Հայերեն

Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր

01․10․2017

Ամեն տարի «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան Հոկտեմբերի 1-ը նշում է որպես «Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր»։  2010թ. հոկտեմբերի 1-ին ամուսնու կողմից դաժան ծեծի հետևանքով զոհվեց 20-ամյա Զարուհի Պետրոսյանը: Սա միակ դեպքը չէր Հայաստանում, սակայն իր դաժանությամբ ցնցեց  հասարակությանը: Դեպքից հետո ընտանեկան բռնության խնդրով մտահոգ հասարակական կազմակերպությունները միավորվեցին՝ ստեղծելով  «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության»  կոալիցիա, որի պահանջն էր արդար դատավարություն, ընտանեկան բռնության դեպքերի կանխարգելում և օրենսդրական դաշտի կարգավորում։

Հայաստանում, ամեն տարի գրանցվում է ընտանեկան բռնության դեպքերի աճ։  Ըստ ՀՀ ոստիկանության 2017 թվականի առաջին յոթ ամիսների տվյալների գրանցվել է ընտանեկան բռնության 416 դեպք, որից 235-ը, այսինք շոշափելի մեծամասնությունը ամուսնու կողմից կնոջ նկատմամբ։ Իգական սեռի ներկայացուցիչների նմատմամբ բռնության դեպքերը 1204-ն են, որոնցից 52-ը սեռական անձեռնամխելիության և կանանց սեռական ազատության դեմ ուղղված։  «Ընդդեմ կանանց նկատմամբ բռության» կոալիցիայի տվյալներով նույն ժամանակահատվածում առնվազն 5 կին է սպանվել ամուսնու կամ զուգընկերոջ կողմից։ Իսկ անդամ կազմակերպությունների թեժ գծերին ստացվող հեռախոսազանգերի թիվը կրկնապատկվել է՝  անցնելով 4500-ը։

Այս տարի  «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության»  կոալիցիան  իրականացնելու է միջոցառումներ՝ «Ընտանեկան բռնությունը հանցագործություն է» խորագրով, որոնք ուղղված են լինելու հանրային իրազեկվածության բարձրացմանն ու կանանց զորեղացմանը։ Միջոցառումները կկայանանան Երևանի տարբեր մասերում․

11։00 – Սասունցի Դավթի հրապարակում  (Կայարան)

12։30 – Շենգավիթ մետրոյի հարակից տարածքում

15։00 – Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի այգու տարածքում

16։30 – 15-րդ և 16-րդ թաղամասերի հատման կետում գտնվող տարածքում

18։00 – «Ազատության» հրապարակում
(Մոմավառություն՝  ի  հիշատակ ընտանեկան բռնության զոհերի)