Հայերեն

    «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամ «Կանանց աջակցման կենտրոնում» հունվարի 31-ին կայացավ երրորդ դասընթացը՝ սոցիալական աշխատողների համար։ Դասընթացին մասնակցում էին Մալաթիա-Սեբաստիայի, Աջափնյակի, Էրեբունու սոցիալական ապահովության տարածքային բաժնի սոցիալական աշխատանք կատարող մասնագետները։

    Դասընթացի ընթացքում մանրամասն ներկայացվեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եվ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքն ու իրավական ակտում ամրագրված բոլոր կարևոր դրույթները։ Հատկապես մանրամասն ներկայացվեցին օրենքում ամրագրված  Ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության միջոցները, որոնք երենքն են՝

    1) նախազգուշացումը.

    2) անհետաձգելի միջամտության որոշումը.

    3) պաշտպանական որոշումը:

    Այս միջոցների կիրառման պարագայում առավել կարևորվեց սոցիալական աշխատողների դերակատարումն ու դեպքի գնահատման հմտությունները, ինչպես նաև ընտանեկան բռնության ենթարկված անձնանց հետ աշխատանքի նրբություններն ու առանձնահատկությունները։

    «Ոստիկանն ինչպե՞ս պետք է հսկի, որ բռնարարը զոհին չմոտենա կամ չսպառնա հեռախոսով կամ ֆեյսբուքով: Դժվար թե մեր ոստիկանությունը կարողանա միջամտել ու պաշտպանել զոհին»,- նշեց Մալաթիա-Սեբաստիայի սոցիալական ապահովության տարածքային բաժնի աշխատակիցը:

    Մասնակիցները նաև առանձնահատուկ հետաքրքրությամբ էին քննարկում ընտանեկան բռնության օրենքի դրույթները՝  իրենց  պրակտիկայից ելնելով մատնանշում էին օրենքի կիրառելության արդյունավետության վերաբերյալ մտավախություններ: «Ես վստահ եմ, որ եթե անհետաձգելի միջամտության որոշմամբ բռնարարին հեռացնեն տնից, իսկ կինը մնա այդ նույն բռնարարի ծնողների կամ քույր-եղբայրների հետ, ապա հաստատ էլի բռնության կենթարկվի»,-նշեց Մալաթիա-Սեբաստիայի սոցիալական ապահովության տարածքային բաժնի աշխատակիցը:

    Քննարկվեցին նաև օրենքում առկա խնդրահարույց դրույթները, որոնցից առանցքայինը հաշտեցումն է։ Ընտանիքում բռնության ենթարկված և ընտանիքում բռնություն գործադրած անձանց հաշտեցումն իրականացվում է անհետաձգելի միջամտության և պաշտպանական որոշումների գործողության ընթացքում՝ Լիազոր մարմնի ղեկավարի սահմանած կարգով: Սակայն դասընթացավար Հասմիկ Գևորգյանն՝ իր փորձից ելնելով, ունի մտավախություն, որ  հաշտեցումն ընտանեկան բռնության պարագայում նոր բռնությունների սկիզբ կարող է դառնալ։
    Դասընթացի մասնակիցների գնահատմամբ հանդիպումը շատ օգտակար էր, նրանցից ոմանք առաջին անգամ հետադարձ հայացքով գնահատեցին այն դեպքերը, որոնք եղել են իրենց պրակտիկայում և վերստին վերագնահատելով ընտանեկան բռնություն որակեցին այն դեպքերը, որոնք նախկինում ընտանեկան բռնություն չէին որակվել։

    Նշենք, որ դասընթացն իրականացվում է «Գործենք միասին՝ հանուն Հայաստանում ավելի հաշվետու սոցիալական պետության» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է ՄԱԿ-ի Ժողովրդավարության հիմնադրամի կողմից և իրականացվելու է 2017-2019 ժամանակահատվածում։

    Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել բնակչության առավել խոցելի խմբերի պաշտպանությանը Հայաստանում՝ բարձրացնելով գործող սոցիալական պաշտպանության համակարգի արդյունավետությունը։ Մասնավորապես, ծրագրի թիրախում ՀՀ սոցիալական պաշտպանության համակարգում տեղի ունեցող խոշոր բարեփոխումներն են՝ համալիր սոցիալական ծառայությունների, երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության, գենդերային հավասարության բնագավառներում։