Հայերեն

    Ապրիլի 14-ին,  Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի  ունենցավ  Նարինե Նիկողոսյանի երեխային առանց մոր համաձայնության նրանից ապօրինաբար բաժանելու գործով դատական նիստը: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Ծնողներից երեխային ապօրինի բաժանելը): Գործն արդեն 2 տարվա վաղեմություն ունի, և  2015 թվականին  հասել էր ՀՀ Վերաքննիչ-քրեական դատարան:  2015թ.-ին դատավոր ՀՀ Վերաքննիչ դատարանը  բեկանել էր Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Այժմ ևս Նարինե Նիկողոսյանի գործը քննվեց  Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում: Տեղի  ունեցավ  գործի նյութերի հետազոտում: Ըստ դիմումատու Նարինե Նիկողոսյանի ներկայացուցիչ Լեռնիկ  Հովհաննիսյանի նախաքննության փուլում հարցաքննվել է գործում ներգրավված մարդկանց միայն մի մասը, ինչը ոչ բավարար է ամբողջական պատկերն ունենալու համար: Նաև՝ չի կատարվել երեխայի գենետիկ հետազոտություն, պատշաճ չեն հարցաքննվել հիմնական դերակատարներից ոմանք, այդ թվում բժիշկը և երեխայի անմիջական առևանգման մեջ կասկածվող Հերմինե Աղաբաբյանը: Միևնույն ժամանակ ծննդաբերությունից վեց ամիս անց բժշկական կենտրոնը տվել է տեղեկանք, ըստ որի Նարինեն առողջական խնդիրներ չի ունեցել: Այնինչ ճիշտ հակառակն է: Փաստաբանը  պնդում էր, որ քննվող գործի դիմումատուն՝ երեխային վերաբերող փաստաթղթերը ստորագրելիս  եղել է առողջական ծանր վիճակում:

    «Այնպես վստահ նկարագրում եք Նարինեի վիճակը, կարծես եղել եք նրա կողքին՝ ծննդաբերելուց հետո», – կոշտ առարկեց  Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ  Գրիգորյանը՝  Նարինե Նիկողոսյանի ներկայացուցիչ Լեռնիկ Հովհաննիսյանին:

    Րոպեներ անց փաստաբան Լ.Հովհաննիսյանը գտավ Նարինե Նիկողոսյանի հետծննդյան վիճակն արձանագրող փաստաթուղթը, որը նրան տրվել է դուրսգրման պահին: Բժշկական տեղեկանքում գրված էր, որ Նարինեն եղել է վատառողջ և ունեցել է երիկամների հետ կապված խնդիրներ:  Սակայն այս և այլ փաստական հանգամանքներ պատշաճ քննության չեն արժանացել ոչ նախաքննության փուլում, ոչ էլ՝ դատական երկարատև գործընթացի ժամանակ: Այս դատական նիստը ևս բացառություն չէր, և դատավոր Դ.Գրիգորյանի որոշմամբ հայցը մերժվեց: «Ընդամենը 10 րոպեյում նման որոշում կայացնել հնարավոր չէ, արդեն իսկ պարզ է, որ որոշումը պատրաստ էր դատական նիստի սկսվելուց առաջ», -նիստից հետո հայտարարեց Նարինե Նիկողոսյանի ներկայացուցիչ Լ.  Հովհաննիսյանը:

    Հիշեցնում ենք, որ արդեն 2 տարի է Նարինեն փորձում է վերադարձնել իր երեխային՝ դիմելով դատական տարբեր ատյաններ: Է. Ադյանը, չլինելով երեխայի գենետիկական հայրը՝ խարդախությամբ ճանաչել է երեխայի հայրությունն, ու երեխային Հայաստանից դուրս տարել:

    2015 թվականին գործը հասել էր ՀՀ Վերաքննիչ-քրեական դատարան և 2015թ. մայիսի 15-ին դատավոր Արղամանյանի որոշմամբ բեկանվել էր Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Այժմ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը կայացրեց Նարինե Նիկողոսյանի շահերին հակասող որոշում, որը բողոքարկման ենթակա է ՀՀ դատական օրենսդրության համաձայն: