Հայերեն

    «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան   մայիսի 30-ին, «Անի Պլազա» հյուրանոցի «Գառնի» սրահում իրականացրեց դասընթաց՝ «Ի՞նչ է ընտանեկան բռնությունը և Հայաստանում դրա իրավակարգավորումները» թեմայով։ Դասընթացին մասնակցում էին  «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամ կազմակերպությունների՝ «Կանանց աջակցման կենտրոնի» և «Կանանց իրավունքների կենտրոնի» շահառուները։

    Դասընթացի հիմնական նպատակն էր ընտանեկան բռնություն վերապրած կանանց՝ ընտանեկան բռնության կանխարգելման նոր օրենսդրությամբ սահմանված իրավակարգավորումներին հաղորդակից դարձնելը։ Ինչպես հայտնի է, անցյալ տարի ընդունված «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ կմտնի 2018 թվականի հուլիսի 1-ից։

    Ըստ «Կանանց իրավունքների կենտրոնի» հոգեբան, դասընթացավար Մարինե Եղիազարյանի․ « Կնոջ համար շատ դժվար է դուրս գալ բռնության շղթայից, քանի որ կան բազմաթիվ վախեր ունի՝  հասարակության կարծիքը, անորոշությունը, երեխաներին կորցնելու վախը և այլն, սակայն եթե այս բոլոր վախերին հակակշիռ լինի պետության աջակցությունը, ապա հնարավոր է հաղթահարել»։

    Դասընթացի ժամանակ ընտանեկան բռնություն վերապրած կանայք ներկայացրեցին իրենց ակնկալիքները, որոնցից

    հիմնականն օրենքի կիրառման արդյունքում ավելի պաշտպանված լինելն է։

    Շահառուներից Լ․Ա․-ն գտնում էր, որ եթե ժամանակին գործեր նման օրենք և հնարավոր լինել օգտվել կանխարգելման միջոցներից, ապա բռնություններն իր ընտանիքում այդքան երկար չէին շարունակվի և, առավել ևս, չէին խորանա՝ վերաճելով ֆիզիկական բռնության, իսկ երեխաների վրա վերահսկողությունը՝ ամուսնու կողմից կնվազեր։ Այժմ մայրերից շատերը զրկված են իրենց երեխաների հետ առողջ շփումից, ինչը թե՛ ծնողական իրավունքի խախտում է, թե՛ չի բխում երեխայի լավագույն շահերից։

    Դասընթացի ավարտին կանայք խնդրեցին Ընտանեկան բռնության կանխարգելման օրենսդրության ուժի մեջ մտնելու և որոշակիորեն կիրառման արդյունքները ևս ամփոփել ընդհանուր քննարկման ֆորմատով՝ տարեվերջին։

    Նշենք, որ դասընթացն իրականացվում է «Գործենք միասին՝ հանուն Հայաստանում ավելի հաշվետու սոցիալական պետության» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է ՄԱԿ-ի Ժողովրդավարության հիմնադրամի կողմից և իրականացվելու է 2017-2019 ժամանակահատվածում։

    Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել բնակչության առավել խոցելի խմբերի պաշտպանությանը Հայաստանում՝ բարձրացնելով գործող սոցիալական պաշտպանության համակարգի արդյունավետությունը։ Մասնավորապես, ծրագրի թիրախում ՀՀ սոցիալական պաշտպանության համակարգում տեղի ունեցող խոշոր բարեփոխումներն են՝ համալիր սոցիալական ծառայությունների, երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության, գենդերային հավասարության բնագավառներում։

    Ծրագիրը նախատեսում է քաղաքացիների շրջանում ընթացիկ բարեփոխումների վերաբերյալ շարունակական իրազեկումների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մասնագետների քաղաքականության մշակման գործընթացում մասնակցության համար անհրաժեշտ կարողությունների ամրապնդման և զարգացման միջոցով նպաստել սոցիալական պաշտպանության համակարգի կառավարման մասնակցային, ավելի արդյունավետ գործող և պատասխանատու միջավայրի ձևավորմանը, որտեղ ինչպես առանձին քաղաքացիներն, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կլինեն տեղի ունեցող բարեփոխումների անմիջական մասնակիցներ։