Հայերեն

    Արմենիա հեռուստաընկերության “Սուր անկյուն” հաղորդաշարը Հունիսի 3-ի թողարկման ժամանակ անդրադարձել էր կին վարորդների մասնակցությամբ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարներին։ Հաղորդավար Վահե Ղազարյանը  թողարկման ընթացքում նկարագրելով   տեղի ունեցած վթարները հնչեցրել էր կանանց ուղղված վիրավորական և խտրական  արտահայտություններ, այդ թվում․ «Երբ ղեկին կին է՝ արդեն ֆորսմաժոր է», ապա նրա խոսքին հետևած Գագիկ Շամշյանի կանանց հանդեպ անհարգալից  և նվաստացնող արտահայտություններն ավելի հեռուն էին գնացել՝  «Նման վթարի հեղինակը կամ կին պետք է լինի, կամ հարբած տղամարդ», կամ․ «․․․ մեքենա վարելը ամենևին էլ խոհանոցում ուտելու շեդևր պատրաստելը չէ»:

    “Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան” սույն հաղորդումը դիտարկելով մեդիատարածքում կանաց նսեմացնող ու անարգող, խտրական և հասարակության մեջ առկա վտանգավոր կարծրատիպերն ամրապնդող, դիմել էր ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնին՝ ընդդեմ “Արմենիա” հեուստաընկերության։

    Օրերս մենք ստացել ենք պատասխանը, որում մասնավորապես ասվում է․“Մենք ընդունում ենք, որ “Սուր անկյուն” հաղորդման հունիսի 3-ի թողարկման մեջ հնչած՝ խնդրո առարկա ձևակերպումները կարող են խնդրահարույց լինել և դիտարկվել որպես կանանց իրավունքների սահմանափակում, ինչը անթույլատրելի է քաղաքակիրթ հասարակության համար։ Հավատացնում ենք, որ Արմենիա Հ/Ը հետամուտ է լինելու իր եթերում գենդերային հավասարության ապահովմանը”, – Արմենիա Թի-Վի ՓԲԸ Գլխավոր տնօրեն՝ Դավիթ Բաբախանյան։ Արմենիա.պատասխան

    Հուսով ենք, որ “Արմենիա”Հ/Ը հավատարիմ կմնա իր խոստմանն ու նոր որակի հաղորդումներ կհեռարձակի, որոնք զերծ կլինեն խտրականության դրսևորումներից և կհամապատասխանեն գենդերային հավասարության սկզբունքներին։