Հայերեն

    «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամ «Կանանց աջակցման կենտրոնում» հունվարի 30-ին կայացավ երկրորդ դասընթացը՝ սոցիալական աշխատողների համար։ Դասընթացին մասնակցում էին Արաբկիրի, Քանաքեռ-Զեյթուն համայնքի սոցիալական ապահովության տարածքային բաժին, «ՍՕՍ Մանկական գյուղեր» հիմնադրամ սոցիալական աշխատանք կատարող մասնագետները։

    Դասընթացն ուներ երկու բաղադրիչ․ առաջինը նվիրված էր ընտանեկան բռնություն երևույթին և ներկայացնում էր բռնության արմատները, առանձնահատկությունները, վիճակագրությունն ու ազդեցությունները: Դասընթացի երկրորդ մասում ներկայացվում էին ընտանեկան բռնության մասին օրենքի կարևորագույն դրույթները, դրանց կիրառելիությունը և ազդեցությունը սոցիալական աշխատողի գործառույթների կիրարկման վրա: Դասընթացավար  Ալվարդ Կարապետյանը հենվում էր ինտերակտիվ մեթոդի վրա՝ մասնակիցների համար ստեղծելով հնարավորություն՝ ակտիվորեն արտահայտելու իրենց կարծիքն ու քննարկելու ներկայացվող թեմաները:

    Ըստ մասնակիցների հետադարձ կապի՝ դասընթացի շնորհիվ իրենք ավելի հստակ ընկալեցին ընտանեկան բռնության ենթարկված անձանց առջև ծառացած դժվարությունները, իսկ դրանից ելնելով՝ օրենքի ընդունման կարևորությունը։

    Դասընթացների արդյունքում մասնակիցները հստակ պատկերացում կազմեցին «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եվ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի վերաբերյալ: Բացի այդ, մասնակիցների միջև ստեղծվեց ոչ-ֆորմալ կապ, և նրանք քննարկեցին իրենց պրակտիկայում հանդիպած բարդ դեպքերն ու տեղի ունեցավ մասնագիտական կարծիքների փոխանակում:

    Նշենք, որ դասընթացն իրականացվում է «Գործենք միասին՝ հանուն Հայաստանում ավելի հաշվետու սոցիալական պետության» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է ՄԱԿ-ի Ժողովրդավարության հիմնադրամի կողմից և իրականացվելու է 2017-2019 ժամանակահատվածում։

    Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել բնակչության առավել խոցելի խմբերի պաշտպանությանը Հայաստանում՝ բարձրացնելով գործող սոցիալական պաշտպանության համակարգի արդյունավետությունը։ Մասնավորապես, ծրագրի թիրախում ՀՀ սոցիալական պաշտպանության համակարգում տեղի ունեցող խոշոր բարեփոխումներն են՝ համալիր սոցիալական ծառայությունների, երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության, գենդերային հավասարության բնագավառներում։