Հայերեն

    Հունիսի 26-ը խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրն է, և մի խումբ հասարակական կազմակերպություններ՝ «Ընդդեմ իրավական կամայականության», «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտը», «Հելսինկյան ասոցիացիան» կազմակերպել էին  «Անպատժելիության դեմ պայքար և խոշտանգումների զոհերի վերականգնման իրավունք – 2017» խորագիրը կրող համաժողով։ Համաժողովին ներկա էին պետական և միջազգային կառույցների ներկայացուցիչներ։ Միջոցառման նախաձեռնողները հերթական անգամ հիշեցրեցին, որ խոշտանգումներից զերծ լինելու իրավունքը անձի բացարձակ (սահմանափակման ոչ ենթակա) իրավունքներից է՝ երաշխավորված ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային իրավական ակտերով: Կազմակերպիչները և հրավիրյալ զեկուցողները ներկայացրեցին խոշտանգումների հետ կապված առկա իրավիճակը Հայաստանում՝ ըստ ոլորտների և  խմբերի, որոնք առավել հաճախ են ենթարկվում խոշտանգումների, առաջարկելով համապատասխան լուծումներ՝ օրենսդրական և իրավակիրառ մակարդակով խնդրի կարգավորման համար: Զեկուցողներից էր նաև «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի ներկայացուցիչ Զարուհի Հովհաննիսյանը։ Նա ներկայացրեց Կանանց խոշտանգումները ընտանեկան բռնության գործերում՝ անդրադառնալով երեք՝ Մարիամ Գևորգյանի, Հասմիկ Խաչատրյանի և Թագուհի Մանսուրյանի քրեական գործերին, որոնցում հանցանքը որակվել է որպես խոշտանգում, սակայն պատիժը ոչ համաչափ է կիրառվել։

    Մասնավորապես, Մարիամ Գևորգյանը՝ իր 9-ամսյա ամուսնության ընթացքում տարբեր կենցաղային իրերով բռնության է ենթարկվել սկեսրոջ և ամուսնու կողմից, այդ թվում` պատառաքաղով ծակել են մարմինը, արդուկով այրել որովայնն ու կրծքերը, կոտրել քիթը, ստիպել մեկ ոտքի վրա կանգնած քնել և նման այլ բռնություններ կիրառել, սակայն ամուսինը համաներմամբ ազատվել է պատիժը կրելուց, իսկ սկեսուրը մեղադրվել ՀՀ ՔրՕ 119-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով ( պատիժն ազատազրկում 3 տարի 6 ամիս ժամկետով) և 113-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով ( ազատազրկում` 3 տարի 6 ամիս ժամկետով): Նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 4 /չորս/ տարի ժամկետով (ՀՀ ՔրՕ 66 հոդված), իսկ ՀՀ անկախության հռչակման 20- րդ տարեդարձի կապակցությամբ կիրառվել է համաներում:

    Հարկ է նշել, որ Մարիամը այս ընտանիքի երկրորդ հարսն է եղել և նախկին հարսը ևս ցուցմունք է տվել իր հանդեպ կիրառված խոշտանգումների մասին։ Անպատժելիության հետևանքն այն է,  Մարիամի ողջ մարմինը պատված է սպիներով, քիթը կոտրված է և առկա են այլ մարմնական վնասվածքներ, որոնց վերացման համար անհրաժեշտ է վիրահատական միջամտություն: Այնուամենայնիվ, Մարիամը 2012 թ-ից մինչ օրս դեռ չի ստացել վնասների պատշաճ փոխհատուցում, մինչդեռ ԵԽ նախարարների կոմիտեի կողմից 1985 թվականին ընդունված «Տուժողի դերը քրեական իրավունքի և դատավարության շրջանակներում» N R(85) 11 հանձնարարականի նախաբանում հատուկ ընդգծվել է, որ քրեական արդարադատության հիմնական գործառույթը պետք է լինի տուժողի պահանջները բավարարելը և շահերը պաշտպանելը»:

    Հաջորդ քրեական գործը դա Հասմիկ Խաչատրյանին խոշտանգման ենթարկելու վերաբերյալ էր։  Դատարանը նրա նախկին ամուսնուն Սարգիս Հակոբյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասով տուժողին պարբերաբար ուժեղ հոգեկան ու ֆիզիկական ցավ պատճառելու համար և դատապարտել ազատազրկման 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, այնուհետև համաներմամբ ազատել նշանակված պատիժը կրելուց` հաշվի չառնելով գործում առկա ծանրացուցիչ հանգամանքները` հանցագործության պարբերականությունը և տուժողի` մեղադրյալից կախվածության մեջ գտնվելու հանգամանքը: Բացի այս դատական գործը ամուսնալուծությունից հետո ավելի քան երկու տարի Հասմիկ Խաչատրյանը զրկված էր երեխաներից մեկի հետ տեսակցելու և նույն հարկի տակ ապրելու հնարավորությունից,ինչը ևս խոշտանգում է, չնայած նրան, որ կար դատական վճիռ երեխաների բնակության վայրը մոր բնակության վայրը հաստատելու վերաբերյալ։ Միայն բոլորովին վերջերս հանրային բողոքի ալիք բարձրացնելու շնորհիվ հնարավոր եղավ ճնշում գործադրել ԴԱՀԿ ծառայության վրա և ստիպել ի կատար ածել դատական վճիռը։

    Երրորդ ներկայացված դեպքը Թագուհի Մանսուրյանինն էր, որին պարբերաբար խոշտանգում էր ամուսինը՝ անգամ հղիության ընթացքում։ Դատարանը Վլադիկ Մարտիրոսյանին մեղավոր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքում և դատապարտել ազատազրկման 6 (վեց) ամիս ժամկետով … և պատիժը պայմանականորեն չէր կիրառել` սահմանելով փորձաշրջան 1 (մեկ) տարի ժամկետով։ Մինչ Վ․ Մարտիրոսյանը փորձաշրջանի մեջ էր նա կացնահարեց Թագուհի Մանսուրյանին և նրա ընտանիքի մյուս անդամներին՝  ծանր մարմնական վնասվածքներ  պատճառելով նախկին կնոջն ու վերջինիս հորը, իսկ կնոջ մորը` Կարինե Մանսուրյանին սպանելով:

    Խոշտանգման 3 դեպքերում էլ դատարանը մեղմ վերաբերմունք է դրսևորել, երկու դեպքում կիրառելով համաներում, մեկում՝ պատիժը պայմանականորեն չի կիրառվել։

    Դատարանն իր իրավական վերլուծություններում և վճիռ կայացնելիս` հաշվի չի առել նաև հանցագործության նախապատմությունը, ամբաստանյալի գործած հանցանքի շարժառիթը և հասարակության համար վտանգավորության աստիճանը: