանանց նկատմամբ վերաբերմունքի և կանանց նկատմամբ այլընտրանքային
    պատժամիջոցների վերաբերյալ» ՄԱԿ-ի կանոնները (Բանգկոկյան կանոններ) և «Բանտարկյալների հետ վարվեցողության» ՄԱԿ-ի ստանդարտ նվազագույն կանոնները
    (Նելսոն Մանդելայի կանոններ):
    Այս փաստաթղթերում սահմանվում են կանանց պահման պայմանների և
    նրանց նկատմամբ վերաբերմունքի չափանիշներ, որոնք պետությունները պետք
    է ներդնեն և կիրառեն ազատազրկված կանանց պահման համար նախատեսված
    հաստատություններում /առողջությանը, անձնական հիգիենային, արտաքին
    աշխարհի հետ կապին, երեխաների խնամքին, անվտանգությանը, ՔԿՀ անձնակազմի
    վերապատրաստմանը վերաբերող հարցեր/։ Բանգկոկի կանոնները խրախուսում են
    պետություններին ներդնել կանանց համար այլընտրանքային պատիժների պրակտիկա՝
    առաջարկելով սահմանել «սեռի հատկանիշներով պայմանավորված առանձնահատուկ
    միջոցներ»։
    ՀՀ-ում կին և անչափահաս ազատազրկվածների համար նախատեսված է մեկ
    քրեակատարողական հիմնարկ, այն է՝ «Աբովյան» ՔԿՀ-ն:

    Պահման պայմաններ, պատշաճ կացարան

    Այցերի ընթացքում խումբը բացահայտել է, որ կալանավորվածների պահման վայր
    հանդիսացող մասնաշենքը խոնավ է, հատակը՝ բետոնից, առաստաղներին ու պատերին
    առկա են եղել բորբոսանման ծածկույթներ։ Ակնհայտորեն կա շենքի մաշվածության
    խնդիիր, որը երևում է նաև լուսանկարներում։
    Նշվածի առնչությամբ անհրաժեշտ է նշել, որ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի

    73-րդ հոդվածով հստակ ամրագրված է, որ ուղղիչ հիմնարկում դատապարտյալին
    հատկացված բնակելի տարածքը պետք է համապատասխանի ընդհանուր բնակելի
    տարածքների համար սահմանված շինարարական և սանիտարահիգիենիկ
    չափանիշներին, ինչպես նաև ապահովի նրա առողջության պահպանումը: Միևնույն
    ժամանակ Եվրոպական բանտային կանոնների 19.1-րդ կանոնով էլ սահմանվում է,
    որ անազատության մեջ պահելու վայրերի տարածքները պետք է մշտապես պահվեն
    մաքուր և պատշաճ վիճակում: Ակնհայտ է, որ նման պայմաններն ոչ միայն չեն
    համապատասխանում ընդհանուր բնակելի տարածքների համար սահմանված նույնիսկ
    նվազագույն չափանիշներին, այլև իրական վտանգ են սպառնում անազատության մեջ
    գտնվող անձանց առողջության պահպանման համար։

    Պատշաճ հիգիենա և բուժօգնություն
    Հիգիենա

    Կանանց բնորոշ հիգիենայի կարիքները պետք է հավուր պատշաճի հոգալ:
    Հատկապես կարևոր է սանիտարական և լվացվելու հարմարությունների անարգել
    հասանելիությունը, հիգիենայի անհրաժեշտ պարագաների (սանիտարական սրբիչների
    և տամպոնների) համարժեք քանակության առկայությունը և արյան հետքեր կրող իրերի
    անվտանգ հեռացումը: Բանտում կանանց համար դրանց առկայությունը չապահովելն
    ինքնին կարող է հավասարազոր լինել նվաստացուցիչ վերաբերմունքի40:
    Խցերում, որտեղ պատիժը կրում են կին դատապարտյալներ, կան սանհանգույցներ,
    որտեղ կա նաև շուրջօրյա ջրամատակարարում, սակայն կանայք չեն կարողանում
    հարմարավետ հոգալ իրենց հիգիենայի հարցերը՝ մշտական տաք ջրի բացակայութան
    պատճառով։

    Առհասարակ, անձնական հիգիենայի պահպանումը մեծ նշանակություն ունի
    ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ կանանց ֆիզիկական և հոգեկան
    առողջության և բարեկեցության համար: Հարկ է ընդգծել, որ Եվրոպական բանտային
    կանոնների 19.4-րդ կանոնի համաձայն՝ պետք է համարժեք հնարավորություններ
    ստեղծել, որպեսզի ազատությունից զրկված յուրաքանչյուր անձ կարողանա կլիմային
    համապատասխան ջերմաստիճանի պայմաններում ցնցուղ ընդունել կամ լողանալ, ընդ
    որում՝ հնարավորության դեպքում ամեն օր, սակայն շաբաթն առնվազն երկու անգամ։
    Նշված կանոնների 19.7-րդ կանոնով էլ ամրագրվում է, որ հատուկ պայմաններ պետք է
    ապահովվեն կանանց սանիտարական կարիքների համար41։
    Նշվածով պայմանավորված՝ անհրաժեշտ է նկատել, որ թեև ՀՀ կառավարության
    2006 թվականի օգոստոսի 3-ի №1543-Ն որոշման հավելվածի 36-րդ կետի համաձայն՝
    յուրաքանչյուր կալանավորված անձ կամ դատապարտյալ լոգանք կամ ցնցուղ պետք
    է ընդունի կլիմային համապատասխան ջերմաստիճանի պայմաններում` առնվազն
    յուրաքանչյուր շաբաթը մեկ անգամ, իսկ հնարավորության դեպքում` ավելի հաճախակի,
    եթե դա անհրաժեշտ է ընդհանուր հիգիենայի պահպանման համար, այնուամենայնիվ,
    ԽԿԿ-ն բազմիցս անդրադարձել է այս խնդրին և առաջարկել ավելացնել
    անազատության մեջ պահվող անձանց լոգանք ընդունելու հաճախականությունը՝
    հիմք ընդունելով Եվրոպական բանտային կանոնների 19.4-րդ կանոնը, համաձայն
    որի՝ պետք է համարժեք հնարավորություններ ստեղծել, որպեսզի ազատությունից
    զրկված յուրաքանչյուր անձ կարողանա կլիմային համապատասխան ջերմաստիճանի
    պայմաններում ցնցուղ ընդունել կամ լողանալ, ընդ որում՝ հնարավորության դեպքում
    ամեն օր, սակայն շաբաթն առնվազն երկու անգամ (իսկ անհրաժեշտության դեպքում՝
    ավելի հաճախ)՝ ելնելով ընդհանուր հիգիենայի պահպանության նպատակից:
    Հաշվի առնելով կանանց համար հիգիենայի պահպանման առանձնահատկությունները՝
    չափազանց կարևոր է նրանց ապահովել լոգանքի և հիգիենայի պահպանման պատշաճ
    պայմաններով՝ նախատեսելով համապատասխան հարմարանքներ և ավելի հաճախ
    լոգանք ընդունելու հնարավորություն։
    Անհրաժեշտ է նաև հավելել, որ Հայաստանի վերաբերյալ ԽԿԿ-ի 2016 թվականի
    զեկույցում, ի թիվս այլ առաջարկների, նախատեսված է եղել, որ լոգանք ընդունելու
    հնարավորություն պետք է ընձեռվի առնվազն շաբաթը երկու անգամ։

    Թեև ՔԿՀ-ն ապահովում է կանանց հիգիենայի պարագաներով, սակայն ոմանք
    նախընտրում են հարազատներից ստանալ։
    ԽԿԿ-ն խորհուրդ է տալիս, որպեսզի ազատազրկված բոլոր կանանց համար ապահովվի
    սանիտարական և լվացվելու հարմարությունների անարգել հասանելիությունը,
    հիգիենայի անհրաժեշտ պարագաների (սանիտարական սրբիչների և տամպոնների)
    համարժեք քանակության առկայությունը և արյան հետքեր կրող իրերի անվտանգ
    հեռացումը: Բանտում կանանց համար սեփական արժանապատվությունը պահպանելու
    համար անհրաժեշտ նվազագույն պարագաների առկայությունը չապահովելն ինքնին
    կարող է հավասարազոր լինել նվաստացուցիչ վերաբերմունքի:

    Բուժօգնություն

    Պատշաճ բժշկական սպասարկումն ազատությունից զրկված անձանց համար
    արժանապատիվ վերաբերմունքի հիմնարար տարրերից է։
    Կանանց հասարակություն վերաինտեգրման գործընթացը ավելի դժվար է:
    Ազատազրկված կանանց մոտ ավելի շատ են հոգեկան առողջության խնդիրներ
    առաջանում՝ երեխաներից հեռու գտնվելու, կարոտի, հետագայում հասարակության
    կողմից պիտակավորվելու վախի և այլ գործոնների ազդեցությամբ: Ուստի կանայք
    հոգեբանական աշխատանքի կարիքը զգում են ավելի հաճախ։ ՔԿՀ-ում մեկ հոգեբան
    կա, որը չի բավարարում պահանջարկին։
    Նշվածով պայմանավորված՝ հարկ է հստակ միջոցներ ձեռնարկել ապահովելու
    քրեակատարողական հիմնարկում անհրաժեշտ քանակությամբ բժշկական
    սպասարկում իրականացնող բարձրակարգ մասնագետների ընդունումն ու ապահովելու
    անազատության մեջ գտնվող անձանց պատճաշ բժշկական սպասարկում ստանալու
    իրավունքը։

    Մահվան դեպքեր

    Աբովյան ՔԿՀ-ն նախատեսված չի անկողնային հիվանդների խնամքի համար,
    սակայն այցելությունների ընթացքում խումբը արձանագրել է անկողնային հիվանդների,
    որոնց խնամում էին այլ բանտարկյալներ, ինչն անընդունելի է և չի ապահովում
    անազատության մեջ գտնվող անձանց պատշաճ բժշկական սպասարկում ստանալու
    իրավունքի իրականացումը։

    Խմբի կողմից հրատապ հաշվետվություններ են ներկայացվել նախարարություն՝
    նրաց առողջական վիճակի և նրանց հիվանդությունների համապատասխանությունը
    ՀՀ կառավարության № 825-Ն որոշման հավելվածում ընդգրկված՝ պատիժը
    կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկին, սակայն պաշտոնական
    գրությամբ Խմբին հայտնել են, որ հիվանդությունների ախտահարման աստիճանը
    չի համապատասխանում վերոնշյալ որոշմանը կից հիվանդությունների ցանկին։
    Հատկանշական է, որ ՀՀ ԱՆ պատասխանից մեկ շաբաթ անց կինը մահացել է Աբովյան
    ՔԿՀ-ում, ինչը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։

    Կրթություն և զբաղվածություն

    Աբովյան ՔԿՀ-ում արդեն մեկ տարուց ավելի անչափահասների համար
    հանրակրթությունը անմատչելի է։ Իհարկե, ողջունելի է, որ անչափահասների թիվը
    կտրուկ նվազել է, սակայն անկախ այդ հանգամանքից, կրթական իրավունքի իրացումը
    պետության պարտավորությունն է՝ ամրագրված ինչպես ՀՀ Սահմանադրությամբ և
    միջազգային պայմանագրերով, այնպես էլ «Հանրակրթության մասին» ՀՀօրենքով։
    Հարկ է նկատել, որ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի
    14-րդ կետի համաձայն՝ դատապարտյալն ունի հնարավոր և օրենքով նախատեսված
    կրթություն ստանալու իրավունք: Համանման դրույթ է նախատեսված նաև
    «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 13-րդ
    հոդվածով, սակայն ստեղծված իրավիճակում պատշաճ չի ապահովվում
    անազատության մեջ գտնվող անչափահաս անձանց կրթության իրավունքը, մինչդեռ
    Եվրոպական բանտային կանոնների 28.7-րդ կանոնով հստակ սահմանվում է ոչ միայն
    անազատության մեջ գտնվող անձանց կրթության իրավունքի իրականացումը,
    այլև նախատեսվում է, որ ազատությունից զրկված անձանց կրթությունը պետք
    է գործնականում հնարավորինս ներհյուսված լինի երկրում առկա կրթական և
    մասնագիտական վերապատրաստման համակարգին, որպեսզի ազատ արձակվելուն
    պես նշված անձինք կարողանան առանց դժվարությունների շարունակել իրենց
    կրթությունն ու մասնագիտական վերապատրաստումը:
    Կանանց համար ևս կրթություն ստանալը խրախուսելի է, քանի որ հաճախ
    ՔԿՀ-ում հայտնվելով սոցիալապես խոցելի շերտերից, նրանք զրկված են լինում
    կրթություն ստանալու հնարավորություններից։

    ԽԿԿ-ն իր գործունեության մասին 2-րդ ընդհանուր զեկույցում նշել է, որ
    ազատազրկված անձանց նորմալ կեցության համար ծայրահեղ կարևոր է իրագործել
    միջոցառումների բավարար ծրագրեր (աշխատանք, կրթություն, սպորտ և այլն):
    Այս ծրագրերի իրականացումը կարևոր է բոլոր հիմնարկների համար անկախ նրանից,
    թե ում համար են նրանք նախատեսված՝ դատապարտյալների, թե
    կալանավորվածների44:
    Այդ բացը լրացնելու համար ՔԿՀ-ում գործում են մի քանի կրթական խմբակներ՝
    լեզուների ուսուցում, վարսահարդարի դասընթացներ, ինչ վերաբերում է
    զբաղվածությանը, ապա կանայք զբաղվում են կարի և փաթեթավորման
    արտադրամասում, ներգրավվում են խոհանոցային գործերում, հետևում՝
    մաքրությանը։
    ԽԿԿ-ի այցելող պատվիրակությունները չափազանց հաճախ են հանդիպում
    իրավիճակների, որոնցում իգական սեռի բանտարկյալներին առաջարկվում են
    նրանց համար «պատշաճ» համարվող միջոցառումներ (օրինակ՝ կար կամ ձեռագործ
    աշխատանք)։ Այնուհանդերձ, նման խտրական մոտեցումը կարող է միմիայն ամրապնդել
    կանանց սոցիալական դերի վերաբերյալ հնացած կարծրատիպերը:

    Կապն արտաքին աշխարհի հետ

    Անկասկած, կին բանտարկյալներից շատերի առջև ծառացող հիմնական
    խնդիրներից է նրանց ազատազրկման վայրի՝ տնից շատ հեռու գտնվելը, քանի որ կին
    բանտարկյալները սակավաթիվ են, և համապատասխանաբար սակավաթիվ են կանանց
    բանտերը: Դա նշանակում է, որ նրանց ընտանիքների համար մարտահրավերներ
    են ծագում նրանց հետ շփումները պահպանելու հարցում: Համայնքի, ընտանիքի
    և հատկապես երեխաների հետ կապերի խզումը կարող է լուրջ անհանգստության և
    տառապանքի պատճառ դառնալ կանանց համար, որոնցից շատերն իրենց երեխաների
    առաջնային խնամակալներն են: Ավելին, եթե ամուսնական տեսակցությունները տվյալ
    երկրում թույլատրված են, ապա կին բանտարկյալները սովորաբար չեն օգտվում նույն
    իրավունքներից, ինչ տղամարդ բանտարկյալները: Դա այն ոլորտներից է, որոնցում
    կին բանտարկյալները խտրականության են ենթարկվում բանտային համակարգերի
    մեծ մասում, որը խիստ բացասական հետևանքներ է ունենում կին բանտարկյալների
    հոգեկան աշխարհի համար: Նվազ բարենպաստ այդ վիճակը կարող է էլ ավելի
    բարդանալ այն համակարգերում, որոնցում կարգապահական տույժի տեսակներից
    է ընտանիքի հետ շփումների կրճատումը կամ արգելումը:

    Մինչդեռ Բանգկոկյան կանոնների 26-րդ կանոնով հստակ ամրագրվում է, որ ազատությունից զրկված
    կանանց կապն իրենց ընտանիքի անդամների, այդ թվում՝ երեխաների, երեխաների
    խնամակալների և օրինական ներկայացուցիչների հետ պետք է խրախուսել և նպաստել
    բոլոր ողջամիտ միջոցներով: Հնարավորության սահմաններում պետք է հակակշռել
    իրենց բնակության վայրերից հեռու գտնվող քրեակատարողական հիմնարկում պահվող
    ազատությունից զրկված կանանց համար առաջացող անբարենպաստ պայմանները:
    Ավելին, նույն փաստաթղթի 28-րդ կանոնով էլ սահմանում է, որ երեխաների հետ
    տեսակցությունները պետք է անցկացվեն այնպիսի միջավայրում, որը նպաստում
    է տեսակցությունների դրական փորձին, այդ թվում՝ վարչակազմի վերաբերմունքի
    առումով։ Մեր դիտարկման ժամկետում Աբովյան ՔԿՀ-ում չկային մայրերի հետ ապրող
    մինչև 3 տարեկան մանկահասակ երեխաներ, սակայն պատճառը ոչ թե այն է, որ նրանք
    չեն կալանավորվում, այլ մայրերի ցանկությունը՝ երեխաներին չմեծացնել բանտային
    պայմաններում։

    Ի տարբերություն տղամարդկանց, որոնց առավել կանոնավոր և պատրաստակամ են
    այցելում իրենց ընտանիքների անդամները, կանայք ավելի խոցելի են հարազատների
    կողմից մերժված լինելու և դատապարտված լինելու խարանը կրելու տեսանկյունից։
    Ամուսինները լքում են նրանց, զրկում կապից՝ երեխաների հետ։ Սակայն երբեմն նաև
    կանայք են հրաժարվում տեսակցել բանտային պայմաններում իրենց երեխաների հետ՝
    ծածկելով իրենց գտնվելու վայրը։

    ԽԿԿ-ն համարում է, որ նորմ պետք է լինեն բաց տեսակցությունները, որոնց
    ընթացքում թույլատրվում է ֆիզիկական կոնտակտն ընկերների՝ հատկապես
    երեխաների և զուգընկերների հետ: Բանտում գտնվող կանանց զգալի մի մասը մայրեր
    են և ընտանիքի հիմնական խնամատարներ: Ընտանիքից և երեխաներից անջատումը
    կարող է առանձնակի բացասական ազդեցություն ունենալ թե՛ բանտարկյալների, թե՛
    նրանց ընտանիքի անդամների, հատկապես երեխաների վրա:
    Այս առումով հատկանշական է Վրաստանի օրինակը: Քրեակատարողական
    հիմնարկներում գտնվող բանտարկյալներին որոշակի պայմաններին հետևելու դեպքում
    կարող է իրավունք տրվել որոշ ժամանակով լքել ազատազրկման վայրը, այդ թվում`
    աշխատանքի, ուսման նպատակով կամ հանգստյան օրերն «ազատության մեջ»
    անցկացնելու համար: Կին բանտարկյալները կարող են նաև ընտանեկան այցելություններ
    ունենալ, ինչի համար թույլտվությունը պետք է հաստատի հաստատության ղեկավարը
    և քրեակատարողական դեպարտամենտի պետը: Բացի այդ, կանայք, ում երեխաները
    կալանավայրում եղել են նրանց հետ միասին, իսկ 3 տարին լրանալուց հետո լքել են
    ազատազրկման վայրը և բաժանվել մորից, հանգստյան օրերին իրավունք ունեն լքել
    կալանավայրը:
    Հաշվի առնելով բանտում պահվող կանանց պարագայում ընտանեկան
    հարաբերությունները պահպանելու կենսական կարևորությունը՝ պետք է քաջալերել և
    բոլոր խելամիտ միջոցներով աջակցել ընտանիք՝ ներառյալ երեխաների, վերջիններիս
    խնամակալների և օրինական ներկայացուցիչների հետ շփումները:

    Զեկույցին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ։