Հայերեն

«Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ»-ի քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 25-ին, ժամը 12:30-ին «Չլինել անտարբեր բռնության հանդեպ» քայլարշավով։ Երթը կմեկնարկի Տերյան 105 հասցեից՝ Երևանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի (Պոլիտեխնիկական համալսարանի) բակից, և կշարժվի հետևյալ երթուղով՝ մետրո Երիտասարդական, Ալեք Մանուկյան փողոց, Խանջյան փողոց և կավարտվի Մանկավարժական համալսարանի մոտ:

Ըստ մեր հետազոտությունների՝ գենդերային հիմքով կարծրատիպերը ոչ միայն խոչընդոտում են կանանց և աղջիկների ներգրավվածությանը որոշումների կայացման գործընթացներում՝ քաղաքականության, տնտեսության և մի շարք այլ կարևոր օղակներում, այլև հանգեցնում են գենդերային հիմքով կամ ընտանեկան բռնության: Անմասն չի մնում նաև կրթական համակարգը, հաճախ այն դառնում է անհասանելի և վերարտադրում նույն կարծրատիպերը։ Եվ քանի որ սոցիալապես ակտիվ և պատասխանատու քաղաքացիների կերտումը որոշակիորեն կախված է ԲՈՒՀ-ական համակարգից, այս տարի մենք ջատագովության և քարոզարշավի միջոցառումներ կիրականացնենք՝ ուղղված երիտասարդությանը։

«Ըննդեմ գենդերային բռնության 16-օրյակ»-ը համաշխարհային շարժում է, որն ուղղված է կանանց դեմ բռնության բոլոր ձևերի վերացմանը: Նոյեմբերի 25-ից մինչև դեկտեմբերի 10-ն անցկացվող միջոցառումների շրջանակում մարդիկ հնարավորություն են ստանում համատեղելու իրենց ջանքերն ըննդեմ գենդերային բռնության։ Քարոզարշավը տարեցտարի նոր թափ է ստանում և ավելի շատ մարդիկ են իրենց ձայնը բարձրացնում կանանց դեմ ուղղված բռնության դեմ պայքարին: Քարոզարշավն ուղղված է ամբողջ աշխարհի կանանց և աղջիկների նկատմամբ բռնության նվազեցմանը, կանանց իրավունքները բարձրաձայնելուն և նրանց ձայնը լսելի դարձնելուն:Գենդերային բռնության դեմ ակտիվության 16-օրյակը սկսվում է նոյեմբերի 25-ին՝ Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի միջազգային օրը և ավարտվում դեկտեմբերի 10-ին` Մարդու իրավունքների միջազգային օրը: 16-օրյակը ներառում է նաև այլ կարևոր օրեր. նոյեմբերի 29՝ Կանանց իրավունքների պաշտպանների միջազգային օր, դեկտեմբերի 1՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր, դեկտեմբեր 6՝ Մոնթրեալի կոտորածի օր: