Հայերեն

    Մայիսի 14-ին՝ Երևանի ավագանու ընտրությունների օրը, ՀՀԿ շտաբում  տեղի է ունեցել բռնություն, բիրտ ուժի ապօրինի և անթույլատրելի կիրառում՝   «Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու, ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի և նրա դստեր՝ Լիլիթ Դրամփյանի նկատմամբ, որի արդյունքում Փոստանջյանի դուստրը տեղափոխվել է Հանրապետական հիվանդանոց՝ ուղեղի ցնցում ախտորոշմամբ:

    Զարուհի Փոստանջյանը Երևանի քաղաքապետի ՀՀԿ-ի թեկնածու Տարոն Մարգարյանի Ավան վարչական շրջանի շտաբ էր եկել ընտրակաշառքի ցուցակների առկայության մասին ահազանգի հետքերով, որտեղ էլ տեղի է ունեցել Զարուհու և նրա դստեր նկատմամբ բռնություն, նախ՝  ՀՀԿ ներկայացուցիչների, այնուհետև՝ ոստիկանների կողմից։ Ոստիկանության ներկայացուցիչները «Երկիր Ծիրանի» կուսակցության թեկնածուին և նրա դստերը հրելով, քարշ տալով դուրս են բերել ՀՀԿ շտաբից, իսկ այնուհետև կարճ ժամանակով բերման ենթարկել Լիլիթ Դրամփյանին:

    «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» խստորեն դատապարտում է  Երևանի քաղաքապետի կին թեկնածուի և նրա դստեր հանդեպ ուժի կիրառման փաստը, այն համարելով ապօրինի և անընդունելի։

    Կոալիցիան կոչ է անում բոլոր իրավապաշտպան կառույցներին հետամուտ լինել դեպքի քննությանը։ Իրավապահ համակարգից պահանջում ենք համակողմանի  քննություն անցկացնել ու պատասխանատվության ենթարկել միջադեպի բոլոր մեղավորներին՝ թե՛ ՀՀԿ շտաբի, թե՛ ոստիկանության ներկայացուցիչներին։

    Նաև հայտարարում ենք, որ պետության կողմից անբավարար միջոցառումների և  նման բռնության կիրառման փաստի անտեսման պարագայում, որը  հակասում է Հայաստանի կողմից վավերացված մի շարք կոնվենցիաներին, այդ թվում ՄԱԿ-ի «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիային» (CEDAW), մենք  հետամուտ ենք լինելու բոլոր միջազգային հարթակներում բարձրաձայնելու և ի ցույց դնելու այս միջադեպը, որպես պետության պարտավորությունների կատարման թերացում և կանանց քաղաքական մասնակցության հնարավորությունների սահմանափակման ու խոչընդոտման վառ օրինակ։