Հայերեն

    Կանանց աջակցման կենտրոնի թեժ գիծը աշխատում է ծանրաբեռնված ռեժիմով։ Այն  հասանելի է շուրջօրյա և կանայք օրվա ցանկացած ժամի կարող են ստանալ աջակցություն։ Սակայն, հաճախ ահազանգերին պատասխանող սոցիալական աշխատողները հայտնվում են բռնարարների թիրախում, որոնց ուղղակի հանգիստ չեն տալիս կանանց բռնության ենթարկած ամուսինները։ Նրանք հայհոյում, սպառնում ու հետապնդում են սոցիալական աշխատողներին՝ փորձելով նրանց վախեցնել ու հետ բերել բռնարար հարաբերությունները խզել փորձող կանանց։ 
    Այդպիսի կանանցից մեկն է Աննան (անունը փոխված է), որին կենտրոնում ապաստանել են բոլորովին վերջերս։ Նրան Կանանց աջակցման կենտրոն են ուղղորդել ոստիկանները, հերթական ֆիզիկական բռնությունից հետո՝  ծեծված, 1,5 տարեկն երեխայի հետ միասին։ Կինն այժմ գտնվում է կենտրոնի ապաստարանում, իր մանկահասակ երեխայի հետ միասին։
    «Այդ օրվանից ի վեր, կնոջ ամուսինը ուղղակի օրեր շարունակ զանգահարում է կազմակերպության թեժ գծին։ Թեժ գծի աշխատակիցը ստացել է բազմաթիվ վիրավորանքներ ու հայհոյանքներ, և մենք այդ մասին կատարել ենք ահազանգ՝ ոստիկանություն, քանի որ այդ նույն ժամերին բազմաթիվ կանայք զրկված են եղել թեժ գծին զանգ կատարելու հնարավորությունից, հնարավոր չի եղել կապ հաստատել կազմակերպության հետ։ Այդպիսով բազմաթիվ կանայք, որոնք կարիք են ունեցել աջակցության, զրկվել են այդ հնարավորությունից», – ներկայացնում է Կանանց աջակցման կենտրոնի փաստաբանը։ 

    Բռնարարը հրավիրվել է ոստիկանություն, նրանից բացատրություն են վերցրել, պարզաբանում է փաստաբանը, սակայն Հայաստանում վիրավորանքը ապաքրեականացված է և փաստացի որևէ գործուն միջոց չկա, որպեսզի անձը իրավապաշտպան կառույցի դեմ նմանատիպ գործողությունների համար որևէ պատասխանատվության ենթարկվի։ Ու թեև ոստիկանությունում անձի հետ բացատրական աշխատանք է տարվել, նախազգուշացվել է, որպեսզի չանհանգստացնի կազմակերպության աշխատակիցներին, սակայն օրերս՝ Կանանց աջակցման կենտրոնի գրասենյակում, բռնությունից տուժած կնոջ հետ քննչական գործողություններ իրականացնելու օրը, կազմակերպություն է ներկայացել բռնարարը՝ մի խումբ տղամարդկանց ուղեկցությամբ և պահանջել տեսակցություն իր երեխայի հետ։ Ավելի ուշ Կանանց աջակցման կենտրոնի աշխատակիցները պարզել են, որ բռնարար տղամարդը  կառույց է ժամանել հարկադիր կատարման մարմնի աշխատակիցների ուղեկցությամբ, որպես պահանջատեր և պահանջել տեսակցություն մոր հետ միասին  ապաստարանում գտնվող երեխայի հետ։ 

    «Ես ուղղակի ապշած եմ, թե ինչու են պետական մարմնի աշխատակիցները ուղեկցել բռնարար ամուսնուն մեր կենտրոն, չէ՞ որ նա այսքան ժամանակ հեռախոսով էր հետապնդում մեզ, այժմ էլ արդեն ԴԱՀԿ-ի ներկայացուցիչների շնորհիվ իմացավ կազմակերպության գտվելու վայրը։ Արդյո՞ք նրանք չեն հասկանում, որ ուղիղ հարվածի տակ են դնում իրավապաշտպան կառույցը», – զարմանքով նշում է Կանանց աջակցման կենտրոնի սոցիալական աշխատողը։ Նա պարզաբանում է, որ ԴԱՀԿ աշխատակիցների հետ մինչ այցը եղել է հեռախոսազրույց աջակցման կենտրոնի իրավաբանի հետ, ով տեղեկացրել է, որ կարող են գրավոր ներկայացնել պահանջն ու  ստանալ փաստարկված պատասխան կառույցից։ Սակայն հեռախոսազրույցից քիչ անց ԴԱՀԿ աշխատակիցներն առանց նախազգուշացնելու և գիտակցելու իրավիճակի լրջությունը բռնարարին ուղեկցել են իրավապաշտպան կազմակերպություն։ Շատ տարօրինակ է պետական կառույցի ներկայացուցիչների ոչ զգայուն և կառույցը թիրախավորող մոտեցումը, ինչը խիստ մտահոգիչ է։ Նրանք տեղեկացված են եղել, որ կինը Կանանց աջակցման կենտրոնի ապաստարան է ուղղորդվել ոստիկանության կողմից, քանի որ ունի անվտանգության խնդիր, և պահանջատիոջը այդ պարագայում վերցնել ու գալ աջակցման կենտրոն անթույլատրելի է։
    Այն, որ Կանանց աջակցման կենտրոնն անընդհատ հայտնվում է բռնարարների թիրախում, դա մշտապես կրկնվող երևույթ է, սակայն պետական կառույցները պետք է որ շատ ավելի զգայուն լինեն՝ պաշտպանելու առանց այդ էլ բարդ վիճակում գտնվող իրավապաշտպան կառույցն ու այնտեղ ապաստանած կանանց։ 
    Այսպիսի իրավիճակները գալիս են ապացուցելու, որ իրավապաշտպան կառույցը պետք է գտնվի հատուկ կարավիճակում՝ ոստիկանության, պատկան մարմինների առավել աչալուրջ պաշտպանության և հսկողության ներքո, քանի որ այդտեղ աջակցություն են ստանում արդեն իսկ բռնույան ենթարկված կանայք, որոնք խոցելի են, իսկ նրանց հետ աշխատանքը՝ հարակից վտանգներով լի։ Եվ յուրաքանչյուր ոտնձգություն իրավապաշտպան կառույցի նկատմամբ խախտում է աջակցության կարիք ունեցող կանանց իրավունքը, ինչպես նաև վտանգում կառույցի աշխատակիցների կյանքն ու առողջությունը։