Այսպիսի բացահայտ սեքսիստական դրսևորումները հայաստանյան բարձրաստիճան պաշտոնյաների համար դարձել են սովորական․ թե՛ նախկին, թե՛ ներկա պաշտոնյաները օգտագործել են սեքսիզմը որպես կին լրագրողներին նվաստացնելու միջոց (hիշենք նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի` «Ես քո մեջ կին չեմ տեսնում» արտահայտությունը, որի վերաբերյալ ևս Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան հանդես եկավ կոշտ հայտարարությամբ)։
Փաստացի, իշխանավորները փոխվում են, կանանց ճնշելու և նվաստացնելու գործիքակազմը մնում է նույնը։ Հայաստանը դեռևս 1993 թվականին վավերացրել է «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան, ՀՀ սահմանադրության 30-րդ հոդվածը հռչակում է կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը, արդեն տարիներ շարունակ երկրում գործում է «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքը, որի 6-րդ հոդվածը սահմանում է գենդերային խտրականության արգելք: Սեքսիզմի կանխարգելման ուղղությամբ որոշակի քայլեր են ամրագրված ՀՀ գենդերային քաղաքականության իրականացման 2019-2023 թվականների ռազմավարության մեջ: Այդուհանդերձ, երկրի օրենսդիր մարմնում շարունակվում են սեքսիզմի դրսևորումները։
Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան հայտնում է իր մտահոգությունը և պահանջում Անդրանիկ Քոչարյանի սեքսիստական վարքը քննել ԱԺ էթիկայի հանձնաժողովում։