Մարտի  22-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկեց ավելի քան 10 տարի ամուսնու կողմից բռնության ենթարկված Լուսինե Ղաբուզյանի վերաքննիչ բողոքի քննությունը:

Հիշեցնենք, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասությունների դատարանի վճռով  Արջուտ գյուղի բնակիչ Կարեն Խեչոյանիը տուգանվել էր ընդամենը 150 հազար դրամով՝  Կնոջը՝ Լուսինե Ղաբուզյանին և դստերը՝ Մարուսյա Խեչոյանին պարբերաբար բռնության ենթարկելու համար:
«Ըստ էության, բռնություն է կիրառվել ե՛ւ կնոջ, ե՛ւ դստեր նկատմամբ. «Մենք գտնում ենք, որ բացի ֆիզիկական բռնությունից, եղել է նաեւ հոգեբանական եւ սեռական բռնություն: Ցավոք, առաջին ատյանը գնահատական է տվել միայն ֆիզիկական բռնության մասով, պատիժը խիստ անհամաչափ է, հաշվի չի առնվել ծանրացուցիչ հանգամանքները՝ ալկոհոլի ազդեցության տակ է եղել»,- ընդգծում է տուժողի իրավահաջորդ Նոնա Գալստյանը:

Մեղադրյալ Կարեն Խեչոյանը դատարանից պահանջեց նիստն անցկացնել դռնփակ, քանի որ լրագրողների և իրավապաշտպան կազմակերպությունների ներկայությունն անցանկալի է,  նրանք խայտառակում են իր ընտանիքը, կայքերում գրելով և հանրայնացնելով իր ընտանիքին վերաբերող մանրամասներ: Բացի այդ խնդրեց դատարանից իրենց տրամադրել հանրային պաշտպան: Դատավորն ընդունեց հանրային պաշտպան տրամադրելու մասին միջնորդությունը, իսկ դռնփակ նիստն անցկացնելու մասին միջնորդությունը կքննվի հաջորդ նիստին, որին ներկա կլինի նաև հանրային պաշտպանը:

«Եթե հանակարծ ընտանեկան բռնությունների հետ կապված դատական նիստերը դռնփակ անցկացվելու միտում նկատվի, ապա սա շատ բացասաբար կարող է անդրադառնալ նման գործերի քննության վրա: Նախ պատշաճ և օբյեկտիվ քննության առումով, ինչպես նաև հասարակության իրազեկության առումով: Քանի որ նման գործերի լուսաբանումը հնարավորություն է տալիս հանրությանը գիտակցել, որ ընտանեկան հանցագործություններ նույնպես պետք է պատժվեն: Այս դեպքում նիստը դռնփակ անցկացնելու ոչ մի հիմք չկա», տուժողի իրավահաջորդ, փաստաբան Նոնա Գալստյանը:

Նիստը հետաձգվեց մինչ ապրիլի 12-ը, ժամը 12-ը: