Հայերեն

    Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասությունների դատարանում ապրիլի 18-ին շարունակվեց նախկին ամուսնու կողմից դանակի 30  հարվածով սպանված Հեղինե Դարբազյանի գործով դատական նիստը: Դատական նիստում շարունակվեց վկաների հարցաքննությունը: Այս անգամ դատարանի դահլիճում վկայություն տվեց Հեղինե Դարբազյանի և Արտակ Առաքելյանի 12-ամյա դուստրը՝ Էլեն Առաքելյանը: Թեև նա կաշկանդված էր հոր ներկայությամբ, սակայն նախընտրեց խոսել հոր՝ ամբաստանյալ Արտակ Առաքելյանի առջև: Նա շեշտեց, որ չի սիրում հորը, և ականատես է եղել, թե ինչպես է պարբերաբար բռնության ենթարկել մորը:

    «Մի անգամ, երբ մաման ուզում էր  գնար մեր հետ,  ինքը մամայի  քիթը  ջարդեց, տարան հիվանդանոց,  իսկ ինքը մամային ասեց, որ  եթե ասես, որ ես եմ արել,  կսպանեմ, մաման էլ ասեց՝ սոտ եմ տվել , ընկել եմ սառույցի վրա: Երբ  մամային  ծեծում էր, մենք  գոռում  էինք,  հետո հարևանները որ հարցնում էին ինչ  է եղել, մենք ասում էինք, որ  կարիճ ենք տեսել, գոռացել ենք», -ասաց Հեղինեի անչափահաս դուստրն ու հավելեց, որ հայրը թույլ չէր տալիս Հեղինեին շփվել հարազատների հետ և բոլորի հանդեպ խանդում էր: Ազգությամբ թուրք Նաթիկին ընտանիքը պարտքեր ուներ, ու նա սկայպով զանգում էր իրենց:

    «Երբ  որ թուրքը  զանգում էր, ինքը/հայրը, խմբ./ տանն էր , բայց  չէր ուզում կամերայում երևար:  Ինքը  մամային միայն թուրքի հանդեպ չի որ  խանդել է: Արգելել  է տնից  դուրս  գալ: Իսկ մենք  չէինք կարող  խոսել կողքից, որովհետև   վախենում էինք, որ  կծեծի»:

    Դատական այս նիստում ցուցմունք տվեց նաև գործով վկա Նշան Քեշիշյանը, ով փաստեց, որ մինչ սպանության դեպքի օրը նա չի ճանաչել ամբաստանյալ Ա. Առաքելյանին, իսկ Հեղինեին ճանաչել է, որպես Մալաթիա տոնավաճառի աշխատակցի: Դեպքի օրը աղմուկ է լսել և դուրս է եկել իր խանութից:
    «…մարդիկ  արդեն  հավաքված  էին,  Ամբաստանյալն  էր կանգնած, ու ասում էր. «ես գիտեմ ինչ եմ արել ու ինչի»: Արյունոտ  ձեռքից գցեց դանակը: Իմ կարծիքով  երևի  դիմադրել էր   այդ աղջիկը, էնպես, որ  ամբաստանյալն էլ էր վնասվել»:
    Հիշեցնենք, որ 2015 թվականի սեպտեմբերին Մալաթիա տոնավաճառի վարագույրների վաճառքի տաղավարներից մեկում դաժանաբար սպանվել էր 38-ամյա Հեղինե Դարբազյանը: Նրա երեխաների հայրը՝ Արտակ Առաքելյանը, որսորդական դանակով նախ կտրել էր Հեղինե Դարբազյանի կոկորդը, ապա նույն դանակի 30 հարվածով սպանել նրան:
    Արտակ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), 235-րդ հոդվածի 4-րդ մասով (ապօրինի կերպով զենք կրել):

    Դատական նիստը կշարունակվի մայիսի 2-ին, ժամը 12:30-ին: