Հայերեն

    Սեպտեմբերի 30-ին, «Հոդված 3» ակումբում տեղի ունեցավ ասուլիս՝ «Գենդերային բռնության դեմ պայքարը Հայաստանում» թեմայով:
    Ասուլիսը նախորդում էր Հոկտեմբերի 1-ի միջոցառումներին, որոնք «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան անցկացնում է ամեն տարի՝ «Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրը»: Անդրադարձ կատրավեց օրվա խորհրդին ու այս տարի նախատեսվող միջոցառումներին։ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի ներկայացուցիչ Զարուհի Հովհաննիսյանը տեեղկացրեց, որ այս տարի Հոկտեմբերի 1-ը նշվելու է Սպիտակում, Վանաձորում և Երևանում , ինչպես նաև ամփոփեց 2019 թվականին արձանագրված գենդերային բռնության դեպքերը:
    Եվ այսպես, 2019 թվականի հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում, ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ ամփոփագրերի, գրանցվել է ընտանիքում բռնության 1270 ահազանգ, որից 570 դեպքով բռնություն գործադրած անձի նկատմամբ կայացվել է նախազգուշացում, իսկ 170 դեպքով՝ անհետաձգելի միջամտության որոշում։ «ՀՀ ոստիկանության տվյալներով՝ նույն ժամանակահատվածում 73 դեպքով իգական սեռի 74 ներկայացուցչի նկատմամբ կատարվել է սեռական ազատության և սեռական անձեռնամխելիության դեմ հանցագործություն: 39 դեպքով 40 անչափահասի նկատմամբ կատարվել է սեռական ազատության և անձեռնամխելիության դեմ ուղղված հանցագործություն, որոնցից 38 դեպքով՝ 39 անչափահաս աղջկա նկատմամբ»,- ասաց Զարուհի Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ թվերը խոսուն են և անհանգստացնող։ «Այս թվերը խոսում են նրա մասին, որ միգուցե բավարար ջանքեր չենք գործադրում, որպեսզի կանխարգելվի բռնությունը»,- ընդգծեց իրավապաշտպանը։

    Անդրադառնալով օրենսդրական դաշտում առկա խնդիրներին, Կոալիցիայի ներկայացուցիչ Ստելլա Չանդիրյանը նշեց, որ 2017 թվականին ընդունվել է «Ընտանեկան բռնության մասին» օրենքը, 2018-ի հուլիսից ուժի մեջ մտան Ոստիկանության միջոցառումները, այսինքն՝ նախազգուշացում, անմիջական հետաձգում, պաշտպանական որոշում։ 2019 թվականից պետք է գործեին նաև ապաստարանները, բայց պետության կողմից ստեղծված կամ ֆինանսավորվող ապաստարաններ չունենք։  «Օրենսդրական խնդիրները պայմանականորեն երկու խմբի կարող ենք բաժանել։ Կան խնդիրներ, որոնք օրենքը չի կարգավորում կամ թերի է կարգավորում, և կան հարցեր, որոնք թեպետ օրենքով կարգավորված էին, բայց չպետք է կարգավորվեին։ Նախ, ինչպես օրենքի վերնագրում, այնպես էլ տեքստում օգտագործվում է «ընտանիքում բռնություն» հասկացությունը, որը թարգմանվել է անգլերեն «domestic violence»-ից, կոնցեպտային անհամապատասխանություն է առաջացնում։ «Ընտանիքում բռնություն» հասկացությունն «ընտանեկան բռնություն» հասկացության հետ այնքան էլ առնչություն չունի»,- ընդգծեց «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի ներկայացուցիչը։ Մյուս խնդիրը, ըստ Ստելլա Չանդիրյանի, վերաբերում է օրենքում ներառված բռնության տեսակներին։ «Ինքնին ընտանեկան բռնությունն օրենսդիրը չի քրեականացրել։ Այսինքն՝ չունենք որպես այդպիսին «Ընտանեկան բռնություն» քրեական հանցագործություն։ Երբ խոսում ենք սեռական բռնության մասին, ըստ օրենքի՝ դրանք այն արարքներն են, որոնք անձի սեռական անձեռնմխելիության կամ ազատության դեմ են ուղղված։ Բայց մեր Քրեական օրենսգիրքն այս ոլորտում սահմանափակ քանակությամբ հոդվածներ ունի։ Օրինակ՝ կանանց սեռական օրգանների խեղումը, ինչն ընտանեկան բռնություն է համարվում, ներառված չէ մեր Քրեական օրենսգրքում։ Ստացվում է, որ եթե նման իրավիճակ ստեղծվի, սա չի տեղավորվելու ո՛չ ՀՀ Քրեական օրենսգրքի շրջանակում, ո՛չ ընտանեկան բռնության մասին օրենքի։ Այսինքն՝ իրավական հանցագործությունների մի ամբողջ խումբ օրենքով նախատեսված չէ»,- ասաց Ստելլա Չանդիրյանը։ Նրա խոսքով՝ նման խնդիրների շարքում նաև աղջիկների վաղ ամուսնություններն են։

    Ընտանեկան բռնության դեմ օրենքի ընդունումը ԼԳԲՏ անձանց կյանքում ոչ մի փոփոխության չի հանգեցրել։ Այսօր նրանք բախվում են ֆիզիկական, հոգեբանական ու տնտեսական բռնության։ Ասում է «Փինք Արմենիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Հասմիկ Պետրոսյանը։ «Ավելի շատ գործ ունենք ծնողների կողմից երեխաների նկատմամբ բռնության դեպքերի հետ, քան զուգընկերների միջև բռնության։ Նման դեպքեր նույնպես կան, բայց այս պահին դրանց վերաբերյալ տեղեկություններն ավելի քիչ են։ Մենք նման անձանց տրամադրում ենք սոցիալական աշխատողի աջակցություն, բայց, իհարկե, հասարակական կազմակերպությունների ռեսուրսները շատ սուղ են։ Այն աջակցությունը, որ պետությունը պետք է տրամադրի և այն ռեսուրսները, որ նա ունի, հասարակական սեկտորը չի կարող ապահովել, և պետությունն այդ ուղղությամբ պետք է ջանքեր գործադրի»,- ընդգծեց Հասմիկ Պետրոսյանը։

    Հասմիկ Պետրոսյանի խոսքով՝ շատ են դեպքերը, երբ անձն իր սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության պատճառով ոչ միայն ընտանիքից է վտարվում, այլ նաև զրկվում կրթության իրավունքից և սոցիալական պաշտպանվածությունից՝ ընդհուպ մինչև հասարակ կենսապայմանների ու տան հնարավարությունից։
    «Այստեղ նաև անչափահասների խնդիրն է։ Եթե չափահաս անձանց դեպքում խնդիրն ավելի լուծելի է, անձինք կարող են ինքնուրույն աշխատանք գտնել կամ ինքնուրույն հոգալ կրթության ծախսերը, ապա անչափահասների դեպքում խնդիրն ավելի լուծելի է, և հասարակական կազմակերպությունները, որոնք այս խմբի անձանց իրավաբանական ու սոցիալական աջակցություն են տրամադրում, դժվարանում են նաև անչափահասների հետ աշխատանքի ոլորտում»,- նշեց Հասմիկ Պետրոսյանը։

     

    Խոցելի խմբին պատկանող անձինք կրկնակի խոցելի են հատկապես բռնության նկատմամբ։ Մենք աշխատում ենք ՄԻԱՎ-ով ապրող կանանց հետ, և լինում են դեպքեր, երբ խորհրդատվության, աշխատանքի ընթացքում պարզվում է, որ ընտանիքի անդամները խոչընդոտում են, որ կինը գնա և ստանա իր համար կենսական նշանակության դեղորայքը կամ անցնի պարբերական հետազոտությունները, որոնք պարտադիր են ու սահմանված օրենսդրությամբ, նշեց «Իրական աշխարհ, իրական մարդիկ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Ժենյա Մայիլյանը։

    «Այս պարագայում կանայք դիմելու որևէ տեղ չունեն։ Չեն կարող դիմել Ոստիկանություն և չեն էլ դիմում, չեն բողոքում, որ իրենց նկատմամբ բռնություն է կիրառվում։ Եղել են դեպքեր, երբ կանայք ասել են, որ իրենք ուղղակի չեն ուզում, որ իրենց ընտանիքում խոսակցություն լինի, կռվի վերածվի: Նախընտրում են չգնալ, դեղերը չխմել, որ թեման փակվի։ Շանտաժ են անում, որ եթե գնա, բաժանվի, բարձրաձայնի, իր կարգավիճակի մասին կհայտնեն մերձավորների շրջապատում կամ ընկերների շրջանում։ Մի դեպք եղավ, երբ ամուսինը կնոջը ոչ միայն սպառնացել էր, այլ նաև բոլոր ընկերներին նամակներ էր ուղարկել՝ ասելով, որ կինը ՄԻԱՎ ունի, հետը չշփվեն»,- նշեց Ժենյա Մայիլյանը։