Հայրս խմում էր: Տանը միշտ վեճ ու կռիվ էր: Որքանով ինձ հիշում եմ միշտ էդպես է եղել: 13 տարեկան էի, երբ դանակը վերցրի ձեռքս ու սպառնացի, որ կվնասեմ ինձ, եթե ծնողներս չդադարեն վիճել: Երազանք ունեի, ցանկանում էի բուժքույր դառնալ: Դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվեցի այլ քաղաք` ուսում ստանալու: Կտրվել էի տնից, վեճերից, ընկերներ ունեի արդեն: Կյանքում առաջին անգամ սկսեցի ինձ երջանիկ զգալ: Մի քանի ամիս էլ չէր անցել, երբ հայրս հետ կանչեց ինձ, ասաց, որ այլևս չեմ կարող շարունակել ուսումս, քանի որ գումար չկա, և ուսումն ապագա չէ ինձ համար: Երազանքներս կոտրվեցին…

Ծնողներս ամուսնալուծվեցին, ես մնացի հորս հետ… խղճում էի: Մի անգամ քիչ մնաց մի անծանոթ տղամարդու հետ ամուսնացներ ինձ օղու դիմաց: Ինձ մշտապես որբ եմ զգացել, որբ ու միայնակ:

Ամուսնությունը փախուստ էր տնից, հորիցս: Ամուսինս ինձնից մեծ էր 15 տարի: Ես նրա երկրորդ կինն էի. մեղադրում էի նրա նախկին կնոջը, որ լքել էր նրան… խղճում էի: Հույս ունեի, որ նրա մեջ կգտնեմ այն հենարանը, որը երբեք չեմ ունեցել: Բայց պաշտպանության ու ապահովության փոխարեն կրկնակի վտանգի ենթարկվեցի: Ամուսնությունից ամիսներ անց սկսվեցին բռնությունները: Ալկոհոլի ազդեցության տակ նա վերադառնում էր տուն ուշ գիշերով, սկսում անհիմն մեղադրել ինձ անհավատարմության մեջ, հարվածում դեմքիս, գլխիս, մեջքիս ու որովայնիս: Հարկադրեց հղիանալ: Հղիության ընթացքում բռնությունը չդադարեց: Որդիս ծնվեց վաղաժամ, 2 ամիս մենք անցկացրինք հիվանդանոցում: Տուն վերադառնալուն պես բռնությունը վերսկսվեց:

Մի անգամ նա դանակով հարվածեց ոտքիս: Արյունաթաթախ դուրս փախա, գիշերն անտառում անցկացրի: Մեկ ուրիշ անգամ նույն դանակով մեջքիս իր անվան առաջին տառը գրեց. սպին մինչ օրս չի անհետացել: Երրորդ անգամ նույն տխրահռչակ դանակով մազերս կտրեց: Այլևս անհնար էր. երեխայիս հետ փախա:

Այժմ որդուս կյանքին վտանգ է սպառնում: Երեխան չի աճում: Պատճառը վաղաժամ ծննդաբերությունն է ու հղիության  ընթացքում առաջ եկած բարդությունները հաճախակի ծեծի հետևանքով: Ես դարձյալ միայնակ եմ, որբ ու միայնակ: Բայց հույսս չեմ կորցնում. երիտասարդ եմ, լի երազանքներով: Անցյալում լուսավոր օր չեմ տեսել, բայց հավատում եմ, որ Աստված զուր չէ ինձ այսքան փորձությունների ենթարկել և որ ամեն ինչ լավ է լինելու:

Էլեն, 19 տ.